Մեր շանսերը լավն են, և կունենանք շատ կարևոր դերակատարում ապագա խորհրդարանում

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն փետրվարի 23-ին Ամերիկյան համալսարանում 168.am-ի և news.am-ի հետ զրույցում, պատասխանելով մեր հարցին, թե առաջիկա խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի շանսերն ինչպե՞ս է գնահատում, և այս պահին ինչ աշխատանքներ են տարվում կուսակցությունում, ասաց.

«Մենք իսկապես ունենք լայն ընտրազանգված, և այդ ընտրազանգվածը մեզ հետ է եղել բոլոր պարագաներում, երբ եղել ենք ընդդիմություն, եղել ենք դիմություն: Եվ իսկապես այսօր, երբ նայում ենք ընդհանուր իրավիճակը, տեսնում ենք, որ մենք մտնում ենք ընտրությունների գաղափարական հենքով, իմ կարծիքով՝ լավն են մեր շանսերը, և կունենանք շատ կարևոր դերակատարում ապագա խորհրդարանում, եթե Աստված և մենք ուզենք»:

Մեր հարցին՝ որոշ փորձագետներ ասում են, որ ՀՅԴ-ն առաջարկելու նոր բան չունի, իսկ Հայ դատի գաղափարն արդեն հնացած է և ոչ գրավիչ, ինքն ի՞նչ կասի այս մասով. «Դուք ուզում եք ասել, որ ժողովրդի իրավունքը՝ ապրելու իր հայրենիքի տարածքում, այդ գաղափարը հնացել է: Բայց ոնց որ թե աշխարհում դեռ ազգային պետություններ կան: Եթե կա որևէ տեղ ազգային պետություն, և աշխարհն ունի այն կառուցվածքը, ինչ այսօր ունի, նման գաղափարները չեն կարող հնանալ»:

Ինչ վերաբերում է հետընտրական կոալիցիա կազմելու հնարավորություններին, նա ասաց, որ ընտրությունների արդյունքներից հետո պառլամենտական համակարգն ուղղակի ստիպելու է անցնել կոալիցիոն ձևաչափերի. «Ո՞նց կլինի, ինչպե՞ս կլինի, ամեն ինչ կախված է միայն ձայներից. Ինչ ձայներով կուսակցությունները կգան պառլամենտ»:

168.am

Տպել Տպել