Ծրագիր Հայ Յեղափոխական Դաշնակցության (1998)

ԾՐԱԳԻՐ
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅԱՆ

Հաստատված Հ.Յ.Դ. ԻԷ Ընդհանուր (Արտակարգ) Ժողովի կողմից
1998

Հայ Յեղափոխական Դաշնակցությունն իր էությամբ, աշխարհայացքով եւ ավանդներով ազգային, ընկերվարական, ժողովրդավարական եւ հեղափոխական կուսակցություն է:

Հայ Յեղափոխական Դաշնակցությունն իր բոլոր ուժերով պայքարում է հանուն հայ ազգի քաղաքական-տնտեսական, ընկերային-մշակութային բովանդակ շահերի պաշտպանության:

Հայ Յեղափոխական Դաշնակցությունը հայ ժողովուրդի ազգային ազատագրական պայքարը հիմնավորում է իր գաղափարաբանությամբ: Նա առաջադրում է անհատի ազատության, ազգային ինքնորոշման, անկախ պետականության, ընկերության, համերաշխության եւ բարօրության ճանապարհով ապահովել հայ մարդու եւ հայ ազգի անկաշկանդ, բազմակողմանի եւ ներդաշնակ զարգացումը:

Հայ Յեղափոխական Դաշնակցությունը ձգտում է Հայ Դատի լուծմանը` ամբողջական հայությամբ ամբողջական հայրենիքի կերտմանը:

 

ՀՅԴ ԳԱՂԱՓԱՐԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՔԸ

Մարդկությունը հասել է ներկա հանգրվանին ընկերային, տնտեսական, քաղաքական եւ մշակութային նվաճումների հոլովույթով: Մարդկության առաջադիմությունը, սակայն, անկատար է այնքան ժամանակ, քանի դեռ մարդկային մտքի եւ աշխատանքի նվաճումներն ի նպաստ իրենց բարօրության գործադրելու հավասար հնարավորություն չունեն բոլոր անհատները, ընկերային հավաքականությունները եւ ազգերը:

Պատմության ընթացքում դրսեւորվել են մարդու նկատմամբ մարդու տիրապետությունը եւ աշխատանքի շահագործումը:

Տիրապետության եւ շահագործման տարբեր ձեւերն են դրամատիրությունը, կայսերապաշտությունը, ամբողջատիրությունը, գաղութատիրությունը, որոնք դրսեւորվում են ռազմապաշտությամբ, ցեղապաշտությամբ, սակավապետությամբ, տնտեսական, գաղափարական եւ մշակութային ծավալապաշտությամբ: Դրանց հետեւանքն են` տնտեսական մենաշնորհները, ազգային իրավունքների ոտնահարումները, մարդկային իրավունքների բռնաբարումը եւ այդ նույն մարդկային իրավունքների պաշտպանության անունով կատարվող քաղաքական շահարկումները, կենսոլորտի եւ բնական միջավայրի ավերումները:

Բայց մարդ անհատը, ընկերային հավաքականությունները, ժողովուրդները եւ ազգերը ձգտել են ազատության ու հավասարության եւ պայքարել դրանց իրականացման համար:

Ազատագրության բնական ու գիտակից այդ պայքարն ընթանում է մարդու եւ հասարակության կյանքի զարգացման զույգ գործոնների` առարկայական եւ ենթակայական ազդակների փոխներգործությամբ:

Այդ պատմական ճանապարհին է, որ տեղի են ունենում ե’ւ ազգային ազատագրական պայքարներ, ե’ւ մարդկային ընկերության հոլովութային կամ հեղափոխական առաջընթաց դեպի քաղաքական, ընկերային եւ տնտեսական իրավունքների հավասարությունը կենսագործող արդար կարգեր:

*
* *

Ճարտարարվեստականացումն ու արհեստագիտության արագ զարգացումը նպաստեցին մարդկութեան առաջադիմությանը եւ լայն հնարավորություններ բացեցին նրա առջեւ: Սակայն մարդկային ընկերությունը շարունակում է ենթակա մնալ ներազգային կամ ազգամիջյան մակարդակների վրա խտրականութններին եւ բեւեռացումներին:

Դրամատիրությունը, նախաճարտարարվեստական ընկերային-տնտեսական մակարդակի վրա գտնվող ժողովուրդներին մեծ մասով կցելով համաշխարհային տնտեսական համակարգին, նրանց վերածել է արտադրողական եւ սպառողական ազդակների: Իսկ այլ ժողովուրդներ կրում են ամբողջատիրական կարգերի հետեւանքները, որոնք գաղափարախոսական եւ այլ պիտակների անվան տակ հաստատեցին պետական դրամատիրություն ու բռնատիրություն` ոտնահարելով ենթակա ժողովուրդների ազգային-քաղաքական եւ ընկերային-տնտեսական ազատություններն ու իրավունքները:

Փոքրամասնության ձեռքում տնտեսական եւ քաղաքական իշխանության կենտրոնացման հետեւանքով հասարակության մեջ առաջացել են դասակարգային տարբերություններ, եւ խախտվել է ընկերային համերաշխությունը: Տիրապետող ուժերը, միակողմանի օրենքների եւ կարգերի հաստատումով, ամրացրել են իրենց իշխանությունը:

ուժերը կամ տնտեսապես զարգացած համակարգերը՝ միջազգային եւ անդրազգային ընկերությունները, հավելյալ դրամագլուխ, հումք, շուկաներ ու փոխադրական ուղիներ ապահովելու համար քաղաքականապես կամ տնտեսապես տիրապետել են ժողովուրդներին, ազգերին, պետութիւններին: Նույնիսկ անկախություն ձեռք բերած պետություններից ու ժողովուրդներից շատերը ենթակա են այս տիրապետությանը:

Ճարտարարվեստականացած երկրներում աշխատավորական շարժումները հասել են որոշակի նվաճումների. Աշխատավորների ճնշման տակ դրամատիրական համակարգի կատարած զիջումները արտահայտվում են պետական հոգատարությամբ եւ հասարակական հարաբերությունների որոշակի բարելավումով: Այս բարեփոխումները, սակայն, առաջադիմական բնույթով հանդերձ, մնում են անկատար, որովհետեւ շարունակվում են տիրապետության եւ աշխատանքի շահագործման երեւույթները:

Դրամատիրության ներկա հանգրվանը հատկանշվում է տնտեսության համաշխարհայնացումով եւ բնորոշվում է նորագույն արհեստագիտությամբ, մարդուժի որակական զարգացումով, հաղորդակցական ցանցերի եւ տեղեկությունների ընդարձակումով:

Համաշխարհայնացումը, արհեստագիտության ու տեղեկությունների փոխանակման եւ տնտեսական որոշակի զարգացման հնարավորություն ստեղծելով հանդերձ, այնքան չի նպաստի ազգերի համագործակցությանը եւ փոխհարստացմանը, որքան բացասական հետեւանքներ կունենա. ազգային տնտեսությունների քայքայում, աշխատուժի զանգվածային տեղաշարժ, գործազրկության աճ, աշխատանքի արժեզրկում, տեղեկությունների տիրապետում եւ շահախնդիր օգտագործում, որակյալ մարդուժի շահագործում, ազգային մշակույթները խաթարող սպառողական կեղծ մշակույթի կազմավորում:

Ճարտարարվեստականացած երկրներն ու միջազգային ընկերությունները ստեղծել են տնտեսական եւ ռազմաքաղաքական ներդրման եւ օգնության այնպիսի վիճակ, որը թերզարգացած երկրները տեղադրում է դրամատիրական համակարգի տնտեսական եւ քաղաքական ծրագրերի ու ռազմավարության շրջագծում եւ վտանգում է նրանց ինքնուրույնությունն ու ինքնիշխանությունը: Թերզարգացած երկրներին պարտադրվում է որդեգրել տնտեսական եւ ընկերային քաղաքականություն, ինչը նվիրագործում է սանձարձակ շուկայական տնտեսության վիճակը, ծառայում իշխող խավի մոտ դրամագլխի կենտրոնացմանը, ինչպես նաեւ սակավապետական ու իշխանակենտրոն վարչակարգի հաստատմանը:

Շահագործման եւ իրավազրկման դեմ պայքարը, հետեւաբար, ենթադրում է քաղաքական ու տնտեսական ազատությունների եւ մշակութային ինքնուրույնության ձգտում թե’ ներքին, թե’ արտաքին ճակատներում:

*
* *

Հայ Յեղափոխական Դաշնակցության համոզման համաձայն, ընկերվարության ճանապարհով է, որ մարդկության քաղաքական, տնտեսական եւ ընկերային զարգացումն օժտվում է արդար եւ համերաշխ հարաբերություններով:

Ընկերվարությունը ձգտում է ինչպես անհատի եւ նրա աշխատանքի ազատագրությանը, այնպես էլ ազգերի` իբրեւ հավաքական անհատականությունների ամբողջական ազատագրությանը, անկախությանը ու գերիշխանությանը եւ նրանց համերաշխ համակեցությանն ու իրավահավասար գործակցությանը:

