Եթե Հայաստանն Արցախի անկախությունը ճանաչի, հայկական երկու պետությունները կարող են որոշել և միանալ իրար

Մենք նոր չէ, որ ասում ենք՝ Ղարաբաղը պետք է միավորվի Հայաստանին, Ղարաբաղյան շարժումն այն նպատակով է սկսվել․ Tert.am-ի հետ զրույցում խոսելով Հայ Յեղափոխական Դաշնակցության նախընտրական ծրագրում ներկայացված արտաքին քաղաքականության վերաբերող դրույթների, մասնավորապես՝ Արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի մասին՝ ասաց ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը:

«Նախընտրական ծրագրերում մենք միշտ էլ ասել ենք, որ մեզ համար վերջնական նպատակը Արցախի՝ Հայաստանի հետ վերամիավորումն է: Անկախության և՛հռչակումը, և՛ ճանաչման ուղղությամբ տարվող աշխատանքները մարտավարական քայլեր են դեպի այդ միացումը»,- ասաց նա:

Կիրո Մանոյանը նշեց, որ իրենք նկատի չունեն, որ այս փուլում պետք է լինի միացումը: «Եթե անկախությունը Հայաստանի կողմից ճանաչվի, արդեն Հայաստանի և Արցախի Հանրապետությունները կարող են որոշել և միանալ իրար»,- ասաց նա:

Ըստ Կիրո Մանոյանի՝ նրանք Ղարաբաղյան հակամարտության հարցում դեմ են ոչ միայն հայկական կողմի միակողմանի զիջումներին, այլ նաև փոխզիջումների մասին բարձրաձայնելուն ՝ այնքան ժամանակ, մինչև Ադրբեջանը չճանաչի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրագործումը:

«Մեր տեսանկյունից Հայաստանը սխալ է անում, երբ բարձրաստիճան պատասխանատուները հայտարարում են, որ Հայաստանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության ճանաչումը կբերի պատերազմ: Որովհետև եթե այդպես է, ուրեմն չես կարող գնալ երրորդ կողմի մոտ և ասել, որ ճանաչի Արցախը»,- ասաց նա:

Հարցին, թե ինչու մինչ այժմ խորհրդարանում ներկայացված ՀՅԴ-ին չհաջողվեց կատարել իր ցանկությունները Ղարաբաղյան հակամարտության հարցում, Կիրո Մանոյանը պատասխանեց, որ իրականում այնպես չէ, որ չեն կարողացել իրենց ցանկություններն իրագործել, իրենք միակ քաղաքական ուժն են, որ ներկայացված են ոչ միայն Հայաստանի, այլ նաև Արցախի խորհրդարանում:

Կիրո Մանոյանն նաև անդրադարձավ իրենց արտաքին կողմնորոշմանը՝ նշելով, որ իրենք իրենց ո՛չ ռուսամետ, ո՛չ եվրոպամետ և ոչ էլ ամերիկամետ են համարում:

«Ինչ ուզում եք անունը դրեք, մենք հայամետ ենք»,- ասաց նա՝ հավելելով, ՆԱՏՕ-ի հետ համագործակցելիս, օրինակ, պետք է հաշվի առնենք, որ մեզ համար սպառնալիք համարվող Թուրքիան այդ դաշինքի անդամ համարվող երկիր է:

Ըստ Կիրո Մանոյանի՝ արտաքին քաղաքականության հարցում Հայաստանը «շատ սխալ» ուղղություններ չի ընտրել, հիմա պետք է պարզապես կարողանա եղածը ամուր հիմքերի վրա դնել:

Կիրո Մանոյանի հետ զրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

tert.am

Տպել Տպել