Մենք քարոզչական աշխատանք ենք ծավալելու համապատասխան ձեւաչափով

20 կողմ, 7 դեմ, 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ՝ հունվարի 17-ին կայացած ԼՂՀ Ազգային ժողովի արտահերթ նիստում ընդունվել է «Արցախի Հանրապետության Սահմանադրությունը հանրաքվեի դնելու մասին» օրենքը:

Այս թեմայի շուրջ «Ապառաժ»-ը զրուցել է ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ, ԼՂՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Դավիթ Իշխանյանի հետ:

-«Դաշնակցություն» խմբակցությունը դեմ քվեարկեց Սահմանադրության նոր նախագծին: Կառույցի ներկայացրած ո՞ր առաջարկների ընդունման դեպքում դուք կողմ կքվեարկեիք:

-Երեք կարեւոր սկզբունքներ կան, որոնցով մենք առաջնորդվել ենք ամբողջ այս մեկ տարվա ընթացքում, երբ ի հայտ եկավ Սահմանադրական բարեփոխումների գործընթացը:

Մեր պատկերացումներով՝ այն, ինչ որ պետք է տեղի ունենար, չպետք է սահմանադրական կարգի խարխլման որոշակի երեւույթներ պարունակեր:
Ազգային նպատակների իրականացման ճանապարհին մենք չպետք է որոշակի կասկածներ հարուցենք, պետք է Սահմանադրությամբ է՛լ ավելի ամրապնդենք մեր ազգային նպատակները:
Ժողովրդավարական սկզբունքներից նահանջ չպետք է արձանագրվի, եւ նոր Սահմանադրությունը պետք է հանդիսանա ժողովրդավարական սկզբունքների խորացման հիմք:
Վերը նշված սկզբունքներից ելնելով՝ ՀՅԴ կառույցը իր սկզբունքային եւ առանցքային պահանջների մեջ ի սկզբանե նախանշել է հինգ կետեր եւ հինգ ուղղություններ՝ Սահմանադրության ներածական բաժին, կառավարման համակարգ, համաժամանակյա ընտրություններ, տեղական ինքնակառավարում եւ երկրի տարածքային ամբողջականության ամրագրում:

Ե՛վ դիտարկումների, ե՛ւ առաջարկությունների ներածական բաժնում, ինչպես նաեւ տեղական ինքնակառավարման բաժնի վերաբերյալ որոշ առաջարկներ ընդունվեցին:

Սակայն հիմնականում չընդունվեցին երկրի կառավարման համակարգին եւ համաժամանակյա ընտրություններին վերաբերող դրույթները, ինչին մենք դեմ ենք: Իսկ երկրի սահմանների ամրագրման հարցում մենք ավելի արմատական առաջարկ ունեինք: Ղարաբաղյան հիմնահարցի հետ առնչվող այդ կետը պետք է իր ամբողջական ամրապնդումն ունենար նաեւ Սահմանադրության մեջ՝ որպես հիմնական կետ եւ հիմնական դրույթ:

Ի սկզբանե Դաշնակցությունը կողմնակից էր երկրի կառավարման խորհրդարանական համակարգին, որը նկատվում է որպես ժողովրդավարության սկզբունքներին ավելի համահունչ համակարգ:

Մեր համոզմամբ՝ այս նախագծով արձանագրվում է ժողովրդավարական սկզբունքների նահանջ:

– Արցախի Սահմանադրության նախագծին կողմ քվեարկեցին իշխանության մաս կազմող մյուս երկու ուժերը: Դաշնակցությունը, մաս կազմելով հանդերձ, դեմ քվեարկեց Սահմանադրությանը: Կարո՞ղ է դա արդյոք Դաշնակցության համար ընդդիմադիր դառնալու նախադրյալ լինի:

– Շատ զարմանալի եւ արհեստական մի մթնոլորտ է ձեւավորվել իշխող համակարգի եւ քաղաքական որոշ ուժերի մոտ, որ Դաշնակցությունը, Սահմանադրությանը դեմ քվեարկելով, որդեգրելու է ընդդիմության դաշտ գնալու ճանապարհը: Սա անտրամաբանական է: Թեեւ Դաշնակցությունը միշտ էլ կողմնակից է եղել խորհրդարանական կառավարման համակարգին, սակայն, ներկա՝ գործող կիսանախագահական համակարգը Դաշնակցությանը չի սահմանափակել իշխանության հետ ժամանակին համագործակցելու, իշխանության մեջ լինելու եւ իշխանության լիարժեք մաս կազմելու հանգամանքին: Կառավարման համակարգին դեմ լինելը չի կարող կառավարման գոծընթացին չմասնակցելու պատճառ դառնալ: Մենք կիսանախագահական համակարգում մասնակցել ենք այս կամ այն ընտրություններին եւ կարողացել ենք որդեգրել քաղաքական ուղեգիծ, որի արդյունքում արդյունավետ համագործակցություն ենք ունեցել իշխանությունների հետ: Զարմանալի է, որ ներկա դրությամբ շահարկվում է Դաշնակցության դիրքորոշումը, որն, ըստ մեզ, հետապնդում է ոչ ազնիվ քաղաքական նպատակներ:

Բնականաբար, այս նախագիծը դրվելու է ժողովրդական հանրաքվեի: Մենք եւս մեր տեսակետը փորձելու ենք դարձնել ժողովրդի սեփականություն՝ Արցախին բնորոշ ժողովրդավարական սկզբունքների հիման վրա: Ժողովրդի կամքը միշտ էլ ընդունելի է եղել մեզ համար: Անցկացվելիք հանրաքվեի արդյունքները եւս ընդունելի են լինելու. ժողովուրդը դատավոր:

Մեզ համար, որպես ժողովրդավարության ջատագով եւ սկզբունքային կողմնակից, ժողովրդի կողմից ցուցաբերած կամքը լինելու է ուղենիշ:

-Որո՞նք են լինելու Դաշնակցության հետագա քայլերը:

-Բնականաբար, մենք պետք է առաջին իսկ քայլերով մեր համակուսակցական եւ համակիր շրջանակներում որոշակի աշխատանք տանենք, նաեւ՝ այն քարոզչական աշխատանքը, որ ենթադրում է մեր կեցվածքի եւ դիրքորոշման դրսեւորումը: Մեր դիրքորոշման դրսեւորման արդյունքում մենք պետք է կարողանանք այդ ամենը հասու դարձնել նաեւ մեր հասարակությանը:

-Վերջերս հրապարակված սոցիոլոգիական հարցումների արդյունքների մեջ մենք ականատես եղանք, որ ՀՅԴ Արցախի կառույցի դաշնակցականների 80 տոկոսից ավելին երկրի կառավարման համակարգը պատկերացնում են նախագահական կառավարման համակարգի մեջ: Ինչպե՞ս կմեկնաբանեք։

-Թույլ տվեք չհամաձայնվել: Հրապարակված արդյունքները կասկածանքի եւ թերահավատության առիթ են տալիս: Մենք լավ ենք ճանաչում մեր կուսակցական ընկերներին եւ համակիր շրջանակներին: Մենք գիտենք, թե մեր ընդհանուր գործունեությունը եւ ազդեցության ոլորտն ինչպիսինն է:

Մենք քարոզչական աշխատանք ենք ծավալելու համապատասխան ձեւաչափով մեր տեսակետները հասարակության սեփականությունը դարձնելու համար:

Այդ բոլորը առաջիկա օրերի քննարկումների խնդիր է, որին ձեռնամուխ կլինի ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեն՝ ստեղծելով համապատասխան մեխանիզմ: Մենք մեզ համար կուրվագծենք մեր ճանապարհային քարտեզը:

Հարցազրույցը վարեց Լուսինե Թեւոսյանը

aparaj.am

Տպել Տպել