Եթե Դաշնակցության ծրագիրը հաղթեց, շահելու է Հայաստանը

Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը, ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՅԴ համամասնական ցուցակի 9-րդ համարը զբաղեցնող Սպարտակ Սեյրանյանը ընտրողների հետ հանդիպում ունեցան Դիլիջան քաղաքում:

Դիմելով ընտրողներին` Սպարտակ Սեյրանյանը նշեց, որ բոլորը փորձելու են շահել նրանց քվեն տարբեր ձևերով: «ՀՅԴ-ն, միշտ հավատարիմ մնալով իր գաղափարներին, ասել է, որ ճիշտ կառավարման համակարգը խորհրդարանականն է: Այս ընտրություններով սկիզբ է դրվելու առաջին խորհրդարանական հանրապետությանը: Հետևաբար` այս խորհրդարանական ընտրությունները տարբերվելու են մյուսներից: Դուք եք ձևավորելու այս խորհրդարանը, և ձեզնից է կախված, թե ինչպիսի խորհրդարան ենք ունենալու»,- ասաց նա:

Սեյրանյանի խոսքով` ՀՀ-ում այսօր շատ խնդիրներ կան, բայց ՀՅԴ-ն ամենից շատ կարևորել է երեք խնդիր` պետության ներքին, արտաքին անվտանգություն, տնտեսության զարգացումը և արդարությունը: «Այս երեք հիմնախնդիրներն իրար հետ կապված են, եթե մեկը չլինի, մյուսներն էլ չեն լինի»,- ասաց նա, ապա հավելեց, որ ամենամեծ դեֆիցիտը մեր երկրում արդարության դեֆիցիտն է, իսկ ՀՅԴ ծրագրային դրույթների մեջ գերակա է սոցիալական արդարության վերականգնումը:

Սեյրանյանը նշեց, որ այս շրջանում շատ քաղաքական ուժեր են դիմելու ընտրողներին, ներկայացնելու իրենց ծրագրերը: «Ծրագրերի ու գաղափարների բախում չկա, կա մեծ գայթակղություն` մրցակցել այլ ոլորտում` ով ավելի շատ ընտրակաշառք կբաժանի, ով սուտ կխոսի` ասելով, թե քանի օրում են ՀՀ-ն դարձնելու դրախտավայր: Այն մարդը, ով ձեզ առաջարկում է ձեր քվեն վաճառել, վաղը ԱԺ-ում վաճառելու է իր քվեարկությունը: Մարդը, ով ձեզ խաբում է երևակայական թվերով, վաղը ձեզ ասելու է, որ չկարողացավ դրանք իրականացնել: Ժամանակն է` մեզնից հեռու պահենք կաշառք տվողներին և քաղաքական այլ ֆոկուսնիկներին: ՀՅԴ-ն առաջարկում է մի ծրագիր, որի իրագործմամբ ապրիլի 2-ից հետո պարզ նայելու է ձեզ: Ի տարբերություն մյուս քաղաքական ուժերի, մենք միմյանց հետ չենք մրցակցում, հաղթելու է թիմը, հաղթելու է ծրագիրը: Եթե Դաշնակցության ծրագիրը հաղթեց, շահելու է Հայաստանը»,- ասաց նա:

Տպել Տպել