Լույս է տեսել Լիբանանի «Ազդակ» թերթի 90-ամյա հոբելյանի բացառիկ համարը

Լույս է տեսել Լիբանանի «Ազդակ» թերթի 90-ամյա հոբելյանի բացառիկ համարը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Լիբանանի «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը:

Շուրջ 450 էջից բաղկացած բացառիկ համարը ներկայացնում է պարբերականի պատմությունը, անցած ուղին: Ամսագրում զետեղված են ՀՀ, Արցախի Հանրապետության նախագահների, ՀՀ սփյուռքի նախարարի, հայ եկեղեցու հոգևոր պետերի և այլ նշանավոր գործիչների ուղերձները:

«Մարտի 8-ի երեկոյան թերթերը տպարանից դուրս բերեցինք, բավական տպավորիչ համար է ստացվել: Կան հարցազրույցներ, ուղերձներ, հուշագրություններ, վերլուծություններ: Ներկայացրել ենք հարցազրույցներ թերթի գլխավոր խմբագիրների հետ, ներկայացրել ենք նաև այն մարդկանց ցանկը, որոնք 90 տարվա ընթացքում եղել են տնօրեններ, գլխավոր խմբագիրներ, զբաղեցրել են այլ պաշտոններ: Շուրջ 500 անուն է ստացվել»,-ասաց Շահան Գանտահարյանը:

Բացառիկ համարն իր ընթերցողներին է ներկայացնում «Ազդակ»-ի անցած ուղու չերևացող հատվածը: Մասնավորապես, աշխատակիցների մարդկային փոխհարաբերությունները, դժվարին, վտանգավոր ժամանակաշրջանում խնդիրների հաղթահարմանն ուղղված քայլերը: Այդ ամենը հաջողվել է ամփոփել և պատրաստի տեսքով ներկայացնել ամիսների ընթացքում: Շահան Գանտահարյանը նշեց, որ այս բացառիկ համարն իր նպաստ կբերի սփյուռքահայ մամուլի պատմությունը գրի առնելու գործին:

«Այս 90 տարվա ընթացքում «Ազդակ»-ի գլխավոր ձեռքբերումներից մեկն այն կարևոր գործառույթներն են` ուղղված հայապահպանությանը, արևելահայերինի պահպանմանն ու զարգացմանը, այդ գործում երիտասարդության ներգրավմանը, պրոֆեսիոնալ լրատվություն հաղորդելուն թե Լիբանանի, թե հայկական աշխարհի իրադարձությունների մասին: Այլ կերպ ասած այն հսկայական նյութերի շտեմարան է»,-հավելեց նա:

Շահան Գանտահարյանը տեղեկացրեց, որ շուտով վերջնական կավարտի թերթի 90-ամյա ամբողջ արխիվի թվայնացման աշխատանքը, արդի որոնման համակարգերով հնարավոր կլինի գտնել «Ազդակի» հրապարակումները:

Բացառիկ համարը լույս է տեսել 1500 օրինակ, կտրամադրվի հայրենագիտական կենտրոններին, լրատվամիջոցներին, նրանց, ովքեր աշխատակցել են թերթին:

Տպել Տպել