Մեզ համար մութ մնաց, թե ինչու Արցախի իշխանություններն ընտրեցին նախագահական մոդելը

Արցախի ՀՅԴ-ի համար մութ է մնացել այն հարցը, թե ինչու իշխանությունները վերջիվերջո ընտրեցին կառավարման նախագահական մոդելը:

«Ժամանակի ընթացքում խորհրդարանում իշխանություն ներկայացնող ուժերն այն մոտեցումն ունեին, որ պետք է խորհրդարանական համակարգի անցնել, ինչպես որ Հայաստանում եղավ, բայց հետագայում չգիտեմ՝ ինչի հետեւանք էր դա, որ ընտրեցին նախագահական համակարգը, այս հարցը մեզ համար մութ մնաց: Փաստն այն է, որ տեսակետներ են փոխվել, բայց մենք մնացել ենք մեր տեսակետին»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ-ական Վահրամ Բալայանը:

Արցախցի պատգամավորի խոսքով՝ իրենց համար ընդունելին մնում է խորհրդարանական մոդելը, որը հնարավորություն կտա տնտեսությունը զարգացնել, ժողովրդավարությունը մեծացնել:

Նշենք, որ Արցախում Սահմանադրական բարեփոխումներին ի սկզբանե կողմ էր ՀՅԴ-ն: Կարելի է ասել, որ հենց նրանք նախաձեռնեցին բարեփոխումները եւ սպասվում էր, որ իշխանությունների կողմից կընտրվեր կառավարման խորհրդարանական համակարգը, սակայն վերջին պահին ամեն ինչ փոխվեց: Փետրվարի 20-ին հանրաքվեի է դրվելու նախագահական համակարգին անցնելու հարցը: Կարծիք կա, որ Բակո Սահակյանն այսպես ապահովում է իր հետագա պաշտոնավարումը: Վահրամ Բալայանը համաձայն չէ՝ եթե վերարտադրման խնդիր լիներ, կընտրվեր կառավարման խորհրդարանական համակարգը:

news.am

Տպել Տպել