Մենք չենք ամաչում մեր անցած ճանապարհից

ՀՅԴ ներկայացուցիչները այսօր հանդիպեցին էրեբունցիների հետ: Էրեբունի և Կենտրոն վարչական շրջաններում ռեյտինգային ցուցակով առաջադրված ՀՅԴ-ականներն ընտրողներին ներկայացրին իրենց նախընտրական ծրագիրը:

«Գրիգոր Նարեկացի» բժշկական կենտրոնի տնօրեն, ՀՅԴ անդամ Լևոն Գրիգորյանը նշեց, որ իր համար առողջապահության ոլորտում փակ դռներ չկան, բայց վերջին շրջանում հասկացել է, որ երկրում տիրող իրավիճակից ելնելով` ոչ թե պետք է կողքից նայել դեպքերին, այլ ինքդ լինես մասնակից: Ըստ նրա` իր նախընտրական ծրագրում ՀՅԴ-ն մեծ տեղ է հատկացրել առողջապահութան ոլորտին, հատկապես` պետական ապահովագրության համակարգին: Այժմ, ըստ նրա, հիվանդը վախենում է բժշկից, բժիշկը վախենում է հիվանդից. «Այն դեպքում, երբ մարդիկ իրենք չկարողանան ապահովագրել իրենց առողջությունը, ապա պետք է պետությունը նրանց աջակցի, և սա ընդունված պրակտիկա է ամբողջ աշխարհում: Նման պարագայում գոհ կմնա թե՛ հիվանդը, թե՛ բժիշկը: Բացի այդ, ասում են, թե մենք պետք է երկրում բիզնեսի զարգացմանը նպաստենք, այո՛, բայց բիզնեսը չպետք է մտնի առողջապահական ոլորտ, քանի որ առողջապահությունն այն համակարգն է, որտեղ բիզնես կոմպոնենտը երկրորդ պլան է մղվում, իսկ առաջին պլանում սոցիալական դերն է»: Առողջապահության ոլորտում, ըստ Գրիգորյանի, նույնպես արտագաղթ է` լավագույն մասնագետները հեռանում են երկրից: Առաջին խնդիրներից մեկը, Գրիգորյանի հավաստմամբ, պետք է հենց այս խնդրին լուծում տալը լինի` ստեղծել այնպիսի պայմաններ, որ երիտասարդ կադրերը չհեռանան երկրից:

ՀՅԴ-ական, ԿԳ նախարարի փոխնախարար Բագրատ Եսայանն էլ նախ հիշեցրեց, որ ՀՅԴ-ն 127 տարեկան է և միշտ եղել է հայ ժողովրդի քաղաքական իրականության մեջ, իսկ այսօր ՀՅԴ-ի հետ մրցակցող ուժերից ոմանք ստեղծվել են 2-3 ամիս առաջ: Բացի այդ, ըստ նրա` ստեղծվել են դաշինքներ, որոնք, պարզ չէ, որ կողմ են գնում` ներկայացուցիչներից մեկն ասում է դեպի ՌԴ գնանք, մյուսը` Եվրոպա: «Մեր քաղաքական կուսակցությունը` թե որպես անձեր, թե որպես ՀՅԴ, մշտական ու կայուն է եղել, ինչի համար էլ մենք իրավունք ունենք ասել` ընտրեք Դաշնակցությունը: Մենք չենք ամաչում մեր անցած ճանապարհից, չենք ուզում մեր դեմքը փոխել ու նոր մարդիկ բերելով` ասել, թե տեսեք` ինչ նոր ու սիրուն դեմքեր ենք բերել, նրանց ընտրեք: Ո՛չ, մենք հաստատուն ենք` թե՛ ընդդիմության մեջ, թե՛ իշխանության մեջ նույն բանն ենք ասում»,- ասաց Եսայանը: Բոլոր քաղաքական ուժերը, Եսայանի կարծիքով, ասում են, թե երկիրն ու տնտեսությունը պետք է զարգանա, իսկ թե ինչպես պետք է զարգանա, ոչ ոք չի ասում: Իսկ ՀՅԴ-ն, Եսայանի խոսքով, սոցիալիստական երկիր է, և նախորդ 27 տարիներին իշխել են լիբերալ ուժերն ու նրանց գաղափարախոսության պատճառով ժողովրդի մի փոքր հատվածը հարստացել է ու շարունակում է հարստանալ, իսկ օրըստօրե աղքատացող ժողովուրդը շարունակում է աղքատանալ. «Միայն ՀՅԴ-ն է, որ ասում է` սա ճիշտ ճանապարհ չի: Մենք պատրաստվում ենք այնպիսի տնտեսական համակարգ ստեղծել, որ աշխատող մարդն արդյունքում ստանա աշխատավարձ, որը կապահովի նրա արժանապատիվ գոյությունը, երբ ծերերը թոշակի անցնելուց հետո ոչ թե գրոշներ կստանան, այլ արժանապատիվ թոշակ: Մենք կարծում ենք, որ այս տնտեսական համակարգը պետք է դեմոնտաժ արվի և տնտեսական նոր հարաբերություններ հաստատվեն երկրում»: Եսայանը նկատում է` բոլոր կուսակցությունները խոսում են ներդրումների մասին, սակայն, ըստ նրա, երկրում ներդրումներ են արվում, երբ իշխանության հանդեպ վստահություն են ունենում:

Ներդրումների միակ աղբյուրը, Եսայանի կարծիքով, Սփյուռքն է, իսկ Սփյուռքում միակ ուժը, ում հանդեպ Սփյուռքում կա վստահությւոն, Դաշնակցությունն է: Իր խոսքն ամփոփելով` Եսայանը կոչ արեց ապրիլի երկուսին ընտրություն կատարել խղճով, ոչ թե վաճառել իրենց ձայնը:

Տպել Տպել