Փորձառու մարդիկ անհրաժեշտ էին անցումային խնդիրները կարգավորելու համար

Լևոն Մկրտչյանը՝ ՀՅԴ մարզպետների փոփոխության մասին

«Մարզպետներն անցել են այլ աշխատանքի։ Եթե ուշադրություն դարձրել եք, մեր կուսակցության համար շատ սկզբունքային նշանակություն չունի, որ անպայման պետք է տվյալ մարդուն այդտեղ երկար պահենք, կամ չպահենք»,- այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԿԳ նախարար, ՀՅԴ անդամ Լևոն Մկրտչյանը՝ մեկնաբանելով դաշնակցական մարզպետների փոփոխությունը։

Ըստ նրա՝ 1 տարվա աշխատանքի արդյունավետությունը ճիշտ չի լինի գնահատել, իսկ դժգոհություններ մարզպետներից չի եղել. «Աստեղ ուրիշ խնդիր կար, որ 1 տարվա ընթացքում դրված էր արագ վերցնելու հարց, որովհետև մենք մտանք կոալիցիա, և փորձառու մարդիկ անհրաժեշտ էին անցումային խնդիրները կարգավորելու համար։ Հիմա ավելի երիտասարդ կադր կա։ Մյուս մարզպետներն էլ մնալու են, աշխատելու են, մեր կուսակցության անդամ են, իրենք էլ պարզաբանել են այդ խնդիրները»։

Անդրադառնալով կուլիսներում շրջանառվող խոսակցություններին, որ հաջորդ տարի նաև «Ծառուկյան» դաշինքն է մտնելու իշխանական կոալիցիա, Լ. Մկրտչյանը նշեց, որ 20 տարուց ավելի քաղաքականության մեջ է և չի կարող մեկնաբանել մի բան, երբ այն որևէ հիմք չունի. «Կգա 2018 թվականը, կտեսնենք։ Նոր իրավիճակ կլինի քաղաքականությունում»։

Հարցին, արդյոք Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանի հայտարարությունը՝ Հանրապետականի կողմից ևս ընտրակաշառք բաժանելու մասին հիշեցում է ՀՀԿ-ին՝ Մկրտչյանն ասաց, որ չի կարծում, թե Ռուստամյանն այդպիսի հիշեցում է արել: «Ես ծանոթ եմ նրա հայտարարությանը»:

Այն հարցին էլ, թե Լեւոն Մկրտչյանն իր նոր տեղակալի` ՀՀԿ-ական Վահրամ Մկրտչյանի մասին ի՞նչ կարծիք ունի, քանի որ մամուլում նրա անվան շուրջ բացասական հրապարակումներ եղան, թե «մարդ է առեւանգել», ԿԳ նախարարը պատասխանեց, որ քաղաքական գործունեության մեծ փորձ եւ դրական հեղինակություն ունի. «Գիտությունների թեկնածու է, ֆիզիկոս է, պատգամավոր է եղել: Խորհուրդ եմ տալիս իր հետ զրուցել»:

Ինչ վերաբերում է դպրոցներում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի լուսանկարը փակցնելուն և դրա համար 15 միլիոն դրամ հատկացնելուն, Լևոն Մկրտչյանն ասաց, որ ՀՀ նախագահի նկարը միշտ փակցվել է՝ անկախ նրանից, թե ով է եղել ՀՀ նախագահը:

«Դպրոցներում փակցնում են ՀՀ սիմվոլները: Ես խոսում եմ ՀՀ խորհրդանիշների մասին և ՀՀ նախագահը խորհրանիշների համակարգում է: Աշխարհի բոլոր երկրներում այդ սկզբունքը կիրառվում է», – ասաց նա։

Նախարարն ընդգծեց, որ նկարի համար հատկացվող գներից տեղյակ չէ։

«Ես չեմ կարծում, որ բյուջեում հատուկ գումար կա, որ տրամադրվում է դրա համար», – հավելեց նա:

