Դաշնակցությունն ամեն կերպ նպաստելու է երկրի տնտեսության զարգացմանը

Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցության անդամները նախընտրական քարոզարշավի շրջանակներում հանդիպումներ են ունեցել Տավուշի մարզի մի շարք համայնքների բնակիչների հետ: Դաշնակցականները Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանի և ՀՀ Տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանի գլխավորությամբ շրջել են մարզի մի շարք համայնքներում, ապա կանգ առել Գանձաքար համայնքում, որի ղեկավարը ՀՅԴ-ական է:

ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը գանձաքարցիներին կոչ արեց նախապատվությունը տալ ՀՅԴ-ին, քանի որ իրենք մյուս քաղաքական ուժերի նկատմամբ առավելություն ունեն: Վարդանյանը թվարկեց իրենց առավելությունները:

«Ո՞ր կուսակցությունն է, որ մեկ անձի կուսակցություն չէ: Տեսնում եք, որ շատերը կախված են մեկ անձից, այդ անձն ինչ ասում է, մյուսները նրա հետևից կրկնում են, այդ մարդը չլինի, կուսակցությունից ոչինչ չի մնա: Ո՞ր կուսակցությունն է, որ հավաքական ղեկավարություն ունի: Միայն Դաշնակցությունն է, որի բոլոր տարածքային թեկնածուները կողք -կողքի աշխատում են մեկ նպատակի` կուսակցությանը ձայն բերելու համար: Իսկ մնացած քաղաքական ուժերի թեկնածուները միմյանցից ձայն են խլում ու մրցակցում են միմյանց դեմ»,- ասաց Վարդանյանը:

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը նշեց, որ կառավարության կազմում լինելով` իրենք ամեն կերպ նպաստելու են երկրի տնտեսության զարգացմանը:

«Կանենք սա, մենք կշարունակենք աշխատել այդ կառավարությունում, չենք անի` չենք աշխատի: Դուք շատ լավ եք հիշում, 8-9 տարի առաջ մենք մեկ օրվա ընթացքում դաշնակցական բոլոր նախարարներով դիմում գրեցինք և ազատվեցինք մեր պաշտոններից հայ-թուրքական արձանագրությունների պատճառով: Նույնը մենք պատրաստ ենք անել, եթե ապագա կառավարությունը չի առաջնորդվելու տնտեսական այն բարեփոխումներով, որ մենք որդեգրել ենք»,- եզրափակեց Լոքյանը:

Տպել Տպել