Մեր երկրի կառուցման համար չպետք է խնայենք ոչինչ

հրաչՄուրադՕգոստոսի 23-ը ազատամարտիկ, Պռոշյանի նախկին գյուղապետ, դաշնակցական Հրաչ Մուրադյանի ծննդյան օրն է:

Հրաչ Մուրադյանը ծնվել է 1963 թվականին, Գամշլիում, Սիրիա։ 1966-ին ընտանիքով տեղափոխվել է Պռոշյան գյուղ։ Ավարտել է Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան պետական համալսարանը։ 2005 թվականից Պռոշյան գյուղի գյուղապետն էր, ամուսնացած էր, ուներ երկու դուստր՝ Նարե, Հայկուհի և երկու որդի՝ Գևորգ, Կարոտ։

1989թ-ից Արցախյան շարժման ակտիվ մասնակից էր, Պռոշյանի կամավորական ջոկատի հիմնադիրներից մեկը։

1990-ից համալրել էր ՀՅԴ շարքերը։ Լեգենդար Պետրոս Ղևոնդյանի` Կարոտի հետ անցել էր ազատամարտի բոլոր ճակատներով՝ Շահումյանիցմինչև Ֆիզուլի։

Պարգևատրվել է «Մարտական Խաչ» երկորոդ աստիճանի մեդալով և մի շարք այլ պարգևներով ու մեդալներով։

«Մեր երկրի կառուցման համար չպետք է խնայենք ոչինչ, պետական մտածելակերպ դրսևորենք և լավ հայ լինելու պատվին արժանանանք։ Փոքր ազգ լինելու հանգամանքը մեզ ավելի պիտի պարտադրի հայրենասեր, ազգասեր ու միասնական լինել – ասում էր Հրաչ Մուրադյանը։

2013-ի ապրիլի 2-ին Պռոշյանի համայնքապետարանի դիմաց հայտնաբերվեց գյուղապետ Հրաչ Մուրադյանի դին:

Դեպքի վայր մեկնած օպերատիվ-քննչական խումբը պարզել էր, որ Մուրադյանը մահացել է աջ քունքի շրջանում ստացած հրազենային վնասվածքից: Նույն օրը ոստիկանության Կոտայքի մարզի քննչական բաժնում հարուցվեց քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի (սպանություն, որը կատարվել է անձի կամ նրա մերձավորի՝ կապված այդ անձի կողմից իր ծառայողական գործունեության կամ հասարակական պարտքի կատարման հետ) եւ 235 հոդվածի 1-ին մասի (ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից և դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) հատկանիշներով:

Դեպքից երկու օր անց` ապրիլի 4-ին, սպանությունը կատարելու կասկածանքով ձերբակալվեցին նույն գյուղի բնակիչներ Արայիկ եւ Արտակ Պետրոսյանները: Սակայն որոշ ժամանակ անց երկուսն էլ ազատ արձակվեցին:

Նշենք, որ Պռոշյանի համայնքի ղեկավար Հրաչ Մուրադյանի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը դեռ շարունակվում է ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում:

Առ այսօր գործով այլ մանրամասներ իրավապահները չեն հայտնում, ինչը թույլ է տալիս մտածել, որ հանցագործության բացահայտումը գուցե եւ միտումնավոր սխալ ուղղությամբ է տարվել և գործն այսօր փաստացի՝ փակուղում է:

Տպել Տպել