Անդրադառնալով դպրոցներում տնօրենների և աշխատողների բարեկամական կապին՝ կրթության և գիտության նախարարն ասաց, որ այդ առնչությամբ ընդունված է կառավարության կարգ:

«Խոսքը չի վերաբերում գյուղական դպրոցին, որտեղ տնօրենի աղջիկը ուսուցչուհի է, այլ խոսքը վերաբերում է ադմինիստրատիվ համակարգին և ուղղակի ենթակայությանը: Այսինքն, եթե դպրոցի տնօրեն է, իր ուղիղ ենթակայության վարչական աշխատանքի մեջ չպետք է բարեկամներ լինեն` այգեպանից, վարորդից սկսած մինչև տեղակալներ», – ասաց նա:

Հայաստանում ռուսերենով ավարտական վկայականներ տրամադրելը պայմանավորված է քաղաքացիներին ֆինանսական ծանրաբեռնվածությունից ազատելու հետ, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ կրթության ու գիտության նախարար Լևոն Մկրտչյանը։

«Երեխաների մի զգալի մաս, որ ավարտում է դպրոցը, գնում է Ռուսաստան: Եթե անգլերենի պահանջ լինի, կդիմեն մեզ, անգլերենով կտանք, բայց Ռուսաստան են շատ գնում: Դա պահանջարկ է, որ բնակչությանը նոր ֆինանսական ծանրության տակ չդնենք», – ասաց նա:

Նախարարը նշեց, որ հիմա դիտարկում են դպրոցների կառավարման համակարգի արմատական փոփոխության հարցը:

«Արդեն առաջին փուլի աշխատանքներն ավարտված է, վերցրել ենք նաև խորհրդատվություն, կփորձենք մինչև սեպտեմբեր ամիսը համալիր ներկայացնել ուսուցչի կարգավիճակի, դերի, ազդեցության, հեղինակության բարձրացման ծրագիր», – ասաց նախարարը:

Անդրադառնալով կեղծ դիպլոմների բացահայտման գործին՝ Լ. Մկրտչյանը նշեց, որ դիմել են արտաքին գործերի նախարարություն, ունեն մի քանի դատական վճիռ, որոնք արգելում են հիմնադրին և տնօրենին անգամ մանկավարժական գործունեություն իրականացնել:

«Սեպտեմբեր ամսից, երբ դասերը կսկսվի, կմտնենք բոլոր այդ հաստատությունները` համալիր ստուգման, որպեսզի տեսնենք, թե ինչ պայմաններում է հնարավոր դարձել կեղծ վկայական տալ: Լավ աշխատող հաստատությունը չի կարող ինքն իրեն որոշի և վկայականը գրի տա, դա նշանակում է վերահսկման ամբողջ շղթան չի աշխատում», – հավելեց նախարարը։

Լևոն Մկրտչյանն անդրադարձավ կրթության ոլորտին վերաբերող մի քանի ընթացիկ հարցերի:

«Կրթությունը դարձել է պարտադիր 12-ամյա, սակայն եթե ընտանիքը արտագնա աշխատանքի և բնակության է մեկնում, և իրենց երեխային տանում են, ապա կրթական համակարգն այդտեղ որևէ բան չի կարող անել: Այստեղ կա զինվորական ծառայությունից խուսափելու խնդիր, կան այլ խնդիրներ, բայց կրթական որևէ ձևաչափ աշխարհում չկա, որ պարտադրի երեխային երկրից չբացակայել»,- ասաց Լևոն Մկրտչյանը` հավելելով, որ ներկայումս ԿԳ նախարարությունը հաշվարկում է թվերը, թե որքան երեխա է դուրս եկել դպրոցից` երկրից դուրս բնակվելու պատճառով, և շուտով կհրապարակեն այդ ցուցանիշները:

Հաշվարկն իրականացվելու է նոր ուսումնական տարվա առաջին ամսին` սեպտեմբերին:

Տպել Տպել