Շուշիի ազատագրումը իմաստավորեց ԼՂՀ հռչակումը

Վերջերս լույս է տեսել պատմական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր Վահրամ Բալայանի «Շուշի. Տեղն ու դերը հայոց քաղաքակրթական համակարգում» մենագրությունը, որը նվիրված է Շուշիի ազատագրման 25-ամյակին: Գրքի լույս ընծայման շարժառիթների և, ընդհանրապես, հայկական իրականության մեջ քաղաքի դերակատարության մասին «Ապառաժ»-ը զրուցել է հեղինակի հետ:

– Պարոն Բալայան, ինչու՞ Շուշի: Ի՞նչ նշանակություն ունի այն հայոց պատմության մեջ:

– Շատ քիչ բնակավայրեր գոյություն ունեն, որոնք դրանք իսկ ստեղծած ժողովրդի պատմության, ճակատագրի մեջ այնպիսի վճռորոշ, երբեմն հակասական դերակատարություն ունեցած լինեն, ինչպես Շուշին: Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ առաջին հազարամյակում արդեն Շուշիի բարձրավանդակի վրա գոյություն ունեին մի քանի ամրություններ: Սկզբնական շրջանում դեպի Հայկական լեռնաշխարհի սիրտը տանող կայաններում հայ թագավորները կառուցել են բերդեր, որոնք հնարավորություն չեն տվել, որպեսզի թշնամին խորանա Հայկական լեռնաշխարհի խորքը, մանավանդ` շարժվի դեպի Այրարատ, որովհետև Արարատ սրբազան լեռան շրջակայքում էին գտնվում հայկական մայրաքաղաքները: Շուշին, որպես պաշտպանական ամրոց, միայնակ չի եղել: Հենց Շուշիի կիրճի վրա գոյություն են ունեցել մի քանի ամրություններ, որոնց հետքերն առ այսօր պահպանվում են: Դրանք ժամանակին եղել են ամրացված վայրեր, որոնք թույլ չեն տվել, որպեսզի հակառակորդը խորանա հայոց երկրի սրտում: Շուշիի` որպես հայոց պաշտպանիչ համակարգի հիմնական օղակի կարևորությունը քաջ գիտակցել են ոչ միայն մեր իշխաններն ու զորապետերը, այլև մեր հակառակորդներն ու թշնամիները: Այսինքն` ոչնչացնել Շուշին, նվաճել այն, նշանակում է` հայ մարդուն, հայ բնակչին և, ընդհանրապես, հայոց երկիրը դնել խոցելի կացության մեջ:

Պատահական չէ, որ 18-րդ դարի կեսերին թուրք ցեղապետերից մեկը՝ Փանահը, նպատակադրվել է տիրանալ այս բերդին: Ցավոք սրտի, հայ մելիքների մեջ տեղի ունեցած գզվռտոցների, հակամարտության հետևանքով թուրքերը կարողացան այդ ամենն օգտագործել և ամրանալ Շուշիում: Շուշին 55 տարի գործում էր ընդդեմ հայության: Փանահը, հիմնավորվելով այստեղ, սկսեց պայքարել Արցախի մյուս մելիքների և, ընդհանրապես, արցախահայության դեմ՝ նպատակ ունենալով այս ամուր բերդն օգտագործել հայկական կուռ միասնությունը ոչնչացնելու համար:

18-րդ դարի ողջ երկրորդ կեսին Շուշին հայության համար պատուհաս էր դարձել, սակայն եկան նոր ժամանակներ. ի նկատի ունեմ 1805թ. Քյուրաքչայի պայմանագիրը, այնուհետև 1813թ. Գյուլիստանի պայմանագիրը, որոնք հնարավորություն տվեցին, որպեսզի Շուշին նորից դառնա հայկական: Ստեղծված խաղաղ իրավիճակը նպաստեց, որպեսզի Շուշին դառնա հայահավաք կենտրոն: Այստեղ սկսեցին հավաքվել ոչ միայն Արցախի տարբեր հատվածների բնակիչներ, այլև Նախիջևանից, Պարսկաստանից և հայկական մի շարք այլ բնակավայրերից ևս այստեղ տեղափոխվեցին մեծ քանակությամբ հայեր: Այստեղ տեղափոխված հայերն իրենց հետ բերեցին գործարար ջիղը: Այս ունակությունը խառնվեց արցախցուն գենետիկորեն տրված ռազմիկ լինելու, գիտնական լինելու, քաղաքական գործիչ լինելու ունակություններին, և ստեղծվեց արցախցու ամբողջական կերպարը:

– Որո՞նք են Շուշիին անդրադառնալու շարժառիթները և ինչո՞վ է այն կարևորվում` ըստ Ձեզ:

