ՀՅԴ Երիտասարդականը մասնակցեց Ընկերվարական երիտասարդների միջազգային միության Միջերկրական կոմիտեի ժողովին

2017 թ. մարտի 10-11-ին Կիպրոսի մայրաքաղաք Նիկոսիայում կայացավ Ընկերվարական երիտասարդների միջազգային միության (International Union of Socialist Youth) Միջերկրական կոմիտեի ժողովը, որին մասնակցում էին ԸԵՄՄ-ի անդամ տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ Պաղեստինից, Իսրայելից, Արևմտյան Սահարայից, Իրանից, Լիբանանից և այլուր։

Հակառակ ԸԵՄՄ-ի Սևծովյան տարածաշրջանի կոմիտեի լիիրավ անդամ լինելուն, Միջերկրական կոմիտեի ժողովի մասնակցության իրավունք ՀՅԴ Երիտասարդականը չուներ։ Շնորհիվ հետևողական աշխատանքի և ԸԵՄՄ-ի նախագահությանը ներկայացված նամակ-դիմումի, որում մասնավորապես նշված էր ՀՅԴ Երիտասրարդականի ներկայացվածությունը Միրջերկրական տարածաշրջանի մի շարք երկրներում և գործուն դերակատարությունը տեղի երիտասարդության կյանքում, ՀՅԴ Երիտասարդականին առաջին անգամ հնարավորություն ընձեռվեց մասնակցելու ԸԵՄՄ-ի Միջերկրական կոմիտեի ժողովին մեկ ներկայացուցչով, ի դեմս Ցոլեր Աղճյանի (Լիբանան)։

Ժողովի ընթացքում մասնակիցները ունկնդրեցին դասախոսություններ «Կիպրոսի հարցը և ներկա իրավիճակը», «Կիրպոսի թուրքական հատվածում կանանց իրավունքները», «Թուրքիայում պետական հարվածի փորձից հետո տիրող իրավիճակը» թեմաներով, քննարկվեցին Արևմտյան Սահարայի, Պաղեստին-իսրայելական հարցերը՝ կարևորելով վերջինիս ընդհանրությունները և տարբերությունները Կիպրոսի հարցի հետ, ներկայացվեց Կիպրոսի երիտասարդական խորհրդի գործունեությունը, որին անդամակցում են Կիպրոսի երկու հատվածների կառավարական և ոչ-կառավարական երիտասարդական կազմակերպություններ, ինչպես նաև ՀՅԴ Կիպրոսի երիտասարդական միությունը։

Խորհրդաժողովի ավարտին յուրաքանչյուր մասնակից շրջան ներկայացրեց իր կազմակերպության գործունեությունը։ ՀՅԴ Երիտասրադականի ներկայացուցիչը իր ելույթում անդրադարձավ ոչ միայն ՀՅԴ Լիբանանի երիտասարդական միության, այլ նաև Միջերկրական տարածաշրջանում գործող ՀՅԴ երիտասարդական միությունների աշխատանքներին, ինչն էլ ավելի հետաքրքրական էր և տպավորիչ ազդեցություն թողեց մասնակիցների շրջանում։

Ժողովից զատ մասնակիցները հանարավորություն ունեցան այցելելու Կիպրոսի տեսարժան վայրեր, հանդիպելու տեղի երիտասարդական տարբեր կազմակերպությունների հետ։

ժողովի ավարտին մասնակից կազմակերպությունները համաձայնություն ձեռք բերեցին տարածաշրջանում երիտասարդների առջև ծառացած խնդիրների, մարտահրավերների բարձրաձայնման և լուծման համագործակցության հարցում։

ՀՅԴ Բիւրոյի
Երիտասարդական գրասենյակ
15 մարտ, 2017 թ.

Տպել Տպել