«Համազասպ Սրվանձտյանց» աշխատության շնորհանդեսը ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում

Սույն թվականի փետրվարի 17-ին, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Պատմության ինստիտուտում տեղի ունեցավ պատմական գիտությունների դոկտոր Գեւորգ Ստեփանյանի հեղինակած «Համազասպ» աշխատության շնորհանդեսը: Միջոցառման ժամանակ բացման խոսքով հանդես եկավ ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը: ՀՅ Դաշնակցության կողմից ողջույնի խոսք ասաց ՀՅԴ Մամլո դիվանի պատասխանատու Արտաշես Շահբազյանը:

Այնուհետեւ ելույթ ունեցան ՀՀ ԳԱ Ակադեմիայի թղթակից անդամ Ալբերտ Խառատյանը, Պատմության ինստիտուտի փոխտնօրեն Կարեն Խաչատրյանը, Երեւանի Պետական Համալսարանի պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը, Վեմ համահայկական հանդեսի խմբագիր Գեւորգ Խուդինյանը, Պատմության ինստիտուտի աշխատակից Գայանե Մախմուրյանը, եւ Համազասպի ծոռնուհի Նինա Ցագարելին : Մենագրության հեղինակը եզրափակիչ խոսքում շնորհակալություն հայտնեց գրքի հովանավորությունը ստանձնած Իրանի հարավային շրջանի ՀՅԴ Կենտրոնական կոմիտեին:

Միջոցառմանը առանձնակի ջերմություն հաղորդեցին Սահակ Սահակյանի կատարմամբ հնչած ազգային-հեղափոխական երգերը:

Ներկայացնում ենք ՀՅԴ Մամլո դիվանի պատասխանատու Արտաշես Շահբազյանի ողջույնի խոսքը:

Հարգելի բարեկամներ, ներկաներ մեզ ներկայացվող աշխատությունը առիթ է մեկ անգամ եւս հաստատելու, որ պատմագետների ներկա սերնդի ուսերին ծանրացած է հայ ժողովրդի պատմության գրավոր էջերը սրբագրելու, գաղափարական եւ քաղաքական շարժառիթներով թելադրված կեղծիքն ու աղճատումները բացահայտելու եւ ճշմարտությունը վեր հանելու պատասխանատու պարտականությունը: Ի դեպ պիտի արձանագրել, որ հայագիտության այս ոլորտում բարեբախտաբար այսօր գերիշխում է ազգային առողջ մտածողությունը եւ այն ինչի մասին ակնարկեցի իսկապես ընթացքի մեջ է: Այս գործի անհրաժեշտությունը կարեւորվում է ոչ միայն ի շահ պատմական ճշմարտության եւ պատմական գիտության, այլ ունի քաղաքական կարեւոր նշանակություն: Հատկապես նկատի ունենալով աշխարհաքաղաքական ներկա բարդ իրողությունները: Այսօր այս տարածաշրջանում մենք մեր պատմական տեղն ու իրավունքները փաստելու հրամայականի առջեւ ենք կանգնած եւ այս իմաստով հատկապես կարեւորվում է նորագույն պատմության շրջադարձային եւ մեզ համար ճակատագրական ժամանակահատվածի իրադարձությունների անաչառ մեկնաբանությունը եւ դրանց գնահատումները: Նկատի ունենանք, որ հենց այս ժամանակաշրջանն է հատկապես կեղծվել եւ ներկայացվել որոշակի տեսանկյունից, ինչը պետք է արդարացներ տեղի ունեցած ոճիրներն ու անարդարությունները եւ այն ողբերգական հետեւանքները, որոնք բաժին հասան հայ ժողովրդին: Պատմությունը պատմաշինարարների ձեռքով գլխիվայր այնպես շուռ տրվեց, որ ազգային ուժերն ու գործիչները «դարձան» դավաճաններ, իսկ օտար զավթիչներն ու նրանց հայ դրածոները Հայաստանի եւ հայության ազատարարներ:

Եւ որքան էլ արտառոց թվա առ այսօր, նույնիսկ մեզանում, շատ կեղծ թեզեր գտնում են իրենց մեկնաբաններին: Խոսք վերաբերում է մասնավորապես 20-երրորդ դարասկզբի մի շարք իրադարձությունների՝ այդ թվում փետրվարյան ապստամբությանը՝ դրա պատճառներին ու հետեւանքներին: Դեռ ոմանք պնդում են, իբր եթե օրվա առաջնորդող ռազմաքաղաքական ուժը չձգձգեր առճակատումները եւ ժամանակին հանձներ իշխանությունը բոշեւիկներին այսօր կունենայինք այլ սահմաններ եւ այլ ճակատագիր: Այնինչ հենց մեր օրերում Ղարաբաղի շուրջ ծավալվող իրադարձությունները փաստում են, որ նույնիսկ մեր կամքից ու քաղաքական կողմնորոշումներից անկախ մեծ շահերը մնում են գերակա: Եւ կրկին անգամ համոզվում ենք, որ միայն ազգային շահերի խոր գիտակցմամբ եւ սեփական ուժի գործոնի հակադրմամբ կարող ենք պաշտպանել մեր իրավունքները:

