Դավիթ Լոքյանը ներկայացրել է Շիրակի նոր մարզպետին

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանն այսօր Շիրակի մարզպետարանի աշխատակազմին, հանրապետական գործադիր մարմինների պատասխանատուներին, համայնքապետերին ներկայացրել է Շիրակի նորանշանակ մարզպետ Արթուր Խաչատրյանին:

Դավիթ Լոքյանը նախ շնորհակալություն է հայտնել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին՝ Շիրակի մարզպետի պորտֆելը ՀՅԴ-ին վստահելու համար և հիմա արդեն՝ Արթուր Խաչատրյանին:

«Սիրելի շիրակցիներ, մինչ Արթուր Խաչատրյանին ներկայացնելը, ուզում եմ շնորհակալություն հայտնել իմ ընկերոջը` Հովսեփ Սիմոնյանին՝ աշխատանքի համար: Այս անցած ժամանակահատվածում պարոն Սիմոնյանը կարողացավ մարզում բարեկամական մթնոլորտ ստեղծել, աշխատել համագործակցության մթնոլորտում: Ինչ վերաբերում է Արթուր Խաչատրյանին, ապա ասեմ, որ դժկամությամբ եմ բաժանվում նրանից, քանի որ նա բանիմաց ու գրագետ անձնավորություն է և կկարողանա իր փորձը ծառայեցնել մարզի առջև ծառացած խնդիրները լուծելու համար: Շիրակի մարզում բազմաթիվ չլուծված խնդիրներ կան, հատկապես, եթե հաշվի առնենք, որ այստեղ աղքատության ցուցանիշը ամենաբարձրն է: Կառավարությունն իրապես սևեռել է ուշադրությունը մարզի հոգսերին և այստեղ բազմաբնույթ ծրագրեր են կյանքի կոչվելու: Կարծում եմ Արթուր Խաչատրյանի՝ տնտեսության բնագավառում ունեցած փորձը դրանց իրագործմանը նպաստելու է»,-ասել է Դավիթ Լոքյանը:

Շիրակի արդեն նախկին մարզպետ Հովսեփ Սիմոնյանն էլ իր հերթին շնորհակալություն է հայտնել շիրակցիներին ու Շիրակի մարզպետարանի աշխատակազմին՝ համատեղ աշխատանքի համար, իսկ նորանշանակ մարզպետին մաղթել բարի աշխատանք:
«Հարգելի շիրակցիներ, ինձ համար պատիվ է Շիրակի մարզպետի պաշտոնը ստանձնելը: Անկասկած մեր առջև ծառացած խնդիրները գիտակցելով եմ այստեղ, բայց վճռականությամբ, որ իմ գիտելիքներն ու փորձը ի նպաստ կդնեմ մարզում տարաբնույթ խնդիրների լուծման համար»,- նշել է Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը: Շիրակի մարզպետը ընդգծել է, որ իր աշխատանքն ուղղված է լինելու մարզում տնտեսական վիճակի թեթևացմանը. «Աշխատատեղերի ստեղծումը, ներդրումների խրախուսումը, տեղական արտադրողներին աջակցելը, այս բոլորը ինձ համար առաջնային ծրագրեր են»,-ասել է Արթուր Խաչատրյանը:

Տպել Տպել