Թիմ է պետք, ոչ թե ինչ-որ անունների շուրջ ձևավորված դաշինքներ

Հայ Հեղափոխական դաշնակցության անդամները նախընտրական քարոզարշավի շրջանակներում Կոտայքի մարզում են: Աբովյան քաղաքի երաժշտական դպրոցում քաղաքացիների հետ հանդիպում են Կոտայքի մարզում ռեյտինգային ցուցակով առաջադրված թեկնածուները, ինչպես նաև Կիրո Մանոյանն ու ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը:

ՀՅԴ Բյուրոյի անդամ, Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի տնօրեն Կիրո Մանոյանն իր ելույթում ասաց, որ շատ կարևոր է գիտակցել՝ ապրիլի 2-ին սպասվող ընտրությունները նախագահական չեն: «Նախագահ չենք ընտրելու, թագավոր չենք ընտրելու, ընտրելու եք թիմ»,- ընդգծեց Մանոյանը՝ շեշտելով՝ հենց Դաշնակցությունն է, որ ստեղծման օրից ունի հստակ գաղափարախոսություն և միայն ընտրությունից ընտրություն չէ, որ գաղափարներ ու ծրագրեր է առաջարկում:

«Նայեք մնացած ութ կուսակցություններին և տեսեք՝ նրանցից ո՞ր մեկը կարող եք համարել թիմ, որն ունի միասին աշխատելու փորձ, իսկապես գաղափարախոսություն ունի, ծրագիր»,- ասաց Կիրո Մանոյանը՝ նշելով, որ մինչ այստեղ գալը նայել է նախորդ ընտրությունների ժամանակ ՀՅԴ-ի ծրագիրը:

Նա հիշեցրեց, որ 1992-ին, նախագահական ընտրություններից առաջ, ՀՅԴ-ն յոթ կետից բաղկացած պլատֆորմ էր ներկայացրել, որոնցից մոտ 40 տոկոսն իրականացվել է, հատկապես նրանք, որոնք համակարգային փոփոխություններին են վերաբերում:

«Պետական կառավարման համակարգային փոփոխություններ, որի մասին նախորդ խորհրդարանական և ապա՝ նախագահական ընտրությունների ժամանակ խոսում էինք, իսկապես արել ենք: Իսկ եթե նայեք, մենք 2009թ. մինչև 2016թ. փետրվարը եղել ենք ընդդիմություն, բայց այդ ամբողջ շրջանում աշխատել ենք: Աշխատել ենք՝ 2012թ. խորհրդարանական ընտրություններից հետո խորհրդարանում ունենալով ընդամենը 5 տեղ: Նայեք՝ հինգ տեղ ունեցող այլ կուսակցություններից ո՞րն մեկն է մեր չափ աշխատել և արդյունք բերել: Ընտրությունը սրանց մեջ է:

Կարող է մեկը լավ մարդ լինել, բայց նախագահ լինելու պետք անպայման չունի, որովհետև նախագահ չենք ընտրում: Կարող է՝ լավ բարեգործություն է անում, լավ գործարար մարդ է, բայց մենք արդեն Ամերիկայի դեպքում տեսնում ենք, որ, եթե գործարար մարդն իրականում չի խառնվել քաղաքականության մեջ, ինչ պատկեր է ներկայացնում երկրին, ինչ վիճակի կարող է մատնել:

Դրա համար պետք է թիմ ընտրել. թիմ, որ ոչ թե վերջին պահին ձևավորված ինչ-որ դաշինք է, ինչ-որ անձերի, անունների շուրջ հավաքված դաշինք, անձեր, որոնք այլապես իսկապես իրար հակառակ են եղել, իրար հակառակ քաղաքական ուղղություններ են ունեցել, նաև անձեր, որոնք ունեն իրենց կողմից հիմնադրված կուսակցություններ, որոնց անունները տալ կարծես ամաչում են և փորձում են իրենց անվան վրա շեշտ դնել: Բայց անձ չէ, որ ընտրում ենք: Այս համակարգով ընտրում ենք թիմ, պետք է նայել, թե ով կարող է լինել թիմը, որը կիրականացնի ծրագրերը, որ ունի:

Կան նույնիսկ կուսակցություններ, որոնք անուն են փոխել: Անուն են փոխել, եթե նույնիսկ դեմքերը նույնն են մնացել: Իսկ եթե դեմքերը նույնն էին մնալու, ինչո՞ւ են անուն փոխել: Մենք նման խնդիրներ չունենք: Մենք բաց ճակատով ներկայանում ենք ժողովրդին, որովհետև բացահայտ է, թե ինչ ծրագիր ենք ժողովրդին ներկայացրել, ինչքան քվե ենք ստացել ժողովրդից և այս ստացած մանդատներով ինչ գործ ենք կատարել: Իսկապես, խորհրդարանում մեկ այլ ուժ ցույց տվեք, որ ընդամենը հինգ տեղ ունի 131 մանդատից և կատարել է այնքան աշխատանք, այնքան իրագործումներ ունի, որքան մենք: Չեք գտնի»,- ասաց Կիրո Մանոյանը:

Նա նշեց, որ չի ցանկանում՝ մարդիկ տարվեն այն խոստումներով, թե կաշառք են տալու: «Ինչքան էլ կաշառք տան, վստահ եղեք, որ առաջիկա հինգ տարիներին դուք դրա տասնապատիկը, հարյուրապատիկը հետ պիտի տաք նրան, ով ձեզ այդ կաշառքը տալիս է: Կաշառքը երկնքից մանանա չէ: Կաշառքը մի տեղից բերում են, վերջը ժողովրդից են վերցնում: Դրա համար ավելի ճիշտ կանեք, որ չտարվեք կաշառքով, քվեարկեք գիտակցաբար, ճիշտ թիմին»,- ասաց Կիրո Մանոյանը:

Մանոյանը հիշեցրեց, որ ՀՅԴ-ի՝ ընդդիմություն եղած ընթացքում էլ կուսակցության՝ խորհրդարանում ներկայացված հինգ ներկայացուցիչներն աշխատել են ու տեսանելի արդյունքեր ցույց տվել:

ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի տնօրեն Կիրո Մանոյանն իր ելույթի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, անդրադարձավ նաև Արցախին առնչվող հարցերին. «Մարդիկ խոսում են Արցախի մասին, բայց այս ընտրությունների մասնակից միակ կուսակցությունը, որ ամենուր ունի կառույց, ՀՅԴ-ն է: Արցախի խորհրդարանում ունեցել ենք պատվիրակություն, անկախ նրանից օրվա նախագահի հետ համագործակցել ենք, թե ոչ: Մենք նաև դեմ հանդես եկանք այն սահմանադրական բարեփոխումներին, որոնք առաջարկվում են Արցախում: Մենք գտնում ենք, որ խորհրդարանական կառավարումն է ճիշտը»,- ասաց Մանոյանը՝ հավելելով, որ ՀՅԴ-ի նպատակներն անշեղ են:

«Մենք նույնիսկ համագործակցել ենք Հայաստանում ՀՀՇ-ի ժառանգ ՀԱԿ-ի հետ, որի նախագահը ժամանակին մեր կուսակցությունն արգելել էր՝ մեր ընկերներին բանտարկելով: Մենք գործակցել ենք արտաքին ճակատի հետ՝ հատկապես՝ Արցախի հարցում: Արցախի հարցն այն հարցը չէ, որ կարող ենք հանգիստ խղճով գնալ տուն՝ ասելով, որ նախագահին չենք սիրում: Մենք համոզված ենք, որ Արցախը Հայաստանի մաս է, Արցախի վերամիավորումը մեր ընդհանուր նպատակի մի մասն է»:

Մանոյանն անդրադարձավ նաև ջավախահայությանը վերաբերող խնդիրներին: «Անհրաժեշտ է, որ Վրաստանի հետ սերտացնենք մեր հարաբերությունները, որովհետև այդ հարաբերություններն ունեն պատմական հիմք, ունեն օբյեկտիվ առարկայական պատճառներ»,- ասաց Մանոյանը՝ հավելելով, որ անկախ նրանից, Վրաստանը և Հայաստանը որ ճամբարում են, պետք է երկու երկրների միջև համագործակցությունը խորացնել: Մանոյանն անդրադարձավ նաև հայ-թուրքական արձանագրություններին: «Համոզված ենք, որ անհրաժեշտ է հայ-թուրքական արձանագրությունները չեղարկել: Նույնիսկ չվավերացված տարբերակն է վտանգավոր»,- ասաց նա:

Կիրո Մանոյանն իր ելույթի վերջում կրկին անդրադարձավ ապրիլի 2-ին կայանալիք ընտրություններին ու կրկին հորդորեց ընտրակաշառքներ վերցնելուց զերծ մնալ. «Ինչ էլ լինի, դուք այդ խցիկում մենակ եք: Ինչեր էին ասում. ասում են, գրիչը նկարահանող է լինելու. եթե նկարահանող գրիչ տեսնեք, տուն տարեք ձեզ հետ»,- եզրափակեց Մանոյանը:

Տպել Տպել