Հայաստանի համար վտանգավոր է ներքին անկայունությունը

ՀՅԴ ներկայացուցիչներն այսօր նախընտրական քարոզարշավի շրջանակներում հանդիպեցին Աբովյան քաղաքի բնակիչների հետ:

Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն իր ելույթում ասաց, որ երկրի առաջընթացի և պետականության պահպանման հիմքում չի կարող լինել խեղճացած քաղաքացին. «Խեղճացած քաղաքացին չի կարող տեր կանգնել իր հայրենիքին»,- նշեց նա: Մկրտչյանի խոսքով՝ Հայաստանի համար վտանգավոր է ներքին անկայունությունը և ամեն ինչ պետք է արվի, որ ներքին խնդիրները հարթվեն:

«Օրենքի առջև բոլորը հավասար պետք է լինեն, երկրի կառուցման մեջ բոլորը պետք է իրենց դերակատարությունը զգան, եթե ընտրություն է, բոլորը պետք է հասկանան, որ իրենց ձայնը գնման ենթակա չէ: Երբ քաղաքացին մտնում է այդ խցիկ, հենց գումար տվողին հակառակ պետք է քվեարկի, որովհետև չի կարելի, որ քո մասնակցությունը պետության կառուցմանը, կառավարմանը, գնահատես ինչ-որ գումարով, ինչքան էլ, սոցիալական խնդիրներից ելնելով, այդ գումարն այդ պահին անհրաժեշտ լինի: Մենք պետք է կարողանանք հասկանալ՝ ապագա պառլամենտն ինչ ֆունկցիաներ պետք է կատարի»,- ասաց Մկրտչյանը՝ հավելելով՝ շատ կարևոր է, որ պառլամենտում չձևավորվի բացարձակ մեծամասնություն: «Եթե այդ մեծամասնությունը չի ձևավորվում բանակցության, կոալիցիայի ձևով, իրար հետ կոմպրոմիսի ճանապարհով, գալիս է երկրորդ տրամաբանությունը՝ մեր դեմ խաղ չկա»,- նշեց դաշնակցական գործիչը՝ շարունակելով իր խոսքը. «Մեր ժողովուրդն իր էությամբ կարողացել է ամենալավ քաղաքակրթական արժեքների առջևից գնալ, մենք կարողացել ենք վերցնել ամենաառաջավորը և դարձնել հայկական: Կրթությունը պետք է դառնա գործիք, որպեսզի ապահովի Հայաստանում հայ տեսակի շարունակականությունը: Մենք իրավունք չունենք զիջել մեր լեզվի օրենքը, մեր կրթական հիմքերը, հայերենն իբրև պետական լեզու լինելու մենաշնորհը»:

«Երբ Դաշնակցությունը քաղաքական ասպարեզում կամ ընտրապայքարի մեջ է, չի կարող գտնվել մեկը, ով կարողանա դեպք ցույց տալ, երբ օրինակ ձայն ստանալու համար որևէ դաշնակցական որևէ տեղում հանկարծակի սկսի սիրախաղ անել Թուրքիայի հետ, կամ սկսի խոսել պարտվողական տրամադրությունից»,- վստահեցրեց Մկրտչյանը: Նա անդրադարձավ նաև Ջավախքին վերաբերող հարցերին: «Եթե Ջավախքը կորավ, Հայաստանը կհայտնվի թուրքական շրջափակման մեջ և կստացվի արդեն էթնիկական շրջափակում: Մենք պարտավոր ենք ապահովել ճանապարհը՝ դեպի քրիստոնյա մյուս ժողովուրդներ»,- եզրափակեց ՀՅԴ-ականը:

Տպել Տպել