Դիտորդների հայտարարությունները ապտակ է Ադրբեջանին

Փետրվարի 20-ին Արցախում կայացած Սահմանադրության հանրաքվեին ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի հանձնախմբի նախաձեռնությամբ 18 հոգուց բաղկացած դիտորդական առաքելություն է ժամանել Արցախ: Դիտորդական խմբի առաքելության, հանրաքվեի քվեարկության ընթացքի և այլ հարցերի շուրջ «Ապառաժ»-ը զրուցել է ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի հանձնախմբի նախագահ Գասպար Կարապետյանի հետ:

– Դիտորդական խմբի անդամները եղան Արցախի բոլոր շրջանների տարբեր ընտրատեղամասերում: Ինչպիսի՞ն էր քվեարկության ընթացքն՝ ըստ դիտորդների տպավորության:

Ինչպես Արցախի Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ, այս անգամ էլ մեր դիտորդների եզրակացությունը նույնն էր: Միջազգային բոլոր չափանիշներին համապատասխան ընտրություններ են կայացել, հարգվել է ընտրական օրենքը, ընտրատարածքների ներսում խնդիրներ չեն արձանագրվել, հանձնաժողովների նախագահներն իրենց գործը կատարել են: Արցախ ժամանած բելգիացի երկու խորհրդարանականները ևս օրինակելի գնահատեցին ընտրությունները:

Չճանաչված պետության համար նման ընտրություններ կատարելը մեծ ձեռքբերում է: Ըստ դիտորդների՝ այս իմաստով առաջընթաց է տեղի ունեցածը: Քվեարկության ճիշտ կազմակերպմամբ Արցախին մրցակիցների համեմատությամբ հավելյալ առավելություն տրվեց: Ամեն ինչը կարող է դերակատարություն ունենալ:

Երբեք չես կարող իմանալ՝ վաղն ինչ կարող է պատահել և ինչ հոլովույթներ կլինեն, բայց այսօրվա դրությամբ վաղը լուրջ փոփոխություններ չեն սպասվում: Նման դեպքերում ամեն փոքր քար նպաստում է, օժանդակում է, որպեսզի տունը կառուցվի: Եվ այս փոքր քարերն իրենց դերակատարությունը կարող են ունենալ:

Պատվիրակության անդամների վկայությամբ՝ այս երկիրը հարգում է բոլոր ժողովրդավարական նորմերը: Հակառակ չճանաչվածությանը՝ կայացած պետություն է, որն ունի գործող բոլոր համապատասխան ժողովրդավարական կառույցները՝ ի հակադրություն Արցախի գոյություն չունենալը պահանջող երկրի. այնտեղ նման կարգեր չկան: Սա հաստատված է համապատասխան հարցերով զբաղվող բոլոր կառույցներին ուղղված զեկույցով:

Համոզված եմ, որ այսքան դիտորդների ներկայությունն այստեղ և նրանց տված հայտարարություններն ապտակ են Ադրբեջանին, որը ծիծաղելի հայտարարություն տարածեց, թե նրանք զբոսաշրջիկներ են, տեղի ունեցող գործընթացներից անտեղյակ մարդիկ: Եթե անտեղյակ զբոսաշրջիկներ են, ինչու՞ է Ադրբեջանն այդքան մտահոգվում, աշխարհը տակնուվրա անում:

– Ըստ Ձեզ, կարո՞ղ է կայացած հանրաքվեն նպաստել Արցախի միջազգային ճանաչման գործին:

Չեմ կարծում, թե Սահմանադրությունը կարող է էական բան փոխել արդեն տեղի ունեցող գործընթացում: Այդ ուղղությամբ էլ պետք է համակարգված կերպով աշխատանքները շարունակվեն թե մեր կողմից, թե պետության կողմից, որպեսզի կարողանանք արտաքին աշխարհին ճիշտ պատկերը ներկայացնել: Ադրբեջանը խեղաթյուրված է ներկայացնում պատկերը: Մենք պետք է ճիշտ աշխատենք, ճիշտ ներկայացնենք իրականությունը և կարողանանք հնարավորինս շատ մարդ բերել Արցախ: Իրենց աչքերով տեսնելով այս երկրի մշակույթը, գոյությունը՝ Արցախ այցելածները սիրահարված են վերադառնում: Օրինակ, որոշ ժամանակ առաջ Բելգիայից մարդ չի այցելել այստեղ: Մի տարվա մեջ Բելգիայից ժամանած խորհրդարանականների թիվը հասավ 18-ի, և այդ թիվը կմեծանա: Անշուշտ, մեր աշխատանքների, հրավերների, բացատրական աշխատանքների դերն էլ կա: Սակայն, հիմնական քարոզողները Արցախ եկածներն են: Մեկը մյուսին հորդորում է իր աչքով տեսնել:

– Ի՞նչ կարող է անել Արցախը միջազգայնորեն ճանաչված դառնալու համար:

Ներքին իմաստով՝ Արցախը պիտի է՛լ ավելի աշխատի, որպեսզի ամրապնդի ժողովրդավարությունը, հավասարությունը, քաղաքացիների կյանքի մակարդակը բարձրանա: Օտարերկրացիները տեսնում են գեղեցիկ վայրեր, հուշակոթողներ, վանքեր, բարետես Ստեփանակերտն ու Շուշին, բայց տեսնում են նաև գյուղերը, շրջանները: Այնտեղ ևս պետք է այդ աշխատանքը տարվի, որովհետև՝ եթե դու ներքնապես զորեղ ես, նաև արտաքին առումով ես հզոր:

Ընդհանուր առմամբ՝ դրական են այստեղից ստացված տպավորությունները, բայց միշտ ավելի բարելավվելու հնարավորություններ կան: Շատ անգամ եմ կոչ արել, որ այդ ուղղությամբ պետք է աշխատել, երբեք չգոհանալ եղածով, միշտ հաշվի առնել, որ լավի թշնամին ավելի լավն է: Եթե սա հաշվի առնեն իշխանությունները, երկրի վիճակն ավելի կլավանա:

– ԵԱՀԿ Միսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածել, որում ասվում է, որ այս հանրաքվեն որևէ ազդեցություն չի կարող ունենալ Ղարաբաղի իրավական ճանաչման գործում: Ի՞նչ կարծիքի եք դուք:

Ինձ համար սպասելի էր նման հայտարարությունը: Այդ կարգի հայտարարությունները քարոզչական նպատակով արված հայտարարություններ են. տեքստը գրված է, և ամեն անգամ նման դեպքերում դարակից հանում ու հայտարարում են, որ չեն ճանաչում ընտրությունները: Անիմաստ բան է, որովհետև՝ ի՞նչ է նշանակում, որ չեն ճանաչում հանրաքվեն, երբ խոսքը չճանաչված երկրի մասին է: Կամ ո՞վ է հարցում՝ ճանաչում են, թե ոչ:

Հանրաքվեն կայացավ նախ և առաջ ժողովրդի համար: Սահմանադրությունը ներքին փաստաթուղթ է, որի հիման վրա այս ժողովուրդը պիտի ապրի և երկիրը պիտի կառավարվի: Սահմանադրությունը երրորդ կողմին գոհացնելու նպատակ չի հետապնդում: Եթե հակաժողովրդավարական օրենքներ կան երկրի մեջ, ինչպես օրինակ Ադրբեջանը, այնտեղ պահանջներ կարող են լինել, բայց Արցախի դեպքում նման պահանջ չկա: Եթե որևէ մեկը չի ճանաչում երկիրը, ի՞նչ հիմքով պիտի այս կամ այն հոդվածները փոխելու պահանջ դնի: Թե Մինսկի խմբի, թե մի շարք այլ երկրների հայտարարությունները, իմ կարծիքով, անիմաստ են, որովհետև եղածի էությունը չի փոխվում: Արցախի ժողովուրդը որոշեց ունենալ այս Սահմանադրությունը. ընդունեն-չընդունեն՝ փաստն այս է:

Հիմնական հարցն այն է, որ միջազգային կազմակերպությունները Ադրբեջանին համոզեն, որ նրա այսօրվա կեցվածքը չի կարող նպաստել խնդրի լուծմանը: Չկարգավորված խնդիրը հատկապես վատ է Ադրբեջանի ժողովրդի համար. Ալիևը հարցն օգտագործում է իր ժողովրդին կեղեքելու համար: Բայց այս ձևով լուծումի չեն հասնում: Ուստի կարծում եմ, որ չպետք է մտահոգվել նման հայտարարությունից, պետք է մտահոգվել, եթե Մինսկի խումբը չաշխատի, չփորձի գտնել արդար լուծումներ: Այսօրինակ հայտարարություններն ինձ չեն մտահոգում:

