Արամ Համբարյանը վկայություն կտա Կոնգրեսում Էրդողանի թիկնապահների գործով լսումների ժամանակ

Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանն ԱՄՆ Կոնգրեսի Եվրոպայի գործերի ենթահանձնաժողովի լսումների ժամանակ վկայություն կտա։

Մայիսի 25-ին նախատեսված նիստը Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանատան առջեւ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի թիկնապահների մասնակցությամբ միջադեպի հետաքննության մասն է։ Ելույթ կունենան նաեւ եզդիների համայնքի ներկայացուցիչ Լուսիկ Ուսոյանն ու բողոքի ակցիայի կազմակերպիչ Մուրատ Յուսան։ Երկուսին էլ Թուրքիայի նախագահի թիկնապահները դաժանաբար ծեծել են։

Ենթահանձնաժողովի նիստը տեղի կունենա միջադեպի համար Թուրքիային դատապարտող բանաձեւի քննարկումից անմիջապես հետո։

Հիշեցնենք, որ մայիսի 17-ին Վաշինգտոնում Թուրքիայի դեպսանատան առջեւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցի դեմ խաղաղ ակցիայի ընթացքում վերջինի կողմնակիցները հարձակվել են խաղաղ ցուցարարների վրա։ Նշվում է, որ հարձակվողների թվում են եղել նաեւ Թուրքիայի նախագահի թիկնապահները։

Բախումների հետեւանքով 11 մարդ է տուժել, այդ թվում՝ ոստիկան։ Նրանցից 9-ը հիվանդանոց են տեղափոխվել։ Ոստիկանությունը երկու մարդու է ձերբակալել։

news.am

Տպել Տպել