– «Շուշի. Տեղն ու դերը հայոց քաղաքակրթական համակարգում» մենագրության ստեղծումն ուներ ոչ միայն գիտական հիմնավորում, այլև քաղաքական մեծ նշանակություն: Ադրբեջանի քաղաքական, գիտական շրջանակները տարիներ շարունակ փորձել են ոչ միայն հայության հողը, տարածքները խլել, այլ նաև հայ մարդու ստեղծած արժեքները, մեր բնակավայրերը համարել իրենցը, առավել ևս` Շուշին, որովհետև այս քաղաքն Անդրկովկասի 19-րդ դարի ամենախոշոր բնակավայրերից մեկն է եղել իր կշռով՝ բնակչությամբ: 19-րդ դարի երկրորդ կեսին Բաքվից, Թիֆլիսից հետո այն երրորդ քաղաքն էր իր մեծությամբ: Նրանք փորձել են նաև սեփականացնել Շուշիի պատմությունը: Դրանից ելնելով` ես նպատակ դրեցի, որպեսզի ուսումնասիրեմ, թե Շուշին ընդհանրապես իրենից ի՞նչ է ներկայացրել, ի՞նչ է տվել հայությանը: Մանավանդ` պատասխանել ադրբեջանցիների այն տեսակետին, թե Շուշին իբր ստեղծվել է Փանահ խանի կողմից, 19-րդ դարի երկրորդ կեսին: Հիմնական նպատակ եմ հետապնդել ցույց տալ, որ այս ամրոց-բնակավայրը հազարամյակների պատմություն ունի: Կարծում եմ, որ դա ինչ-որ չափով ինձ հաջողվեց: Հայ, ռուս, արաբ մատենագիրների, թուրքական աղբյուրների, 19-րդ դարի մամուլի, արխիվում պահպանված նյութերի, ինչպես նաև ՀՀ-ում, ՌԴ-ում, Վրաստանի պատմության արխիվում պահպանված նյութերի հիման վրա ներկայացրել եմ այս բերդաքաղաքի ամբողջական պատմությունը՝ առավել ուշադրություն դարձնելով նաև առաջին հազարամյակից մինչև 1850-ական թթ. Շուշիի պատմության վրա:

Այնուհետև, նպատակ ունեի ցույց տալ, թե Շուշին ի՞նչ տվեց հայությանն ու հայ մարդուն: Առաջին հերթին` հաջողվեց ցույց տալ, որ ողջ 19-րդ դարում և 20-րդ դարի սկզբներին Շուշին դարձավ հայ գործարար խավի ամենակարևոր միջավայրերից մեկը, որտեղից տնտեսական նոր համակարգերին հատուկ մտածելակերպը նրանք տարածեցին նաև Անդրկովկասում և հարակից երկրներում: Հայ գործարար խավի մի մասը, որ կրթություն, դաստիարակություն էր ստացել այստեղ, տեղափոխվեց և լայն գործունեություն ծավալեց Բաքվում, Թիֆլիսում, Մոսկվայում, ընդհուպ` մինչև Հնդկաստան: Այս տնտեսական մեծ պոտենցիալը հնարավորություն տվեց, որպեսզի քաղաքը բարգավաճի, զարգանա ու ստեղծվի քաղաքացիական մի հասարակություն, որտեղ հայ մարդը սկսեց զբաղվել նաև բարերարությամբ. ստեղծվեցին բարեգործական հաստատություններ, հայ բարեգործները մեծ ներդրում ունեցան քաղաքի մշակութային, կրթական կյանքի հունավորման, զարգացման գործում:

Մի հետաքրքիր բացահայտում ևս: Հայ մարդու այս տնտեսական բարեկեցությունը նաև հնարավորություն տվեց, որպեսզի Շուշիում ապրող մյուս ազգային փոքրամասնությունները՝ թաթարները, թուրքերը, որոշակիորեն զարգացում ապրեն: Գաղտնիք չէ, որ թուրքերը խարխափում էին տգիտության մեջ:

Հայ մարդը ոչ միայն իր համար դպրոց, թատրոն բացեց, այլ, միաժամանակ, նպաստեց, որ թուրքերն էլ ներգրավվեն մշակութային այդ եռուզեռի մեջ:

Շուշին դարձավ նաև հայկական մշակույթի խոշոր օջախներից մեկը, որտեղ սկսեց զարգանալ հայկական մշակույթը: Մշակութային նորարարությունը տարածվեց նաև հայկական մյուս բնակավայրերում և հեռու գաղթօջախներում: Եվ պատահական չէ, որ հայ մեծանուն գործիչներն այստեղ են հավաքվել (Ղազարոս Աղայան, Պերճ Պռոշյան, Լևոն Սարգսյան, Սեդրակ Մանդինյան, ծնունդով շուշեցի` Լեո) ու իրենց գլուխգործոցների մի մասն ստեղծել այստեղ: Մարդիկ, որոնք մեծ դերակատարություն են ունեցել ընդհանրապես հայ մարդու հոգեկերտվածքն անխաթար պահելու, հայկական մշակույթը, գիտությունը զարգացնելու գործում:

Բացահայտումներից մեկն էլ այն է, որ Շուշին դարձել էր նաև ազատության գաղափարակիր: Առաջին անգամ շուշեցի գործիչները, Շուշիում կրթություն ստացած գործիչները հայ իրականության մեջ տարածեցին այն գաղափարը, որ հայ մարդն իրավունք ունի պայքարելու իր ազատության, իր անկախության համար, և այս գաղափարի հիմքերի վրա էլ հետագայում նրանք առաջ քաշեցին պետություն ունենալու գաղափարը: Այսօրվա համար դա կարող է սովորական բացահայտում լինել, բայց սա կարևոր է, որովհետև միջնադարյան խավարի մեջ խարխափող, պետականությունից զրկված, ստրկամտության մեջ պարուրված հայ մարդու համար կարևոր է եղել ցույց տալ, որ նախանցալ ժամանակներում ունեցել են պետականություն, և այն կարելի է վերականգնել: Պատահական չէ, որ այս գաղափարները ոչ միայն տարածվեցին Արևելյան Հայաստանում, այլ նաև` Արևմտյան Հայաստանում: Ըստ Ռուբենի` եթե Արևմտյան Հայաստանի ազատագրական շարժման արմատները արևմտահայ ծագում ունեցող ֆիդայիններն էին, ապա նրա հյութեղ պատվաստները զարմանալիորեն արցախցի էին, մանավանդ` Շուշիից եկած (Արամ Մանուկյան, Վանա Իշխան):

Այստեղ սկսվեց նաև, այսպես կոչված, սահմանադրական շարժում: 19-րդ դարի 40-50-ական թթ. Ռուսաստանն ապրում էր ճորտատիրական ժամանակահատված, և պատահական չէ, որ ամբողջ 19-րդ դարում ցարական իշխանությունները պայքարում էին Շուշիում ձևավորված ազատամիտ գաղափարների դեմ: 20-րդ դարում մի նոր իրավիճակ ստեղծվեց, և այստեղ Շուշին նորից առաջնակարգ դիրքում էր: 19-րդ դարից եկող այդ գաղափարների զարգացումը կարծես թե իր արտացոլումը ստացավ 1918-20թթ., երբ շուշեցի գործիչները, դեռևս մինչև Անդրկովկասում 3 հանրապետությունների ձևավորվելը, 1917թ.` մանավանդ ՀՅԴ Ապառաժի կառույցի շնորհիվ, որն իր շուրջը համախմբեց մյուս կուսակցություններին, ձևավորեցին պետականություն: Սա անչափ կարևոր է ոչ միայն գիտական տեսանկյունից, այլ նաև քաղաքական, որովհետև ադրբեջանցիները և նրանց սատարող ուժերը խոսում են Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին, որը ոչ մի պատմական հիմք չունի:

Ցավոք սրտի, խորհրդային ժամանակահատվածում Շուշին գործում էր ընդդեմ հայության, որովհետև գտնվում էր Ադրբեջանի գերիշխանության տակ: 1920թ. ջարդերից հետո հայ մարդը լքեց այս բնակավայրը, և այն բաժին հասավ թուրքին: Արցախյան շարժման սկզբնափուլում այն մեզ համար դարձել էր մահաբեր զենք` անընդհատ կրակի տակ պահելով Ստեփանակերտն ու հարակից հայկական բնակավայրերը: Փառք Աստծո` հաջողվեց 1992թ. մայիսի 9-ին ազատագրել Շուշին, և սկսվեց Շուշիի զարգացման, իմ գնահատմամբ, 6-րդ պատմափուլը, որն արդեն գործելու է ի նպաստ հայության: Նորից վերականգնվելու են այն ավանդույթները, որ դարեր շարունակ հայ մարդն ստեղծել է այս բերդաքաղաքում:

– Պարոն Բալայան, ի՞նչպես կգնահատեիք Շուշիի ազատագրումը: Այն ի՞նչ նշանակություն ունեցավ Արցախյան պայքարում:

Շուշիի ազատագրումը մեր վերջին հազարամյա պատմության ամենակարևոր իրադարձություններից մեկն է, եթե ոչ` ամենանշանավորը, որովհետև այդ ժամանակից սկսած ոչ միայն հայ մարդու կյանքը փոխվեց, միաժամանակ նաև` պատմական արդարությունը վերականգնվեց, հայկական պետականության ձևավորման և հզորացման սկիզբը դարձավ: Շուշիի ազատագրումը հնարավորություն տվեց իրականացնել բազում սերունդների երազանքը՝ ունենալ անկախ պետականություն: Չնայած մինչ այդ հռչակվել էր Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, Շուշիի ազատագրումը դրան իմաստ փոխանցեց: Դա ոչ միայն հնարավորություն տվեց, որպեսզի բացվի կյանքի ճանապարհը դեպի Հայաստանի Հանրապետություն, այլ, միաժամանակ, մեր ռազմական հաջողությունների սկիզբը դարձավ: Այս ճակատամարտում կոփվեց հայ մարդու, հայ զինվորի կամքը, ով հասկացավ, որ ինքը կարող է քիչ ուժերով մեծ խնդիրներ լուծել, որ 21-րդ դարում նորից ու նորից առավել շատ վճռական է ոգին, նպատակաուղղվածությունը: Սա սերունդներին թողնված դաս է, որ պետք է որդեգրեն ու անցնեն առաջ:

Տաթևիկ Աղաջանյան

aparaj.am

Տպել Տպել