Փարիզում տեղի ունեցաւ Արևմտեան Եւրոպայի պատանեկան միութիւնների խորհրդաժողով

ՀՅԴ Արևմտեան Եւրոպայի Պատանեկան միութիւնների Ընդհանուր վարիչ մարմնի նախաձեռնութեամբ 2017 թ. ապրիլի 29-30-ին, Փարիզում տեղի ունեցաւ Արևմտեան Եւրոպայի պատանեկան միութիւնների խորհրդաժողով։

Խորհրդաժողովին մասնակցում էին մօտ 30 վարիչներ և վարիչ մարմնի անդամներ տարբեր շրջաններից։

Բացման խօսքով ՀՅԴ Արևմտեան Եւրոպայի ԿԿ անունից հանդէս եկան՝ ընկերներ Հրաչ Վարժապետեանը և Տիգրան Շահմիրեանը, ինչպես և ՀՅԴ Բիւրոյի Երիտասարդական գրասենեակի պատասխանատու ընկեր Սարգիս Մկրտչեանը։ Խորհրդաժողովին մասնակցեց նաև ՀՅԴ Արևմտեան Եւրոպայի ԿԿ անդամ ընկեր Յովսէփ Տէր-Գէորգեանը։

Երկօրեայ խորհրդաժողովի ընթացքում շրջանների ներկայացուցիչները նախ զեկուցեցին իրենց կատարած աշխատանքների և ունեցած դժուարութիւնների մասին, ապա ունկնդերցին երեք դասախօսութիւն՝ «Ո՞վ է ֆրանսահայ պատանին, ինչպէ՞ս բնորոշել իր ինքնութիւնը», դասախօս Պրն. Կարապետ Տագէսեան, «ՀՅԴ պատանեկան միութեան առաքելութիւնը և սպասելիքները պատանեկան միութիւնից», դասախօս ընկեր Յակոբ Ենիգոմշեան, «ՀՅԴ պատանեկան միութիւնների դաստիարակչական ուղղութիւնները և նիւթերի փոխանցման արդիական մեթոդները», դասախօս ընկեր Սարգիս Մկրտչեան։

Խորհրդաժողովի մասնակիցները բաժանուելով աշխատանքային խմբերի քննարկեցին «Որո՞նք են տիպար վարիչի յատկանիշները», «Ի՞նչ դաստիարակչական նիւթեր պէտք է փոխանցել պատանիներին», «Ինչպէ՞ս ընդլայնել պատանեկան միութեան շարքերը» և այլ հարցեր և առաջարկներ ներկայացրին յառաջիկայ անելիքների կապակցութեամբ։ Մտքերի փոխանակութիւն տեղի ունեցաւ նաև 2017 թ. ամռանը տեղի ունենալիք Արևմտեան Եւրոպայի պատանեկան միութիւնների ներքին բանակումի և ՀՅԴ պատանեկան միութիւնների համահայկական Հայաստանագնացութեանը շրջանի մասնակցութեան շուրջ։

Խորհրդաժողովը շեշտեց պատանեկան միութիւնների կարևոր դերը հայ պատանուն բարոյական, ազգային, գաղափարական, ֆիզիքական ու քաղաքացիական դաստիարակութիւն տալու և միութենական աշխատանքների ընդմիջից նրան հաւաքական աշխատանքի փորձառութիւն ընձեռելու հարցում։

Երկօրեայ խորհրդաժողովն անցաւ ընկերական մթնոլորտում։ Կարևորուեց պարբերաբար նման խորհրդաժողովներ կազմակերպելու անհրաժեշտութիւնը։

ՀՅԴ Արևմտեան Եւրոպայի
պատանեկան միութիւնների խորհրդաժողով
30 ապրիլ, 2017 թ.
Փարիզ, Ֆրանսիա

Տպել Տպել