Կառավրությունը սպասում է գործարարների ծրագրերին

Հարցազրույց ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանի հետ

ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարության ներկայացրած 34 ներդրումային ծրագրերի ֆինանսավորումը կառավարության կողմից դրական եզրակացություն է ստացել: Ընդհանուր գերատեսչությունը կառավարությանն էր ներկայացրել 5 մարզերի համար 44 ծրագիր: Մարզային այդ ծրագրերի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցել է ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանի հետ:

-Պարո՛ն Լոքյան, մինչ օրս մարզերից քանի՞ ծրագիր եք ստացել:

-Մարզային հանդիպումներից հետո մենք խնդրել, առաջարկել եւ պահանջել ենք, որպեսզի գործարարները, ակտիվ քաղաքացիները կառավարությանը ներկայացնեն ծրագրեր: Նշեմ, որ կառավարությունում մեր նախարարությունն է մարզերից ստացվող հիմնական ծրագրեր ընդունող բլոկը: Ստացել ենք շուրջ 132 ծրագիր: Դրանք բազմաբնույթ ծրագրեր են՝ գյուղատնտեսության վերամշակում, տուրիզմ, էլեկտրոկայանների, հիդրոկայանների կառուցում, բարձր ավելացված արժեքով գյուղատնտեսական մշակաբույսերի արտադրություն եւ այլն: Այն ծրագրերը, որոնք իրենց մեջ պարունակում են մեծ ռիսկայնություն եւ առաջին հերթին վտանգավոր են տվյալ մասնավոր բիզնեսը կառավարող քաղաքացու համար, չեն ստանում դրական եզրակացություն:

–Կնշե՞ք, թե ծրագիրը նախարարություն ներկայացնելուց հետո հաջորդ քայլը ո՞րն է:

-Երկրորդ փուլում նախարարությունն այդ ծրագրերը բերում է ներդրումային ծրագրի տեսքի, որը հատուկ ձեւ ունի, որը մշակվել է մեր նախարարությունում, ներկայացվել է կառավարություն եւ փոխանցվել է բոլոր մարզեր եւ համայնքներ, որպեսզի բիզնեսով զբաղվող մարդը հասկանա, թե ինչ ձեւով է լրացնում իր առաջին հայտը: Ապա ծրագրերը մեր նախարարությունից փոխանցվում են գյուղատնտեսության եւ տնտեսական զարգացման ու ներդրումների նախարարություններ` 5-օրյա ժամկետում ուսումնասիրության համար, որից հետո 7-օրյա ժամկետում` Կենտրոնական բանկ: Ապա ծրագրերը նորից փոխանցվում են մեր նախարարություն եւ ներկայացվում կառավարություն: Օրինակ՝ մենք առաջին 5 մարզերի համար կառավարությանն ենք ներկայացրել 44 ծրագիր, որից 34-ը ստացել է դրական եզրակացություն: Իսկ դրական եզրակացություն ստացած յուրաքանչյուր ծրագրի համար ֆիքսված են ժամկետներ: Օրինակ՝ շինշիլագործության ծրագրի համար 20-օրյա ժամկետ է տրված, եւ գյուղատնտեսության նախարարությունը պետք է ապահովի տվյալ ծրագիրն ընթացքի մեջ մտնելու հարցը:

–Իսկ այն ծրագրե՞րը, որոնք բիզնեսի տեսանկյունից թույլ են ու անհեռանկարային…

-Գործադիրում քննարկվում են նաեւ այն առաջարկները, որոնք բիզնես տեսանկյունից թույլ են. այս դեպքում խորհրդատվություն է տրամադրվում: Իհակե, դեռեւս շատ գործարարներ, ովքեր հեռավոր բնակավայրերում ուզում են սկսել իրենց բիզնեսը, փոքր-ինչ թերահավատ են պետություն-համայնք-մասնավոր համագործակցության հարցում: Այսօր էլ մարզերից գործարարները կարող են դիմել նախարարություն, մարզպետարաններ, եթե ունեն գործարար ծրագրեր, եւ դրանք անպայման կուսումնասիրվեն եւ կքննարկվեն:

–Բացի բիզնես-ծրագրերը քննարկելուց եւ ուսումնասիրելուց՝ պետությունը բիզնեսմենին ի՞նչ հարցերում է օգնում:

-Եթե որեւէ գյուղում բիզնեսմենը փորձում է ստեղծել, ենթադրենք, պանրի արտադրամաս, պետությունը պարտավորվում է էլեկտրականության, գազի, ջրի եւ ճանապարհի որոշակի խնդիր լուծել ընդհանրապես բիզնես ծրագրի մինչեւ 30 տոկոսի չափով, որպեսզի հեշտացնի գործարարի գործը: Գործարարը պետք է ունենա տրանսֆորմատոր, պետք է ունենա բարձրավոլտից ցածրավոլտ իջեցնող համապատասխան սարքավորումներ, պետք է սյուներով այդ հոսանքը բերի արտադրական կառույց, պետք է գազաֆիկացնի կառույցը, ջուր պետք է ունենա, արտադրական ձեռնարկության պայմաններ եւ այլն: Այս հարցերում է պետությունը օգնում:

–Պարո՛ն Լոքյան, այսօր հայաստանցի գործարարին մտահոգող գլխավոր հարցերից մեկը կապված է վարկային բարձր տոկոսադրույքների հետ: Այս հարցում աջակցություն լինելո՞ւ է, թե՞ ոչ:

-Երբ մենք շփվում ենք բիզնեսի հետ, բիզնեսի հիմնական պահանջը սա է՝ ունենալ ցածր տոկոսադրույքով վարկեր: Մեր տնտեսվարողները կունենան վարկային ավելի ցածր տոկոսադրույքներ, գրավադրման ավելի հեշտ պայմաններ եւ մշտական պետական աջակցություն, որպեսզի կարողանան իրենց սկսած գործը դնել բարեհաջող ընթացքի մեջ: Պետությունը ստեղծում է, փաստորեն, որոշակի ֆոնդ, որի միջոցով ինքը մասնավոր հատվածում գործող բանկերի` բարձր տոկոսադրույքով վարկերը պետք է ֆինանսավորի եւ ցածր տոկոսադրույքով դրական եզրակացություն ստացած ծրագրերի բիզնեսմեններին տրամադրի: Ենթադրենք՝ այսօր վարկային միջոցները տրամադրվում են 13, 14, 15 եւ ավելի բարձր տոկոսադրույքով, պետությունը կորոշի՝ այս ծրագիրը ինչքանով է հեռանկարային, ինչքանով է անհրաժեշտ մեր երկրին, եւ կարող է մինչեւ 6 նիշով ֆինանսավորել տվյալ վարկը եւ իջեցնել բիզնեսմենի ծախսերը: Նաեւ՝ որ վարկերն ունենան ,գրեյս պիրիուդե (արտոնյալ ժամանակահատված), որպեսզի անմիջական մարումը չսկսի, եւ նաեւ վարկերի մարման ժամկետը 5 եւ ավելի տարիների դաշտում տեղավորվի:

Զրուցեց ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ

«Ժողովուրդ» օրաթերթ

armlur.am

Տպել Տպել