Մենք չեն կարող բավարարվել խորհրդարանական ընտրությունների այս արդյունքներով

Դաշնակցությունն այս ընտրություններում նոր առաջընթաց է գրանցել, այս ընտրությունները Դաշնակցության համար նոր սկիզբ էր` արդար Հայաստան ունենալու համար․Tert.am-ի հետ զրույցում այսպես ասաց Ֆրանսիայի հայկական ընկերությունները համակարգող խորհրդի նախագահ, ՀՅԴ Բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանը՝ նշելով, որ ընտրություններից հետո նա Հայաստանում էր, և այստեղ էլ իր եզրակացություններն արել է:

«Դաշնակցությունն ունի իր համար, Հայաստանի մեջ և ընդհանրապես հայ ժողովրդի համար նոր ամբիցիաներ, որպեսզի զարգանա պետությունը, որպեսզի ուժեղանա պետությունը, որպեսզի արտագաղթի թվերը փոքրանան և որպեսզի Հայաստանի ժողովուրդը՝ հատկապես երիտասարդությունը, կարողանա Հայաստանի մեջ ապագա կերտել, երևակայել, ստեղծել և ամրապնդել»,- ասաց նա՝ հավելելով, որ իրենք համոզված են, որ Դաշնակցության ներդրումով հնարավոր է այս նպատակներին հասնելը:

Մուրադ Փափազյանի խոսքով՝ վերջին խորհրդարանական ընտրություններով Դաշնակցությունն առաջընթաց արձանագրեց: «Դաշնակցությունը նաև կառավարական կուսակցություն է: Այն ամբողջություն է՝ Արցախ, սփյուռք և Հայաստան, և այս ամբողջությունը Հայաստանը պետք է նկատի իբրև կարևորություն: Ուրիշ ո՞ր կուսակցությունը Հայաստանում նման ներկայություն ունի: Սփյուռքը կարող է դեր խաղալ Հայաստանի զարգացման մեջ, որպեսզի անկախությունը հաջող գաղափար դառնա Հայաստանի համար: Այստեղ Դաշնակցությունը լուրջ դեր ունի»,- ասաց նա:

Դիտարկմանը, թե իրենց ամերիկահայ գործընկեր Վաչե Բրուտյանը հոդված էր հրապարակել, որտեղ իր մտահոգություններն էր հայտնել՝ նշելով, որ հայաստանյան հասարակությունը խորհրդարանական ընտրություններին գաղափարների հետևից չգնաց, այլ ընտրեց նյութական միջոցներով առաջնորդվող ուժին: «Հ.Յ.Դաշնակցութեան ընտրական ծրագիրը (պլատֆորմ), որ դարձեալ Կարօ Արմենեանի բնորոշումով, «ուրիշ բան չէ, եթէ ոչ յեղափոխական կուսակցութեան պայմանագիրը մեր ժողովուրդին հետ», փաստօրէն չկրցաւ պատուար կանգնիլ խեղելու եւ խեղդելու այս ճիգին դիմաց»,- նշել էր նա իր հոդվածում:

Սրա հետ կապված՝ Մուրադ Փափազյանը նշեց, որ, իհարկե, իրենց չի բավարարում ՀՅԴ-ի գրանցած արդյունքներն այս ընտրություններում: «Մենք չեն կարող բավարարվել այս արդյունքներով: Անշուշտ, պետք է ճանաչում լինի այդ քվեներին: Բայց նաև պետք է դատապարտել ձայները գնելը: Դատապարտելու հետ միաժամանակ պետք է հասկանանք՝ ինչու՞ է ժողովուրդն ընդունում գումարը, ի՞նչ է նշանակում ձայն վաճառելը: Դա նշանակում է, որ ժողովուրդը լավ չի ապրում իր երկրի մեջ: Եթե ժողովուրդը լավ ապրի, նա չի ընդունի գումարը: Վերջիվերջո իր գաղափարը կգնվի: Այս հարցերը պետք է քննվեն»,- ասաց նա:

tert.am

Տպել Տպել