ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը քվեարկության կդնի Էրդողանի թիկնազորի գործողությունները դատապարտող բանաձևը

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հունիսի 6-ին կքննարկի թիվ 354 երկկուսակցական բանաձևը, որը դատապարտում է մայիսի 16-ին ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանի նստավայրի դիմաց Ռեջեփ Թայիփ Էրդողանի թիկնապահների կողմից խաղաղ ցուցարարների դեմ բռնությունը և կոչ է անում օրինազանցներին ենթարկել քրեական պատասխանատվության և քայլեր ձեռնարկել նմանատիպ միջադեպերը բացառելու համար:

Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայ դատի ԱՄՆ հանձնախմբից:

Բանաձևի հեղինակներն են Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսը (հանրապետական, Կալիֆորնիա), ամենաբարձրաստիճան անդամ Էլիոթ Էնգելը (դեմոկրատ, Նյու Յորք), հանրապետական մեծամասնության ղեկավար Քևին ՄըքՔարթին (հանրապետական, Կալիֆորնիա) և դեմոկրատական խմբակցության երկրորդ ամենաբարձրաստիճան անդամ Սթենի Հոյերը (դեմոկրատ, Մերիլենդ):

Բանաձևը միաձայն ընդունվել էր Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից մայիսի 25-ին տեղի ունեցած քվեարկության արդյունքում:

Բանաձևի տեքստում նշվում է. «Ժամեր շարունակ տևած խաղաղ բողոքի ցույցի ժամանակ բռնություն ծագեց, երբ Էրդողանի կողմնակիցները և Թուրքիայի դեսպանատնից անձինք մի կողմ հրեցին Վաշինգտոնի ոստիկաններին՝ դաժան հարձակման ենթարկելու ցուցարարներին»: Բանաձևում խորին մտահոգություն է արտահայտվում առ այն, որ թուրք պաշտոնյաները բացահայտորեն ոտնահարել են ԱՄՆ Սահմանադրության Առաջին լրացմամբ ամրագրված Միացյալ Նահանգների քաղաքացիների իրավունքները, և բազմաթիվ զինված թուրք անվտանգության աշխատակիցներ ծեծել, ոտքերով հարվածել ու խեղդել են անզեն ցուցարարներին: Բացի այդ, ինչպես ասված է բանաձևում, Վաշինգտոնի կենտրոնական ոստիկանական բաժանմունքի և այլոց հաղորդագրություններում հաստատվում է, որ «ցուցարարները չեն հրահրել բռնությունը», և սա ԱՄՆ-ում բռնության երրորդ դեպքն է, որ իրագործվել է Թուրքիայի նախագահ Էրդողանի անվտանգության ծառայախմբի անդամների կողմից: Բանաձևում կոչ է արվում. «Ցանկացած թուրք անվտանգության աշխատակից, ով ուղղորդել, ղեկավարել կամ մասնակցել է ս.թ. մայիսի 16-ին թուրքական անվտանգության ուժերի կողմից խաղաղ ցույցի ապօրինի ճնշման գործողությանը, պետք է քրեական պատասխանատվության ենթարկվի, և դատական գործ հարուցվի նրանց դեմ Միացյալ Նահանգների օրենսդրության համաձայն»: Խիստ դեմ արտահայտվելով Թուրքիայում ռեպրեսիվ ավտորիտարիզմի աճող միտմանը՝ բանաձևում շեշտվում է, որ Միացյալ Նահանգները պետք է քայլեր ձեռնարկի՝ ամրապնդելու մամուլի և քաղաքացիական հասարակության ազատությունները երկրներում, ինչպես, օրինակ Թուրքիայում, և պայքարի օտարերկրյա առաջնորդների՝ ազատ և խաղաղ բողոքի ցույցերն իրենց երկրներում ճնշելու ջանքերի դեմ:

armenpress.am

Տպել Տպել