«Ապառաժ»-ի խմբագրական. Թելադրել բանակցային օրակարգ

Ղարաբաղյան հիմնահարցի կապակցությամբ քաղաքական շրջանակներում վերլուծություններն ու հոլովույթի դիտարկումը մեծ մասամբ սահմանափակվում են տարածաշրջան այցելելուց հետո համանախագահների հայտարարության վերլուծությամբ: Հայկական լրատվադաշտում Ղարաբաղյան հիմնահարցի շուրջ ծավալվող քննարկումները վերջերս սահմանափակվել են միջազգային որևէ ատյանի կամ երկրի կողմից հնչեցրած կարծիքի կամ հայտարարության մեջ քջուջով: Կարծես թե քաղաքական մտքեր արտահայտողները բուն բանակցային գործընթացի փիլիսոփայության փոխարեն ավելի կարևորում են, թե համանախագահները այս անգամ հասցեագրեցի՞ն մեղադրանքը, հավասարության նշան դրեցի՞ն, առաջ ո՞ւմ անունը տվեցին:

Միգուցե չի կարելի մեղադրել նաև քաղաքագետներին, քանի որ Հայաստանի արտաքին գործերի նախարարը ևս նույն ոճն է կիրառել բազմիցս՝ իր ելույթների առանցքը դարձնելով այն միտքը, որ միջազգային հանրության տեսակետը համընկնում է հայկական մոտեցումներին:

Անշուշտ կարևոր է, որ միջազգային հանրության տեսակետը համահունչ լինի մեր մոտեցումներին: Սակայն դա բավարար պայման չէ բանակցությունների արդյունավետության ու հայանպաստ լուծումներ ապահովելու համար:

Կասկածից վեր է, որ բանականությամբ օժտված որևէ անձ պատերազմը գերադասի բանակցությունների միջոցով հարցի լուծման եղանակից: Սակայն, հիմնական ելակետն այն է, թե բանակցություններում միջազգային շրջանակներում ինչ հարց է քննարկվում: Հենց դա ի նկատի ունենալով՝ Արցախը տարիներ շարունակ պնդում է բանակցություններին իր լիարժեք մասնակցության անհրաժեշտության մասին: Իսկ այդ մասնակցությունն ինքնին ապահովում է հայկական կողմի հիմնական պայմանը՝ դե ‎ֆակտո Ղարաբաղի անկախության ճանաչումը:

Այս մասին վերջերս Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը ևս անդրադարձավ՝ նշելով, որ Ադրբեջանը առաջին հերթին պետք է ճանաչի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, որից հետո հնարավոր կլինի մյուս հարցերի շուրջ բանակցել:

Արցախի ժողովուրդն արդեն իսկ հանրաքվեի միջոցով արտահայտել է իր կամքը և Սահմանադրությամբ հաստատել, որ Արցախը անկախ պետություն է:

Վերադառնալով բանակցային գործընթացին՝ ակներև է, որ հատկապես 2016թ. ապրիլից հետո «սայլը տեղից չի շարժվում»: Հարկավոր են բեկումնային քայլեր: Հայկական դիվանագիտական շրջանակաները և քաղաքական միտքը պարտավոր են գտնել հնարավոր միջոցները Արցախի անկախության հարցը առավել հիմնավոր և անշրջանցելի ներկայացնելու ուղղությամբ՝ չբավարարվելով միջազգային շրջանակների կողմից հնչեցվող «հայկական տեսակետներին համահունչ երանգներով հայտարարություններով»: Պետական սահմանները գծվում են նախ և առաջ պետականություն ունենալու իրավունքի ճանաչմամբ, իսկ ավելի հստակ՝ նկատի ունենալով պատմական իրավունքը, անվտանգության երաշխիքները և տնտեսական կենսունակության ապահովման հարցը: Ահա այն երեք ելակետային դրույթները, որոնք պետք է դառնան բանակցությունների օրակարգ թելադրող հենասյուները:

«Ապառաժ»-ի խմբագրական,
1 հուլիս, 2017թ.

aparaj.am

Տպել Տպել