– Բլոգեր Ալեքսանդր Լապշինի ձերբակալությունը, ապա արտահանձնումը Բելոռուսից Ադրբեջան՝ կարծես միջազգային համարժեք արձագանքի չարժանացավ: Ձեր կարծիքով՝ ինչու՞ Եվրոպան չդատապարտեց դեպքը:

Առաջին անգամը չէ, որ Ադրբեջանը փորձում է ազդել այլ պետությունների, անձերի վրա, որպեսզի Արցախը մեկուսացված պահվի: Անշուշտ, Ռ. Սաֆարովի դեպքում, որը շատ ծանր դեպք էր, Եվրոպայի կողմից բավական լուրջ հակազդեցություններ եղան: Եվրոպական խորհրդարանը բուռն կերպով քննադատեց Սաֆարովի դեպքը, ապա հանձնումը Ադրբեջանին: Բավական շրջանակներ քննադատություններ հնչեցրին: Լապշինի պարագայում ավելի մեղմ էին, թեև եղան հայտարարություններ, ինչպես Եվրոպայի մարդու իրավունքների պաշտպանի կողմից: Սակայն պետք է նկատի ունենալ, որ Լապշինի հարցը դատական առումով այնքան էլ մաքուր չէր, ինչպես ուկրաինական անձնագրի գործածումը, ուրիշ անունով ներկայանալը: Ադրբեջանը հասկանալի պատճառներով այդ քարոզչությունը կատարեց, որպեսզի վախեցնի հավանական այլ այցելուների՝ ներշնչելով, որ նրանք ևս կարող են Արցախ այցելելու դեպքում նման փորձանքի ենթարկվել:

Եվրոպան չհակազդեց, որովհետև Եվրոպայում ևս մարդու իրավունքների խախտումներ կան, նաև՝ Եվրոպայի հիմնական գործելաոճը պրագմատիզմն է, և մտածում են այսօրվա մասին: Այնտեղ այնքան էլ նախանձախնդիր չեն մարդու իրավունքների պաշտպանությամբ: Թեև հայտարարում են, բայց շատ դեպքերում, տարբեր շահերի գոյության պարագայում, մարդու իրավունքները կարող են երկրորդական տեղ զբաղեցնել: Տվյալ պարագայում՝ նրանք գիտեն, թե ինչպիսի երկիր է Ադրբեջանը, նաև՝ որ բոլոր հարձակումները, ինչպես Ապրիլյան պատերազմը, տարբեր միջադեպերը Ադրբեջանի կողմից են սանձազերծվում: Բայց առկա է հավասարակշռություն պահելու փիլիսոփայությունը, և դրա համար էլ միշտ երկու կողմերին կոչ են անում սառնարյուն լինել, ծայրահեղությունների չգնալ և այլն: Եվ սա ավելի վատ է, որովհետև սրանով փաստորեն քաջալերում են Ադրբեջանին՝ շարունակելու իր կեցվածքը:

Այժմ բանակցություններ են տարվում Ադրբեջանի հետ Եվրոպական Միության 1996թ. կնքած գործընկերության ու համագործակցության համաձայնագրին փոխարինող նոր փաստաթղթի ստորագրման համար: Այդ պայմաններում, կարծում եմ, նման դեպքի համար Եվրոպայում չեն ցանկանում քննադատական կեցվածք ունենալ և ավելի դժվարացնել հարաբերությունները: Ադրբեջանի նախագահը Բրյուսելում եղած ժամանակ չայցելեց Եվրոպական խորհրդարան: ԵԽ-ի 3-4 քաղաքական կուսակցություններ Ադրբեջանում մարդու իրավունքների հարցի շուրջ կլոր սեղան էին կազմակերպել, որին հրավիրված էր նաև Բրյուսելում գտնվող Ալիևը: Սակայն վերջինս հրաժարվեց մասնակցելուց: Հասկանալի է, որ վերջնական որոշում կայացնելու իրավունք ունեցող խորհրդարանը կարող է հարցեր առաջացնել: Այս պատճառով է, որ պետությունների կամ հանձնաժողովների կողմից հավելյալ հայտարարություններ կամ քայլեր չեղան: Մեր հանձնախմբի, այլ կառույցների կողմից կազմակերպված ցույցերի պարագայում էլ լուրջ սպասելիք չունեին:

Հարցազրույցը՝ Տաթևիկ Աղաջանյանի

aparaj.am

Տպել Տպել