Համայնքների առջև խնդիր է դրվել 2017 թ. ընթացքում 20 տոկոսով ավելացնել տարեկան բյուջեները և էլ ավելի հստակեցնել միջոցների բաշխումը

Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում հունվարի 31-ին շարունակվել է ՀՀ պետական կառավարման մարմինների գնահատված կատարողականների և ՀՀ կառավարության 2016 թ. գործունեության միջոցառումների ծրագրի ու գերակա խնդիրների կատարման մասին հաշվետվությունների քննարկումը։

2016 թ. միջոցառումների ծրագրի և գերակա խնդիրների իրականացման արդյունքների մասին զեկուցել են ՀՀ կրթության և գիտության, ՀՀ գյուղատնտեսության, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման, ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարները, ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահը, Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետը:

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը զեկուցել է, որ հաշվետու տարում ՀՀ կառավարության հավանությանն է արժանացել ՀՀ 2016-2025 թթ. տարածքային զարգացման ռազմավարությունը, որը նախատեսում է տարածքների մրցունակության բարձրացում և մարզերի միջև առկա սոցիալ-տնտեսական անհամաչափությունների մեղմում։ Դրա իրագործման շրջանակում ԵՄ-ի հետ համագործակցության արդյունքում մեկնարկել են 7 պիլոտային տարածաշրջանային զարգացման դրամաշնորհային ծրագրեր՝ շուրջ 10 մլն եվրո ընդհանուր արժեքով: Հավանություն է տրվել նաև ՀՀ 2017-2036 թթ. կոշտ կենցաղային թափոնների կառավարման համակարգի զարգացման ռազմավարությանը: Կատարելագործվել է համայնքի հնգամյա զարգացման ծրագրի մշակման և կառավարման մեթոդաբանությունը. 2017 թ. հունվարի 10-ի դրությամբ մոտ 625 համայնքի ավագանի հաստատել է համայնքների հնգամյա զարգացման ծրագրերը: Մշակվել է համայնքների բյուջեների կազմման մեթոդաբանությունը:

Դավիթ Լոքյանը, խոսելով 2017 թ. գերակա խնդիրների մասին, ասել է, որ ընթացիկ տարում աշխատանքներ են տարվելու մարզերի զարգացման ռազմավարությունների մշակման, համայնքներում մատուցվող տարբեր ծառայությունները մասնավոր հատվածի կառավարմանը հանձնելու, աղբահանության գործընթացի կանոնակարգման ուղղությամբ: Համայնքների առջև խնդիր է դրվել 2017 թ. ընթացքում 20 տոկոսով ավելացնել տարեկան բյուջեները և էլ ավելի հստակեցնել միջոցների բաշխումը: Տարածաշրջանների և գյուղական համայնքների զարգացման ծրագրեր են իրականացվելու նաև Եվրոպական միության օժանդակությամբ: Վարչատարածքային բարեփոխումների ծրագրի շրջանակում կիրականացվեն ներդրումային ծրագրեր խոշորացվող համայնքներում:

Վարչապետ Կարապետյանը կարևորել է տարածքային կառավարման ոլորտում վերլուծական խմբի ստեղծումը, որը պետք է թվայնացնի տարածքային կառավարման սուբյեկտը, հստակեցնի մարզպետների գործառույթները՝ բալանսավորելով պատասխանատվությունն ու պարտականությունները: «Անհրաժեշտ է ինտենսիվ աշխատել մարզպետների հետ՝ մարզերի և համայնքների զարգացման ծրագրերի իրականացման ուղղությամբ: Պետք է համայնքներից ընտրել չեմպիոններին և նրանց ամեն կերպ աջակցել: Պետք է ձևավորենք տարածքային կառավարման նոր մոտեցում, 2017 թվականի վերջին ունենանք հստակ բիզնեսային, պրագմատիկ, տրամաբանական ծրագիր յուրաքաչյուր մարզի և համայնքի համար»,- ասել է վարչապետը՝ ավելացնելով, որ անհրաժեշտ է սահմանամերձ համայնքների համար մշակել նաև կառավարության քաղաքականությունը՝ ուղղված խնդիրների լուծմանն ու աշխատատեղերի ստեղծմանը:

Աղբյուրը` ՀՀ կառավարության պաշտոնական կայք

Տպել Տպել