Այս զուգահեռ պայքարները մղվում են ժողովրդավարական միջոցներով, իսկ ժողովրդավարության խափանման պարագայում նաեւ` հեղափոխության միջոցով:

*
* *

Հ. Յ. Դաշնակցության ընկերվարական իդեալն է այնպիսի հասարակության կերտումը, ուր մարդը ազատագրված կլինի ռասայական, կրոնական-դավանական, ազգային, քաղաքական, ընկերային եւ տնտեսական ամեն կարգի խտրականությունից, կաշկանդումից, բռնությունից եւ շահագործումից:

Ընկերվարությունը առաջադրում է ժողովրդավարության կիրարկումով ապահովել բոլոր քաղաքացիների մասնակցությունը՝ հանուն ընկերային համերաշխության տնտեսական հարաբերությունների կանոնակարգման:

Ազգային հարստություն են եւ ռազմավարական նշանակություն ունեն մշակույթը, հողը եւ ընդերքը, բնական միջավայրը եւ պաշարները:

Ընկերվարությունն ընդունում է բազմաձեւ սեփականատիրություն՝ պետական, հավաքական-համագործակցական եւ մասնավոր-անձնական:

Ընկերության բարգավաճմանը սատարում է ճարտարարվեստի եւ երկրագործության մեջ արդյունաբերական, արտադրական եւ ծառայողական միջոցների սեփականության բազմաձեւությունը, պայմանով, որ նրա սահմանագծումը, օգտագործումը եւ կազմակերպումը կատարվեն ընկերային ուղղվածությամբ հակակշռի սկզբունքով, շահագործումը վերացնելու ձգտումով, հարստությունների կենտրոնացման եւ մենաշնորհների առաջացման բացառումով:

Ճարտարավեստը եւ երկրագործությունը կազմակերպվում են աշխատավոր ընդհանրության բաժնեկցության եւ արտադրության կառավարման մեջ ազատ եւ լիարժեք մասնակցությամբ, ինչպես նաեւ՝ ինքնակառավարումով, տնտեսավարման ապակենտրոնացումով եւ արհմիությունների ազատ գործունեությամբ:

Այս տեսլականի իրականացումը, հակադրվելով իշխող դասակարգերի անմիջական շահերին, կիրականանա հօգուտ ոչ միայն աշխատավոր ընդհանրության, այլեւ՝ համայն ազգի բնականոն զարգացման:

*
* *

ՀՅ Դաշնակցության համար ազգը՝ իբրեւ պատմական-մշակութային, լեզվական եւ ընկերային-քաղաքական ուրույն ամբողջություն, հիմնական արժեք է եւ համամարդկային զարգացման ու հոգեմտավոր բազմակողմանի հարստացման էական գործոն:

Ազգը մարդկային ընկերության զարգացման ամենակենսունակ միջավայրն է, ուր անհատը ձեռք է բերում հոգեմտավոր բարգավաճման լայն հնարավորություն, լիակատար հաղորդակցության եւ սեփական կարողությունների զարգացման առավելագույն հնարավորություն:

Մերժելի է, սակայն, ազգային բացառիկության ամեն գաղափար եւ ազգայնամոլության ամեն երեւույթ՝ իբրեւ մարդկային ընկերութան բնականոն զարգացումն արգելակող դրսեւորումներ:
Ամեն ազգի բնական եւ անկապտելի իրավունքը կազմում է սեփական հայրենիքը՝ իր պատմաշխարհագրական բընօրրանը, իբրեւ ինքնուրույն գոյատեւման, առաջադիմության եւ ստեղծագործության կենսական ազդակ:

Իր հայրենի տարածքի վրա յուրաքանչյուր ազգի գոյատեւման երաշխիքը անկախ եւ իրավական պետականությունն է: Այն մարմնավորում է ազգի քաղաքական կամքը, պաշտպան նրա շահերը եւ ապահովում նրա անվտանգությունն ու ինքնուրույն զարգացումը: Անկախ պետականությունը նաեւ ընկերության բնականոն առաջընթացի նախապայմանն է: Քաղաքական որեւէ վարչակարգի եւ իշխանության պարտադրումը ազգերի ինքնորոշման սկզբունքի կոպիտ խախտում է, բռնատիրություն է եւ ըստ ամենայնի՝ մերժելի: Ինքնորոշման իրավունքը անժամանցելի է եւ զորեղ կլինի նույնիսկ, երբ բռնագաղթով կամ ցեղասպանությամբ ազգը դուրս է մղվում իր հայրենիքից: Ազգը բնաջնջելու ամեն փորձ հանցագործություն է մարդկության դեմ: Բոլոր ազգերի անժխտելի իրավունքն է ազգային ազատագրական պայքարի ճանապարհով եւ նպատակահարմար այլ միջոցներով տապալել ամեն կարգի բռնապետություն:

Ազգերը, իրենց առանձնահատկություններով, ուրույն եւ ինքնատիպ մշակույթով միայն հարստացնում են մարդկությանը: Իրավահավասար ազգերի ներդաշնակ համակեցությամբ է, որ բացառվում է նրանց ձուլումը:

*
* *

ՀՅ Դաշնակցությունը հավատում է, որ ընկերվարության իդեալը անիրականանալի է՝ առանց ժողովրդավարության, իսկ ժողովրդավարությունը թերի է եւ սահմանափակ՝ առանց ընկերվարության:

Ժողովրդավարությունը խարսխվում է մարդկային եւ քաղաքացիական իրավունքները եւ ազատությունները հարգելու վրա: Այն օրենքով պաշտպանում է բազմակարծությունը, բազմակուսակցականությունը եւ խոսքի, խղճի, մամուլի, ստեղծագործության եւ աշխատանքի լիակատար ազատությունը:

Ժողովրդավարությունը հատկանշվում է անհատի ազատ եւ հավասար քվեի իրավունքով եւ ազատ քաղաքացիների՝ օրենքի առջեւ հավասարությամբ: Այն ապահովում է ժողովրդի կամքի անկաշկանդ արտահայտությունը եւ, հաստատութենական ու ներկայացուցչական հիմունքով, ժողովրդի ամբողջական եւ լիարժեք մասնակցությունը քաղաքական, ընկերային, տնտեսական ու մշակութային կյանքին՝ այդպիսով արդյունավետ հիմքերի վրա դնելով ժողովըրդի եւ պետության փոխհարաբերությունը:

Ժողովրդավարությունը պայմանավորվում է օրենսդիր, դատական եւ գործադիր իշխանությունների տարանջատումով եւ փոխադարձ հակակշռումով:

*

* *

ՀՅ Դաշնակցությունը, հավատարիմ իր գաղափարաբանությանը, իր բոլոր ուժերով նվիրվում է բովանդակ հայ ազգի քաղաքական, տնտեսական, ընկերային եւ մշակութային շահերի պաշտպանությանը՝ հանուն Ազատ Հայի, Ազատ Քաղաքացու եւ Ազատ Հայրենիքի կերտման:

ՊԱՏՄԱԿԱՆ ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

Հայաստանը` հայ ազգի հայրենիքը, Մերձավոր Արեւելքի ամենահին երկրներից մեկն է: Նա, տարածված լինելով Սեւ, Կասպից եւ Միջերկրական ծովերի միջեւ, կազմում է ինքնատիպ լեռնաշխարհ: Այնտեղ կազմավորվել, հազարամյակներից ի վեր անընդմեջ բնակվել է հայ ժողովուրդը, կերտել պատմություն, քաղաքակրթություն եւ ազգային նկարագիր:

Հայաստանի աշխարհագրական դիրքն ու հայ ժողովրդի պատմական ընթացքը տարբեր քաղաքակրթությունների փոխազդեցության պայմաններում նպաստել են ուրույն՝ նյութեղեն եւ հոգեւոր մշակույթի զարգացմանը:

Հայ ժողովրդի պատմությունը հատկանշվում է իր ազգային պետականության պահպանման կամ նրա անկախության վերականգման համար տեւական պայքարով:

Հայության ընկերային եւ ազգային կյանքի բնականոն հոլովույթը ընդհատող շրջադարձային երեւույթը կազմեց այն իրողությունը, որ հատկապես թուրանական ներխուժողները ոչ միայն ավերեցին երկիրը, այլեւ մեծ քանակությամբ հաստատվեցան Հայաստանում: Նրանք փոխեցին Հայկական լեռնաշխարհի ազգային միատարր նկարագիրը, դարեր շարունակ կասեցրին հայ մշակույթի ու քաղաքակրթության առաջընթացը եւ հայ զանգվածներին ենթարկեցին ջարդի ու բռնագաղթի, որի հետեւանքով առաջացան հայկական հոծ գաղթօջախներ:

Այս ընթացքը շարունակվեց օսմանյան տիրապետության ամբողջ շրջանում ու վճռական հետեւանք ունեցավ հայ ժողովրդի ճակատագրի եւ Հայկական Հարցի բնույթի ու հոլովույթի վրա:
19-րդ դարի կեսերին Հայաստանը բաժանվեց օսմանյան եւ ռուսական կայսրությունների միջեւ: Այս իրավիճակը հայության՝ արեւմտյան եւ արեւելյան հատվածների տարանջատման պատճառ հանդիսացավ:

Օսմանյան բռնությունների հետեւանքով եւ հայության զույգ հատվածների մտավոր զարթոնքով առաջ եկավ Հայկական Հարցի սկզբնական ըմբռնումը, որ պահանջում էր հայության մարդկային տարրական իրավունքների հարգում: Օսմանյան պետությունը ոչ միայն չընդառաջեց հայ ժողովրդի պահանջներին, այլեւ՝ նոր բռնություններ կիրարկեց: Ինքնապաշտպանության տարերային մղումով ապստամբություններ բռնկեցին Արեւմտյան Հայաստանի տարբեր շրջաններում:

Հայ ազգային ղեկավարության ճիգերի շնորհիվ եւ Օսմանյան Թուրքիում մեծ պետությունների հետապնդած քաղաքական ու տնտեսական շահերի հետեւանքով Հայկական Հարցը ստացավ միջազգային բնույթ: Սակայն միջպետական ներհակ շահերի բերումով Հայկական Հարցի լուծման ուղղությամբ տարված ճիգերը մնացին ապարդյուն: Այս իրողությունը եւ հայության քաղաքական գիտակցության զարթոնքը ծնունդ տվեցին Հայ Յեղափոխությանը:

Հայ Յեղափոխությունը նոր նկարագրով օժտեց Հայկական Հարցը՝ այն վերածելով ազատագրական սեփական պայքարով հետապնդվող Դատի: Այն իր քաղաքական եւ ընկերային առաջադրանքների շուրջ փորձեց միացնել հայության բոլոր հատվածները՝ ստեղծելով իր անհատական եւ հավաքական իրավունքների ամբողջական գիտակցությանը ու նախանձախնդրությանը տեր հային: Հայ Յեղափոխությունը, որ թափ առավ 1880-ական թվականներին, մի ողջ քառասնամյակ հանդիսացավ հայ քաղաքական մտքի հնոցը եւ հայ մարտական կորովի ու կամքի դարբինը:

1890-ին հիմնադրված Հայ Յեղափոխական Դաշնակցությունը առաջադրեց համադրել հայության հեղափոխական ճիգը: Իր նպատակասլաց գործունեության եւ նվիրյալների զոհաբերումի շնորհիվ, ՀՅ Դաշնակցությունը հանդիսացավ Հայ Յեղափոխության փաստական դրոշակակիրը:

20-րդ դարի սկզբին սաստկացան ճնշումները նաեւ Արեւելյան Հայաստանում՝ նպատակ ունենալով փոխել Անդրկովկասի ազգային դիմագիծը ի վնաս հայության: Այս ճնշումների դէմ ծառացավ հայ ժողովուրդը՝ ՀՅ Դաշնակցության ղեկավարությամբ:

Հայ Յեղափոխական Դաշնակցությունը, հավատարիմ մարդկային եւ ազգային բոլոր իրավունքների հարգման սկզբունքին, հիմնական առաջադրանք դարձրեց Փոքր Ասիայի եւ Անդրկովկասի ժողովուրդների դաշնակցային առողջ համակեցությունը եւ համերաշխ գործակցությունը:

Կրոնապետական ու ցեղապաշտ վարդապետություններ դավանող օսմանյան սուլթանական եւ իթթիհատական վերնախավը, թուրքական ծավալապաշտության խոչընդոտ նկատեց հայ ժողովրդին եւ, նրան վերացնելու նպատակով, հրահրեց ու գործադրեց զանգվածային պարբերական ջարդեր:

Օգտվելով Առաջին աշխարհամարտի առիթնց ու պետական բծախնդիր ծրագրումով Օսմանյան պետությունը ձեռնամուխ եղավ Հայկական Հարցի արմատական լուծմանը՝ 1915-ին սկսած Հայկական Ցեղասպանությամբ: Հայության տեղահանության ու ամբողջական բնաջնջման այս քաղաքականությունը շարունակվեց Թուրքիայի կողմից մինչեւ 1923թ.: Արեւմտահայաստանը հայաթափվեց:

Համաթուրանական ծրագիրը իր ավարտին չհասավ սակայն: 1918-ին հայ ազգի բեկորը վճռականորեն ծառացավ թուրքական արշավող բանակների դեմ, կասեցրեց նրանց առաջխաղացումը եւ նվաճեց Հայաստանի անկախությունը: Դարեր հետո Հայաստանի մի փոքր հողակտորի վրա վերականգնեց հայ ազգային պետականությունը:

Հայ Յեղափոխական Դաշնակցությունը, որը Հայաստանի անկախ Հանրապետության կերտման հիմնական դերակատարը եղավ, պատմական փորձից եւ առկա իրավիճակից ելնելով, որդեգրեց Ազատ, Անկախ եւ Միացյալ Հայաստանի ստեղծման նպատակը:

1920-ին ստորագրված Սեւրի դաշնագրով միջազգային ճանաչում գտավ հայ ազգի իրավատիրությունը իր պատմական հայրենիքի նկատմամբ: Սակայն այս դաշնագրի՝ Հայաստանի վերաբերյալ տրամադրությունները չիրականացան: Խորհրդային Ռուսաստանի եւ Քեմալական Թուրքիայի մեղսակից հարձակումներին ենթարկվելով` Հայաստանի Հանրապետությունը խորհրդայնացավ, ռուսական վերջնագրի առջեւ տեղի տալով:

1923 թվականին, Լոզանի դաշնագրով մեծ պետությունները փորձեցին թաղել Հայկական Դատը:

Ցեղասպանության հետեւանքով առաջացած նոր Սփյուռքը հետզհետե ստեղծեց կազմակերպական կյանք` կրթական, մշակութային, կրոնական եւ ընկերային-քաղաքական համապատասխան կառույցներով ու կազմակերպություններով: ՀՅ Դաշնակցությունը հանդիսացավ վերոհիշյալ կառույցների գլխավոր կերտողը. նա անզիջում պայքար մղեց համայնավարական գաղափարախոսության, ամբողջատիրության եւ հայ ժողովրդին մասնատելու նրա փորձերի դեմ ու ծավալեց բազմակողմանի գործունեություն Հայ Դատի հետապնդման գործում:

Խորհրդային ամբողջատիրության շրջանում հայ ժողովուրդը եւ հատկապես մտավորականությունը ենթարկվեցին պարբերական բռնությունների եւ աքսորի, իսկ Հայաստանը մասնատվեց` Արցախի, Նախիջեւանի եւ Ջավախքի արհեստական անջատումով: Այսուհանդերձ, Խորհրդային Հայաստանի ժողովուրդը զարգացրեց հայ մշակույթը, արհեստներն ու գիտությունը եւ վառ պահեց ազգային ինքնագիտակցությունը: Խորհրդային Միության լուծարումով, 1991-ին, վերանկախացավ Հայաստանի Հանրապետությունը:

Արցախյան պահանջատիրությունը 1988-ից հետո ստացավ աննախընթաց թափ ոչ միայն Արցախում, այլեւ` ամբողջ հայության մոտ: Այն, փաստորեն, հանգեց ազգային ազատագրական պայքարի, որին Հայ Յեղափոխական Դաշնակցությունը մասնակցեց իր բոլոր միջոցներով եւ այդ պայքարին հաղորդեց գաղափարական հստակեցում:

*
* *

Հայ ժողովրդի պատմության հոլովույթի ներկա հանգըրվանում պարզվում է հետեւյալ պատկերը.

1. Հայաստանի Հանրապետությունը կազմում է Սեւրի դաշնագրով ճանաչում ստացած եւ Ուիլսընյան իրավարարական վճռագրով սահմանագծված Հայաստանի միայն մի փոքր մասը:

2. Հայ ազգի միայն մի մասն է ապրում Հայաստանի Հանրապետությունում. հայապատկան, բայց Հայաստանից անջատված հայրենի հողերի վրա եւ Ռուսաստանի ու նախկին խորհրդային հանրապետությունների տարածքներում ապրող հայերից կազմվել է ներքին սփյուռք, իսկ մնացյալ մեծաթիվ հայությունից, որը առավելապես բաղկացած է Թուրքիայի կողմից բռնագրավված հայկական հողերի բնակչության ժառանգորդներից, առաջացել է Հայկական Սփյուռքը:

3. Արցախի հայությունը պայքարում է Ադրբեջանի լծից ազատագրվելու եւ ազգային ինքնորոշման իր իրավունքի միջազգային ճանաչումն ապահովելու համար:

4. Հայ ժողովրդի դեմ Թուրքիայի գործադրած Ցեղասպանությունը դեռեւս հատուցված չէ. Ցեղասպանությունը նաեւ շարունակվում է, որովհետեւ Սփյուռքի հայությունը, զրկված լինելով իր սեփական հայրենիքում ապրելու հնարավորությունից, գտնվում է ձուլման սպառնալիքի տակ:

5. Շարունակվում է Թուրքիայի կողմից բռնագրավված հայկական հողերի ազգագրական պատկերի փոփոխությունը: Քանդվում կամ կոպիտ աղավաղման են ենթարկվում բոլոր այն պատմական հուշարձանները, որոնք այդ շրջանների հայկական պատկանելիության վկաներն են: Այս ձեւով ոչնչացվում է մի ինքնատիպ ամբողջ քաղաքակրթություն:

6. Միջազգային օրենքը, Միացյալ Ազգերի Կազմակերպության Կանոնադրությունը եւ Մարդու Իրավունքների հայտարարությունը, մասնավորապես, Ցեղասպանության մասին ՄԱԿ-ի 1948-ի համաձայնագիրը ցեղասպանական արարքները հայտարարում են ոճիր մարդկության դեմ եւ դրանց հետեւանք հանդիսացող ազգային հողերի յուրացումը նկատում ապօրինի:
Միջազգային այդ օրենքներն ու համաձայնագրերը անժամանցելի են եւ հետադարձ ուժ ունեն, հետեւաբար՝ ի զորու են հին, թե նոր բոլոր պարագաներում: Ի նպաստ բովանդակ մարդկության եւ համաշխարհային խաղաղության, դրանք պետք է գործադրվեն իրենց տառով ու ոգով, նախ՝ արդարություն գործելու ցեղասպանության զոհ դարձած ազգերին, ապա՝ կանխելու համար նոր ցեղասպանություններ եւ մարդկությանը խնայել նոր աղետներից:

7. Ազգերի ինքնորոշման իրավունքը, որը Միացյալ Ազգերի Կանոնագրի մաս է կազմում, տրամաբանորեն եւ իրավականորեն պետք է կիրարկվի նաեւ հայ ազգի նկատմամբ: Հայ Դատի լուծումը ոչ միայն արդարության, Ցեղասպանության դատապարտման ու պատժման գործնական արտահայտություն է, այլեւ միջազգային իրավունքի հարց` ազգերի ինքնորոշման անկապտելի սկզբունքի հիման վրա:

8. Ներկա Հայաստանի Հանրապետությունը Հայաստանի առաջին Հանրապետության իրավաժառանգորդն է եւ, իբրեւ այդպիսին, հայկական բռնագրավված բոլոր տարածքների օրինական իրավատերն է:

9. Հայաստանի Հանրապետությունը, որը կոչված է դառնալու Հայ Դատի լուծման հիմնական կռվանը, պետականության կայացման ներկա հանգրվանը դիմագրավում է իր անկախությունը ամրապնդելու, ժողովրդավարություն հաստատելու, ընկերային-տնտեսական ինքնուրույն ու արդար համակարգ ձեւավորելու եւ հայ ժողովրդի մշակութային առաջընթացը ապահովելու մարտահրավերներին:

10. Հայ Դատը ունի պատմական, բարոյական, իրավական եւ քաղաքական էական կողմեր ու հիմնավորումներ եւ կենտրոնանում է հետեւյալ կետերի վրա.

ա. Ամբողջական Հայաստանի ստեղծում` արեւմտյան եւ արեւելյան Հայաստանի տարածքներում: Արցախի հարցի արդար լուծումը հանդիսանում է Հայ Դատի հանգրվաններից մեկը:
բ. Սփյուռքի տարագիր հայության համախմբում` իր հայրենի հողերի վրա:
գ. Ազատ, Անկախ եւ Միացյալ Հայաստանի կերտում:

 

ՆՊԱՏԱԿ

ՀՅ Դաշնակցությունը նպատակադրում է.

Ա. Ազատ, Անկախ եւ Միացյալ Հայաստանի կերտում: Միացյալ Հայաստանի սահմանների մեջ պիտի մտնեն Սեւրի դաշնագրով նախատեսված հայկական հողերը, ինչպես նաեւ` Արցախի, Ջավախքի եւ Նախիջեւանի երկրամասերը:

Բ. Թուրքիայի կողմից հայության դեմ գործադրված եւ մինչեւ այժմ անպատիժ մնացած Ցեղասպանության ոճիրի միջազգային դատապարտում, բռնագրավված հողերի վերադարձ եւ վնասի արդար հատուցում հայ ազգին:

Գ. Տարագիր ու աշխարհասփյուռ հայության համախըմբում ամբողջական Հայաստանի տարածքում:

Դ. Հայաստանի պետականության հզորացում, ժողովըրդավարության եւ իրավական պետության նվիրագործում, ժողովրդի բարօրության ապահովում եւ ընկերային արդարության հաստատում:

 

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐ

Ելնելով վերոհիշյալ նպատակներից` ՀՅ Դաշնակցությունը հետապնդում է հետեւյալ քաղաքական առաջադրանքները.