Սիրելի բարեկամներ այս բոլոր դատողությունները ոչ թե շեղում էին այսօրվա ասելիքից, այլ եզրակացություններ էին, որ ծնվեցին պատմական գիտությունների դոկտոր Գեւորգ Ստեփանյանի «Համազասպ» ներկայանալի աշխատության հետ ծանոթանալուց հետո:

Աշխատությունը նվիրված է հայ ժողովրդի ազգային ազատագրական պայքարի եւ անկախ պետականության վերականգման գործի քաջարի հերոսներից մեկին: Միաժամանակ բուռն կենսագրությանը հետամուտ հեղինակը լուսաբանում է այն բարդ ու հակասական ժամանակաշրջանը, որի լայն կտավի վրա խաղարկվել է պատմական ժամանակաշրջանի դրաման:
Աշխատության ծավալն իսկ հուշում է, որ կատարվել է տքնաջան աշխատանք: Այս ասելով նկատի ունեմ, որ Գեւորգ Ստեփանյանը ոչ թե պարզապես մեկտեղել ու ներկայացրել է ասպարեզում եղած նյութերը, այլ կատարել է փաստերի ու նյութերի հավաքման, հայտնաբերման տարիների համբերատար ու բծախնդիր աշխատանք եւ արդյունքում մեզ է ներկայացնում մի շարք նորահայտ փաստեր, կատարում է փաստերի եւ իրադարձությունների վերլուծություն, ինչն էլ աշխատությանը հաղորդում է գիտական կշիռ: Իսկ կատարված աշխատանքի լրջության մասին պատկերացում կազմելու համար բավական է ծանոթանալ օգտագործված աղբյուրների եւ գրականության ծավալուն ցանկին:
Կատարված այս շնորհակալ գործը հաջող փորձ է սեփական ժողովրդին վերադարձնելու իր սիրած հերոսներից մեկին, որը փառաբանվող լեգենդ է եղել դեռեւս կենդանության օրոք, սակայն սրանով հանդերձ նախ հայ մարդկանց ձեռքով մահվան է դատապարտվել, իսկ հետո դատապարտվել է մոռացության:

Գեւորգ Ստեփանյանի աշխատությունը ընթերցողի համար բացահայտում է ազնվազարմ ու բարոյապես բարձր, հայրենասեր, ողջ փոթորկալից կյանքը հարազատ ժողովրդի պաշտպանությանը նվիրած հմուտ զորավարին, նրա տեղին եւ ունեցած դերին ազատագրական պայքարի, նորանկախ պետականության պաշտպանության գործում:

Ճակատագրի բերմամբ, բայց ավելի շատ ինքնամոռաց նվիրումի շնորհիվ Համազասպը հաճախ հայտնվել է այնպիսի իրադարձությունների բովում, որոնք տվյալ ժամանակահատվածի համար ունեցել են առանցքային նշանակություն: Լինելով վանեցի նա ավելի շատ կռվեց արեւելյան Հայաստանում, հայ-թաթարական ընդհարումների ժամանակ հաջողությամբ գործեց Ղարաբաղում, աչքի ընկնող դերակատարություն ունեցավ կամավորական շարժման ժամանակ, եղավ Բաքվի հերոսամարտերի գլխավոր դերակատարներից մեկը, մասնակցեց բազմաթիվ այլ իրադարձություններ իսկ 1921թվականի 17-ի լույս 18-ի գիշերը զոհ դարձավ Երեւանի բանտում իրագործված դավադիր սպանությանը : Գեւորգ Ստեփանյանի պրպտումների արդյունքում ներկայացվող փաստերը կարեւոր ձեւով լրացնում են ակնարկված եւ պատմական այլ իրադարձությունների վերաբերյալ մեր տեղեկությունները, հիմնավորապես հակադարձելով այս իրադարձությունների վերաբերյալ նախկին շատ մեկնաբանությունների:

Պատմաբանը ներկա աշխատությամբ անդրադարձել է Դաշնակցական ակնառու գործչի եւ Դաշնակցության գործունեության էջերի, իրականում, սակայն շարադրվածը հայ ժողովրդի տվյալ ժամանակահատվածի պատմությունն է եւ հետեւաբար ունի ազգային ընդգրկում եւ արժեք: Իսկ համազգային խնդիրը պահանջում է , լինել անաչառ եւ իրականությունը ներկայացնել այնպես, ինչպես եղել է եւ ոչ թե այնպես ինչպես կարող է ձեռնտու լինել սրան կամ նրան: Ուրախ եմ այս գրքի լույս ընծայման համար, ինչ անհրաժեշտությունը գիտակցել են գրքի հովանավորները, ինչպես եւ, Համազասպի գործունեությանը նվիրված աշխատության լույս ընծայման առիթով, պատիվ եմ համարում այս ամբիոնից, ներկայացնելու Դաշնակցության խոսքը:

Տպել Տպել