Դպրոցի տնօրենը իրավունք չունի ստիպել ծնողներին կամ ուսուցիչներին քվեարկել իր օգտին

Կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը ընտրություններից առաջ շրջաբերական է ուղարկելու դպրոցներ, որ դպրոցներում չզբաղվեն քարոզչությամբ:

Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է նախարար Մկրտչյանը:

«Դպրոցի տնօրեններին որեւէ մեկը չի արգելում կուսակցական պատկանելություն ունենալ, բայց ընտրություններին չպետք է օգտագործեն իրենք կուսակցական պատկանելությունը եւ քարոզչություն իրականացնեն դպրոցներում: Ընտրություններից առաջ շրջաբերական եմ ուղարկելու, որ կատեգորիկ արգելվում է, որ դպրոցական համակարգը մասնակից դառնա ընտրական գործընթացներին: Փաստեր տվեք մենք անմիջապես կզբաղվենք եւ ասեք` որ դպրոցն է քարոզչությամբ զբաղվում, մենք ընթացք կտանք»,-ասաց նախարարը:

Դիտարկմանը` տարիներ շարունակ դպրոցներում ուսուցիչներն ու տնօրենները ցուցակագրում են աշակերտների ծնողներին` որպես պոտենցիալ քվե, ինչպես են այս երեւույթի դեմ պայքարելու, նախարարն արձագանքեց. «Եթե կոնկրետ փաստ ունեք` տվեք, մենք կարող ենք զբաղվել: Քաղաքական մշակույթի մեջ ներգրավված են մեծ մասամբ մտավորական մարդիկ, որոնք աշխատում են բժիշկ տնօրեն, դասախոս, մենք չենք կարող մարդկանց արգելել կուսակցական պատկանելիություն ունենալ: Դպրոցի տնօրենը իրավունք ունի ընդգրկվի ընտրական ցուցակում, նա իրավունք չունի օգտագործի իր պաշտոնական դիրքը` ստիպելով ծնողներին կամ ուսուցիչներին քվեարկելու իր օգտին: Դրա համար մենք պետք է ամեն ինչ անենք, որ չլինի: Շրջաբերականը ուղղում ենք, պարտադիր պահանջում ենք, որպեսզի դպրոցներում արգելվի հանդիպում ընտրողների հետ, եթե տնօրենը լինի ցուցակի մեջ»,-նշել է Լեւոն Մկրտչյանը:

Նրա խոսքով` եթե մարդիկ կոնկրետ բողոքներ, փաստեր չներկայացնեն եւ պարզապես խոսակցություններ լինեն, որ կրթական հասատատություններում այս կամ այն կուսակցության օգտին քարոզչություն է իրականացվում, ապա ստուգումներ կիրականացնեն:

news.am

Տպել Տպել