Արգենտինահայերը Ադրբեջանի դեսպանության առջև բողոքի ցույց են անցկացրել

Արգենտիանահայերը Սումգայիթի, Բաքվի և Կիրովաբադի ջարդերի 29-րդ տարելիցի կապակցությամբ բողոքի ցույց են անցկացրել Արգենտինայում Ադրբեջանի դեսպանության առջև:

Ինչպես հաղորդում է Prensa Armenia-ն, ցույցին մասնակցել են նաև մեծաթիվ հոմենթմենականներ:

«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ավտորիտար ռեժիմը միլիոնավոր նավթադոլլարներ է ծախսում իր կոռումպացված կառավարության իմիջը մաքրելու համար` միաժամանակ քաղաքացիական բնակչությանը պահելով ծայրահեղ աղքատության մեջ, ճնշելով լրագրողներին ու ընդդիմությանը»,- ցույցի ժամանակ նշել է Հարավային Ամերիկայի հայ երիտասարդական ֆեդերացիայի անդամ Բրենդա Քեչիյանը:

Նա ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը չի ենթարկվում ադրբեջանական ճնշումների և արդեն 25 տարի է կառուցում է իր անկախ ժողովրդավարական պետականությունը:

«Մենք կոչ ենք անում միջազգային հանրությանը և մասնավորապես Արգենտինայի իշխանություններին ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը որպես ազատ և անկախ պետությունը»,- նշել է Քեչիյանը:

Ցույցի ընթացքում հնչել են նաև Ադրբեջանում բանտարկված իսրայելացի բլոգեր Ալեքսանդր Լապշինի ազատման օգտին կոչեր:

yerkirmedia.am

Տպել Տպել