Ագրամունտի ջանքերը այս անգամ հազիվ թե արդյունք տան

Ապրիլի 24-27-ը Ստրասբուրգում կանցկացվի Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի գարնանային նստաշրջանը: Այս օրերին վեհաժողովում կքննարկվի ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտի պաշտոնանկության հարցը: Նրա անունը կապվում է կոռուպցիոն գործարքների հետ, նա հովանավորում է ԵԽԽՎ կոռումպացված պատվիրակներին, չարաշահում է պաշտոնական դիրքը: Ագրամունտը մշտապես աչքի է ընկել նաեւ ադրբեջանամետ կեցվածքով:

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պեդրո Ագրամունտը Պետդումայի պատգամավորների հետ մարտի 20-ին այցելել էր Սիրիա՝ չունենալով կառույցի լիազորությունը: Այցը աղմուկ էր բարձրացրել ԵԽԽՎ պատվիրակների շրջանում, եւ ԵԺԿ խմբակցության ղեկավար Ակսել Ֆիշերը նախաձեռնել է Ագրամունտի քայլը դատապարտող մի նախագիծ: Ագրամունտը եւս «Եվրոպական ժողովրդական կուսակցություն» խմբակցության անդամ է: Սպասվում է, որ Ֆիշերի բանաձեւը կքննարկվի ԵԽԽՎ ապրիլյան նստաշրջանում, բայց սա չի լինի Ագրամունտին առնչվող միակ հարցը: Դեռեւս հունվար ամսին վեհաժողովի կանոնակարգի հանձնաժողովում քննարկվել է ԵԽԽՎ կոռումպացված պատվիրակների գործունեությունը հետաքննող մարմին ստեղծելու հարցը. տարբեր հրապարակումներում Ագրամունտը դիտարկվում է որպես նրանց հովանավոր:

«Հանձնարարություն կար, որ ճշտվի հետաքննող մամնի մանդատը: Այդ գործը պետք է կատարեր նստաշրջանների արանքում գործող կոմիտեն մարտին: Բայց քանի որ այդ կոմիտեն ղեկավարում է Ագրամունտը, ամեն ինչ արվեց, որ բանաձեւը չընդունվի: Ես վստահ եմ, որ հետաձգումը այլեւս անհնար է դառնալու, բանաձեւը քննարկվելու է ապրիլյան նստաշրջանում, եւ հետաքննող մարմինը ստեղծվելու է»,- նշեց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար, ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Արմեն Ռուստամյանը:

Վերջինս կարծում է՝ սա այլեւս անդառնալի գործընթաց է, ու Ագրամունտի ջանքերը այս անգամ հազիվ թե արդյունք տան. ԵԽԽՎ-ի հեղինակությամբ մտահոգ պատվիրակների թիվը մեծացել է, իսկ Ֆիշերի բանաձեւն ու հետաքննող մարմին ստեղծելու նախաձեռնությունը պարզապես միմյանց լրացնելու են:

«Կա 2 պրոցես՝ մեկը վերաբերում է Ագրամունտի այցին. դա կարող է անվստահության գործընթաց առաջացնել հենց Ագրամունտի մասով: Մյուսը հետաքննող մարմնի ստեղծումն է: Դրանք ուղղակիորեն միմյանց հետ կապված չեն, բայց առնչություններ ունեն: Անկախ մարմին ստեղծելու պրոցեը այլեւս չի կարող անարդյունք լինել:Այս երկուսը միասին ձնագնդի էֆեկտ են տալու, եւ ավելի լուրջ քննարկում է սպասվում»,- հավելեց Ռուստամյանը:

Զեկույցի քննարկումը ուղղակիորեն առնչվելու է ԵԽԽվ-ում տարածված խավիարային դիվանագիտությանը. շոշափելու է իտալացի Վոնոտեի, սերբացի Միլիցա Մարկովիչի անունները: Այս համատեքստում՝ հայկական պատվիրակությունը կարեւոր է համարում անդրադարձը հենց այս դիվանագիտության արդյունքում ընդունված եւ հենց կոռումպացված պատվիրակների կողմից մշակված հակահայ բանաձեւերին: Արմեն Ռուստամյանը ասում է, որ պետք է աշխատել դրանք չեղյալ համարելու ուղղությամբ:

yerkirmedia.am

Տպել Տպել