Շատերին պետք է, որ աղետալի լինի վիճակը երկրում

ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը համամիտ չէ այն պնդումների հետ, որ այս կառավարությանը նույնպես չհաջողվեց քայլ առաջ անել։ NEWS.am–ի հետ զրույցում պնդեց, որ իրենց հաջողվել է Հանրապետական կուսակցության հետ ստեղծել առողջ միջավայր եւ իրականացնել իրենց առջեւ դրված ծրագրերը։

«Այդ հոռետեսական կարծիքները չեմ ընդունում։ Շատերին պետք է, որ աղետալի լինի վիճակը երկրում, բայց մեր խնդիրն է՝ այս ծանր վիճակից հանենք երկիրը, սրանով է զբաղվում Դաշնակցությունը։ Փորձելու ենք հնարավորությունները օգտագործել, Հանրապետական կուսակցության հետ առողջ համագործակցության միջավայր ձեւավորել ու հասնել այդ խնդիրների լուծմանը»,–ասել է Արմեն Ռուստամյանը։

ՀՅԴ ներկայացուցիչը վստահեցնում է, թե Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարության աշխատանքի արդյունքները շոշափելի են։ Մեր հարցին՝ իր նշած շոշափելի արդյունքներից մեկն էլ դպրոցները օպտիմալացնելու վարչապետի հանձնարարակա՞նն է դաշնակցական նախարարին, Ռուստամյանը խուսափեց պատասխանել՝ նշելով, թե Լեւոն Մկրտչյանն արդեն իսկ արձագանքել է այդ հարցին։

«Որ բարեփոխումներ տեսել ենք կառավարության ձեւավորումից հետո ու Կարապետյանի վարչապետ նշանակվելուց հետո , բազմիցս խոսել ենք նախընտրական փուլում։ Մնացած խնդիրները, որոնք ըստ էության առողջացման պրոցես են, ժամանակ են պահանջում։ Կան տենդենցներ, որոնք շարունակելու պարագայում կլինեն շոշափելի արդյունքներ»,–ասել է Արմեն Ռուստամյանը։

Պատգամավորը վստահեցրել է, թե Հանրապետական կուսակցության հետ հնարավոր է ձեւավորել առողջ միջավայր։

news.am

Տպել Տպել