- Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն - http://www.arfd.info/hy -

Թրամփից մեր ակնկալիքը Հայոց ցեղասպանության հարցում ազնիվ դիրքորոշում ունենալն է

Դեռ սպասում ենք, պետք է տեսնենք՝ արդյո՞ք ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ապրիլի 24-ին կնախընտրի խոսել փաստերի լեզվով, թե՞ տուրք կտա Թուրքիայի ճնշումներին: Tert.am-ի հետ զրույցում խոսելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ուղղված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակն ըստ արժանվույն հարգելու կոչին՝ ասաց Վաշինգթոնի Հայ դատի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը, որն էլ նախաձեռնության հիմնադիրներից է:

[1]

«Եթե նա մատնանշի բարոյական արժեքների, պատմական փաստերի մասին, նա շատ ճշմարիտ բան կանի: Կնշանակի, որ նա ըստ արժանվույն հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը»,- ասաց նա:

Արամ Համբարյանը նշեց, որ ԱՄՆ-ում Թուրքիայի կողմից գործադրվող ճնշումը որոշիչ է միշտ լինում․ նրանք ամեն ինչ անում են, որ ԱՄՆ-ի վարչակազմից և ոչ ոք չարտասանի Հայոց ցեղասպանություն բառակապակցությունը:

«Դեռ ժամանակ կա, տեսնենք՝ Դոնալդ Թրամփը կհետևի՞ պատմությանը, փաստերին, բարոյական արժեքներին, թե՞ Թուրքիայի ճնշումներին կենթարկվի»,- ասաց Արամ Համբարյանը:

Անդրադառնալով ԱՄՆ նոր նախագահ Թրամփի քաղաքականությանը՝ նա նշեց, որ իրենք հիմա փորձում են հասկանալ՝ ինչպես է Միացյալ Նահանգների նոր վարչակազմն աշխատում, որքան է երկրի կառավարումն առաջնորդվում նախագահի որոշումներով և որքան՝ Պետդեպարտամենտի որոշումներով:

«Մենք դեռ փորձում ենք դա հասկանալ, դեռ ամբողջովին պարզ չէ: Դեռ պետք է պարզենք, թե ԱՄՆ նոր վարչակազմում ինչպես են աշխարհաքաղաքական, արտաքին քաղաքական և այլ հարցերով որոշումները կայացվում»,- ասաց նա:

Հարցին, թե ինքը, որպես հայկական հարցերի լոբբինգն իրականացնող կառույցի ղեկավար, ինչպե՞ս է գնահատում ԱՄՆ նոր վարչակազմի հետ աշխատանքների հնարավորությունը, արդյո՞ք հեշտ է նրանց հետ աշխատելը, նա պատասխանեց․ «Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը մշտապես աշխատում է կոնգրեսականների հետ և նրա հետ, ով ընտրվում է նախագահ: Դա մեր պարտականությունն է: Մենք ցանկացած որոշում կայացնելիս փորձում ենք հասկանալ, թե ինչպես կարող ենք օգնել Հայաստանին: Այդ պատճառով մենք բոլորի հետ ենք գործ ունենում: Եթե Կոնգրեսի կամ Սենատի անդամները ցանկանան Հայաստանին օգնել, ցանկանան ճանաչել Հայոց ցեղասպանությունը, մենք նրանց հետ ենք աշխատելու: Մենք աշխատում ենք մեր բոլոր խնդիրների ուղղությամբ»,- ասաց նա:

Արամ Համբարյանը, վերադառնալով ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հավանականության թեմային, նշեց, որ տարիներ առաջ Թուրքիան շատ ավելի լավ հարաբերություններ ուներ այն մարդկանց հետ, ովքեր կարող էին կանխել Հայոց ցեղասպանության ճանաչումը Միացյալ Նահանգներում:

«Բայց հիմա նրանք չունեն այդ հարաբերությունները: Բացի այդ, Միջին Արևելքում հիմա կատարվողը նման է Հայոց ցեղասպանությանը, և ես կարծում եմ, որ շատ ամերիկացիներ դա տեսնում են: Նաև պետք է պահել խոստումը՝ Հայոց ցեղասպանության թեման միշտ ԱՄՆ-ում ուշադրություն կենտրոնում պահելով: Եվ կգա մի օր, երբ Թուրքիան այլևս չի կարողանա ազդել ամերիկյան քաղաքականության վրա»,- ասաց Արամ Համբարյանը:

Նրա խոսքով՝ անկախ ամեն ինչից, իրենք փորձում են այլ ուղղություններով էլ հայկական խնդիրներն առաջ տանել: Նա հիշատակեց, որ ԱՄՆ 4 նահանգ արդեն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Այս տարի ապրիլի 20-ին էլ ԱՄՆ նոր նախագահից ակնկալիքը մեկն է՝ Թուրքիայի՝ լռեցնելու քաղաքականությունը մերժելն ու Հայոց ցեղասպանության հարցում ազնիվ դիրքորոշում ընդունելը:

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման 2008թ. նախագահական քարոզարշավի ընթացքում խոստացել էր նախագահ ընտրվելու դեպքում ճանաչել Հայոց ցեղասպանությունը, սակայն ընտրվելուց հետո նա այդպես էլ չարտասանեց «ցեղասպանություն» բառը և 1915թ. հայերի կոտորածները ապրիլքսանչորսյան բոլոր ուղերձներում անվանեց հայերեն «Մեծ եղեռն», որը իրավական նշանակություն չունի:

Նոր ընտրված նախագահ Դոնալդ Թրամփն իր քարոզարշավի ժամանակ երբևէ չի խոսել հայկական հարցերի շուրջ, Հայոց ցեղասպանության ճանաչման հետ կապված ևս ոչ մի խոստում չի տվել:

Նշենք նաև, որ Միացյալ Նահանգների Կոնգրեսի ավելի քան 80 անդամներ կոչ են արել նախագահ Դոնալդ Թրամփին ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Թրամփին ուղղված նամակի տակ իրենց ստորագրություններն են դրել Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների և Ազգային անվտանգության հարցերով հանձնաժողովների կարևոր ղեկավարներ՝ հանրապետական Էդ Ռոյսը և Դևին Նունեզը և հանձնաժողովի ղեկավարի տեղակալներ, դեմոկրատ կոնգրեսականներ Էլիոթ Էնգելը և Ադամ Շիֆը: Դոնալդ Թրամփին ուղղված կոչին են միացել նաև մի շարք սենատորներ: Նրանցից է Մասաչուսեթսը ներկայացնող սենատոր Էդ Մարքին:

tert.am