1. Ապահովել Արցախյան պայքարի հաղթական ելքը՝ իբրեւ Հայ Դատի լուծման առաջնահերթ հանգրվան:

2. Հիմնական նկատել Հայաստանի պետական ռազմավարության կազմավորման գործում Հայ Դատի առանցքային դերը:

3. Ամրապնդել Սփյուռքի ազգային ինքնությունը եւ կազմակերպել քաղաքական դերակատարությունը` նրա կարողականությունները ուղղելու համար դեպի Հայաստանի պետականության հզորացում եւ Հայ Դատի հետապնդում:

4. Ապահովել յուրաքանչյուր հայ անհատի Հայաստանի քաղաքացի դառնալու իրավունքը:

5. Հայաստանի օրենքները պետք է ներառեն հետեւյալ հիմնական սկզբունքները.
- Բոլոր քաղաքացիների հավասարությունը օրենքի առջեւ:
- Ազատություն մտքի, խոսքի, ստեղծագործության, մամուլի, հրատարակության եւ արտահայտության այլ միջոցների, խղճի, քաղաքական եւ այլ կազմակերպությունների գործունեության, հավաքների եւ տեղափոխության:
- Իրավունք գործադուլի եւ ցույցերի:
- Անձի, բնակարանի, սեփականության եւ հաղորդակցության միջոցների անձեռնմխելիություն:
- Ազգային փոքրամասնությունների իրավունքների հարգում:

 

ԸՆԿԵՐԱՅԻՆ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐ

Ելնելով իր գաղափարաբանությունից եւ ընդհանրապես Հայաստանի, Արցախի ու հայ ժողովրդի ընկերային-տընտեսական առաջադիմությունը ապահովելու նպատակից, ինչպէս նաեւ նկատի առնելով համաշխարհային տընտեսական զարգացումների ուղղությունները` ՀՅ Դաշնակցությունը առաջադրում է վարել լիարժեք ընկերային արդարության ձգտող եւ, միաժամանակ, Հայաստանի տնտեսական հզորացումն ապահովող ընկերային-տնտեսական քաղաքականություն, որը հիմնված լինի հետեւյալ սկզբունքների վրա.

1. Ձեւավորել արդյունավետ, մրցունակ, ընկերային արդարությամբ եւ պետական կարգավորումներով հավասարակշռված տնտեսական համակարգ, որը հիմնված պիտի լինի երկրի ու ժողովուրդի նյութական, արհեստագիտական, մշակութային եւ մտավոր ներուժի առանձնահատկությունների վրա:

2. Առաջադրված տնտեսական համակարգը պետք է հատկանշվի արդարությամբ եւ վերջ դնի ընկերային բեւեռացմանը: Ընկերային արդարության տնտեսական անհրաժեշտ հատկանիշներն են` անհատի աշխատանքի իրավունքի երաշխավորումը եւ եկամուտների արդար բաշխումը` միշտ նկատի ունենալով հավաքականության տնտեսական բնականոն զարգացումը:

3. Քաջալերել պետության հովանավորությունը եւ հըսկողությունը` ի նպաստ ռազմավարական նշանակություն ունեցող արտադրական ճյուղերի զարգացման, բնության եւ կենսոլորտի պահպանման, աշխատանքի ապահովման, ինչպես նաեւ` բնակչության ժամանակակից չափանիշներով անհրաժեշտ կարիքների բավարարման:

4. Մասնակցել միջազգային տնտեսության այն գործընթացներին, որոնք առնչվում են Հայաստանի տնտեսական զարգացման խնդիրներին: Տարածաշրջանային եւ համաշխարհային տնտեսության հետ համարկումը պետք է իրականացվի այնպես, որպեսզի չվնասվեն ազգային շահերը, հայ ժողովրդի մշակութային նկարագիրն ու ինքնատիպությունը:

5. Հայաստանի տնտեսության բարգավաճումը եւ ազգային ինքնուրույն զարգացումը ապահովելու համար կարեւոր երաշխիք է աշխարհասփյուռ հայ ժողովրդի ներուժի լիարժեք օգտագործումը:

6. Կրթական համակարգը, ինչպես նաեւ մշակութային եւ հոգեմտավոր զարգացման հիմնահարցերը դարձնել պետական քաղաքականության առանցքային բնագավառներից մեկը: Զարկ տալ Հայ Եկեղեցու եւ հայ ընտանիքի դերին ազգային դիմագծի պահպանման գործում:

-ՎԵՐՋ-

Փետրվար 1998

Տպել Տպել