Մենաշնորհային համակարգը կազմաքանդելու ենք

Այսօր ՀՅԴ ներկայացուցիչները հանդիպեցին էրեբունցիների հետ` ներկայացնելով իրենց նախընտրական ծրագիրը:

Հանդիպման ժամանակ ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ, ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը նշեց, որ այս ընտրությունները սկզբունքային նշանակություն ունեն, քանի որ սահմանադրական բարեփոխումներից հետո Հայաստանն այլևս կառավարման պառլամենտական եղանակի է անցել, ինչը նշանակում է, որ երկրի բարձրագույն և միակ իշխանությունը, որ ձևավորելու է օրենսդիր, գործադիր և դատական մարմինները, մնում է պառլամենտը: Հետևաբար, ըստ նրա, ԱԺ-ում պետք է ներկայացված լինեն ուժեղ քաղաքական միավորներ, որոնք ունեն հստակ գաղափարախոսություն, ծրագրեր և դրանք իրականացնող կայուն ու հետևողական անձինք: «Մեր ծրագիրը երեք հիմնասյուներ ունի` ստեղծել կայուն զարգացում, անվտանգ երկիր և համերաշխ ու արդար Հայաստան: Այս երեք հենասյուները փոխկապված են իրար և մեկն առանց մյուսի գոյություն ունենալ չի կարող: Մեզ համար կայուն զարգացումը ոչ միայն տնտեսական աճն է, այլ դրանց որակական կողմը, որն առաջին հերթին պետք է աապահովի յուրաքանչյուր քաղաքացու բարեկեցության աճ, իրավունքների իրականացման հավասար հնարավորություններ, ոչ թե միայն լոզունգային և թղթի վրա գրված»,- ասաց Մինասյանը` հավելելով, թե կայուն զարգացում նշանակում է, որ տնտեսական ցանկացած նախաձեռնություն պետք է բավարարի առնվազն երեք հիմնարար սկզբունքների` լինի տնտեսապես հիմնավորված, սոցիալապես առավելագույն ընդունված և էկոլոգիապես ընդունելի:

Ըստ Մինասյանի` այսօր, ցավոք, մեր տնտեսական մոդելն այնպիսին է, որ բազմաթիվ տնտեսական նախաձեռնություններ ուղղակի չեն բավարարում այս երեք մոտեցումներին: Արդյունքում, Մինասյանի հավաստմամբ, ունենում ենք խոշոր նպատակի և ձգտման հասած ձեռնարկություններ, որոնք աղտոտում են ամեն ինչ, և նրանց ստեղծած տնտեսական արժեքը բաշխվում է մեկ կամ մի խումբ անձանց միջև: «Մեզ համար սկզբունքային նշանակություն ունի բնական ռեսուրսները` այն, ինչ ունենք, մեր բնական հարստությունն է, և եթե ցանկացած տնտեսություն հիմնված չէ իր բնական պաշարների մրցունակության վրա, այդ տնտեսությունը չի կարող զարգանալ: Օրինակ, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում մենք աշխարհում առաջատար դիրք ենք զբաղեցնում, քանի որ հենվել ենք հայ մարդու մտքի, նրա գենետիկական հարստության վրա` այդպես էլ մեր բնական ռեսուրսներն են: Եթե մեր տնտեսությունը չկառուցենք բնական ռեսուրսների ողջամիտ շահագործման վրա, այն նոր արժեք չի կարող ստեղծել»,- ասաց Մինասյանը: Բնական ռեսուրսները, նրա հավաստմամբ, ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու հարստությունն է, հետևաբար դրանցից ստացվող օգուտը պետք է հավասարաչափ բաշխվի բոլորի միջև: Բացի այդ, ըստ Մինասյանի, իրենց համար սկզբունքային նշանակություն ունի պետության վերաբերմունքը բիզնեսի նկատմամբ` պետությունը՝ բիզնեսը ոչ թե պետք է դիտարկի անպայմանորեն դեպի բյուջե վերադարձող միջոց, այլ նաև գործընկեր լինի. «Պետություն-մասնավոր հարաբերակցության շրջանակներում պետությունը պետք է միշտ իր արժանի դիրքում լինի, այլ ոչ թե տարբեր տիպի հարաբերություններով փորձի այս կամ այն բիզնեսը խեղդի, որպեսզի մենաշնորհն իշխի: Մենք կազմաքանդելու ենք այս համակարգը, եթե ստանանք վստահելի ձայներ»:

ՀՅԴ-ի համար կարևոր խնդիրներից է նաև երկրի անվտանգության հարցը, և բնապահպանության նախարարի համոզմունքով` երկիրը չի կարող զարգանալ, եթե քաղաքացիները կամ ներդրողներն անընդհատ մտածեն, թե կարող է սահմանին մի դեպք տեղի ունենալ: Ըստ նրա` նման իրավիճակում Դաշնակցության համար սկզբունքային հարց է դառնում թե սահմանների անվտանգության ապահովումը հենց սահմանին, թե նաև երկրի ներսում անվտանգության համակարգի ձևավորում: «Այսօրվա ԱԺ-ին անհրաժեշտ են մարդիկ, ովքեր իրենց անցած ճանապարհով և իրենց մասնագիտական պատրաստվածությամբ ու մարդկային որակներով ունակ են այս խնդիրները լուծելու. մենք առաջադրել ենք նման թիմ»,- իր խոսքն ամփոփեց Մինասյանը:

Տպել Տպել