Զիջելու որևէ բան չունենք՝ ո ՛չ արտաքին ճակատում, ո ՛չ ներքին

Նախընտրական քարոզարշավի շրջանակներում այսօր ՀՅԴ ներկայացուցիչները հանդիպում ունեցան Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա համայքի բնակիչների հետ:

ՀՅԴ ԳՄ անդամ Արսեն Համբարձումյանն իր ելույթում ասաց՝ Դաշնակցությունն այն ուժն է, որն ունի անցյալ, ներկա և ապագային նայելու ներուժ: Համբարձումյանի խոսքով՝ ազգային հարցերում զիջելու իրավունք չունի որևէ մեկը: «Զիջելու որևէ բան չունենք, զիջումը խաղաղության ճանապարհ չէ, զիջումն ուղիղ գծով մեզ կործանման է տանելու: Մենք դա ասում ենք իբրև քաղաքական ուժ, որն Արցախյան ազատամարտում մեծ ներդրում ունի, մեր քաղաքական ուժը միակն է Հայաստանում, որի շարքերի քսան տոկոսը զոհվել են ճակատում, միակ քաղաքական ուժն է, որի ներկայիս շարքերի վաթսուն տոկոսը մասնակից է եղել մարտական գործողություններին: Այդ իրավունքով մենք ասում ենք, որ զիջելու ոչինչ չունենք, որովհետև հայրենիքը զիջելու ենթակա չէ»,- ասաց Համբարձումյանը՝ ընդգծելով, որ զիջումների մասին խոսող քաղաքական ուժերն ուղղակիորեն նպաստում են Ադրբեջանի կողմից սահմանային լարվածության աճին:

«Եթե ուշադիր հետևեք քարոզարշավի ողջ ընթացքին, կտեսնեք, որ նույն ադրբեջանական լրատվամիջոցներում շատ դրական վերաբերմունք կա հայաստանյան այն քաղաքական ուժերի նկատմամբ, ովքեր հանդես են գալիս զիջումների օգտին: Նրանք հասկանում են, որ մեր ուժերը հնարավոր է ջլատել միայն ադ ճանապարհով: Զիջելու որևէ բան չունենք՝ ո ՛չ արտաքին ճակատում, ո ՛չ ներքին: Մենք չենք կարող զիջել տգիտությանը, զոռբայությանը, մեր երկրում առկա այն հոռի բարքերին, որին այսօր բոլորս ականատես ենք, որովհետև քաջ գիտակցում ենք որ ուժեղ պետություն, համերաշխ հասարակություն կարող ենք ունենալ միայն սոցիալական արդարության պայմաններում»,- ասաց Համբարձումյանը՝ հավելելով, որ ՀՅԴ-ի բոլոր ծրագրերը երկու ուղղությամբ են՝ արտաքին և ներքին:

ՀՅԴ ԳՄ անդամ Արսեն Համբարձումյանն իր խոսքում ասաց, որ ՀՅԴ-ն այն քաղաքական ուժն է, որ մշտապես կարևորել է երկրում համակարգային փոփոխություններին անցումը: «Եթե մենք չկարողանանք կայացնել ուժեղ, համերաշխ հասարակություն, մեր խնդիրները հնարավոր չի լինի լուծել: Այն բոլոր խնդիրները, որոնք մտահոգում են բոլորիս, հետևանք են, պատճառներն ավելի խորն են, պատճառները համակարգային են, դրա համար է, որ ասում ենք՝ մենք պետք է ունենանք նոր որակի իշխանություն»,- ասաց Համբարձումյանը՝ հավելելով. «Դրա համար մենք պետք է ունենանք արդյունավետ կառավարում: Հարցերի լուծումն ասյտեղ է թաքնված: Մեր ծրագրային դրույթների մեջ հենասյունային դրույթը մարդու իրավունքներին է վերաբերում: Սա է պատճառը, որ Դաշնակցությունը գտնվում է իշխանության մեջ, որովհետև առանց համակարգային փոփոխությունների, մեր երկիրն ապագա չի ունենա: Մենք լավ հասկանում ենք՝ ինչքան ծանր գին ենք վճարել դրա համար և չի բացառվում, որ դեռ ստիպված լինենք վճարել, բայց մենք պատրաստ ենք դրան, որովհետև մենք գիտենք՝ որ ճանապարհն է մեզ տանելու դեպի հզոր Հայաստան»: Համբարձումյանը վստահեցրեց, որ սահմանադրական փոփոխությունները բերելու են արդյունավետ պետական կառավարման համակարգի: «Այն ջղաձիգ վիճակները, որ կան քարոզարշավի ժամանակ, այդ ջղաձգումները վերջին ջղաձգումներն են՝ այն զոռբաների, կիսագրագետների, միջակությունների, ովքեր փորձում են վերջին շնչի վրա իշխանություն պահել իրենց ձեռքում»,- ասաց նա:

Տպել Տպել