Կադրերի կրճատումը պետք է լուծել այնպես որ որևէ մեկի համար այն ցավոտ չլինի

Այսօր` կառավարության նիստից հետո, լրագրողների հետ ճեպազրույցում ԿԳ նախարարի ւպաշտոնակատար Լևոն Մկրտչյանը խոսեց դպրոցների օպտիմալացման մասին: Նրա խոսքով` նպատակահարմար է, որ փոքր դպրոցները միավորվեն, սակայն դրան հետևող սոցիալական խնդիրը` կադրերի կրճատումը, պետք է լուծել այնպես, որ որևէ մեկի համար այն ցավոտ չլինի: Նա շեշտեց, որ դպրոցների միավորման հարցն առավելապես վերաբերելու է քաղաքային դպրոցներին:

«Եթե գա, հասնի գյուղերում դպրոցների միավորման հարցին, ուրեմն պետք է դնենք սկզբունքներ, օրինակ` ամեն ինչը պետք է ունենա ոչ թե ֆինանսական հիմնավորում, այլ` որակի: Եթե դպրոցն ունի ընդամենը 7 աշակերտ, և եթե այդ դպրոցից մեկ, երկու կիլոմետրի վրա գործում է մեկ այլ դպրոց, որն ունի 60 աշակերտ, ապա նպատակահարմար է միավորել: 7 աշակերտ պահելը իսկապես դժվար է, որովհետև մենք չենք կարողանում այդ 7 աշակերտի համար որակ ապահովել»,- ասաց Լևոն Մկրտչյանը` միաժամանակ հավելելով, որ այդ երեխաները մեղավոր չեն դրա համար, և ԿԳՆ-ն պետք է ամեն դեպքում ապահովի այդ երեխաների որակյալ կրթությունը:

Լրագրողների հարցին, թե ի՞նչ է արվում բուհերի կրթական որակն ապահովելու համար, նա պատասխանեց, որ Հայաստանն ունի եվրոպական միջին որակի համալսարանական կրթություն, և սեպտեմբերին ԱԺ-ն կքննարկի բարձրագույն կրթության մասին օրենքը, որում տարանջատում կմտցվի, այսինքն` համալսարան կկոչվեն այն ուսումնական հաստատությունները, որոնք ունեն առնվազն չորս ոլորտում գործունեության ծրագիր, մնացածները կկոչվեն ինստիտուտներ:

«Մանկավարժական ինստիտուտը կադաստրային կրթություն չի տա, այլ կզբաղվի միայն մանկավարժությամբ, լեզվաբանականը` լեզվաբանությամբ և այլն: Եվ եթե հստակեցում մտցվի համալսարանների հարցում, եթե բացվեն լաբորատորիաները, գրադարանները, եթե դասախոսական և ուսանողական կազմերը գնան շրջագայության, ապա բոլորի համար կապահովվի կրթական որակ»,- ասաց Լևոն Մկրտչյանը:

Ինչ վերաբերում է մասնավոր բուհերին, ապա, նրա խոսքով, դրանց դնելու են հստակ այլընտրանքի առաջ` պետք է բարձրացնեն իրենց որակը, միավորվեն: «Մասնավոր բուհերը պետք է ընդունեն, որ 200 ուսանող ունեցող բուհում չի կարող որակ լինել: Պետք է խրախուսենք նրանց միավորումը, և Հայաստանում ունենանք 3-4 մասնավոր համալսարան»,- ասաց Մկրտչյանը:

Տպել Տպել