Մուրադ Փափազյանը պատմական որակեց Ժորժ Քեփենեկյանի ընտրությունն այս պաշտոնում

Ժորժ Քեփենեկյանը ֆրանսիական Լիոնի նոր քաղաքապետն է: Լիոնի քաղաքային խորհուրդը քիչ առաջ այդ պաշտոնում ընտրեց հենց հայ թեկնածուին: Խորհրդի 72 անդամից նրա թեկնածության օգտին քվեարկեց 49-ը:

67-ամյա հայ գործիչը հաջորդեց Լիոնը 2001 թվականից ղեկավարած Ժերար Կոլոմին, որն էլ Ֆրանսիայի նոր ձեւավորված կառավարությունում արդեն նշանակվել է ներքին գործերի նախարարի պաշտոնում:

Հաղորդվում է, որ Լիոնի քաղաքապետի պաշտոնը զբաղեցնելու համար Քեփենեկյանի թեկնածությունն առաջադրել էր հենց Կոլոմը:

Քեփենեկյանը 2014 թվականից Կոլոմի մշակութային եւ խոշոր միջոցառումների հարցերով առաջին տեղակալն էր:

Նա ակտիվ ներդրում է ունեցել Լիոնի զարգացման գործում: Ժորժ Քեփենեկյանը ներգրավված է եղել նաեւ Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացում:

ՀՅԴ Բյուրոյի անդամ , Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ, Մուրադ Փափազյանը պատմական որակեց Ժորժ Քեփենեկյանի ընտրությունն այս պաշտոնում: Վերջինն ակտիվ մասնակցություն է ունենում հայ համայնքի կյանքում։ Դեռ վաղ տարիքից անդամակցել է Հայ Յեղափոխական Դաշնակցությանը։

«Ինքը բավականին օգնել է հայկական հաստատություններին: Աշխատել է իբրեւ Լիոնի փոխքաղաքապետ՝ մշակութային հարցերով: Նա բավական փայլուն ներկայություն է ունեցել Լիոնում, զարգացրել է մշակութային քաղաքականությունը»,- ասաց Փափազյանը:

Մուրադ Փափազյանն ասում է՝ Ֆրանսիայի քաղաքական դաշտում հայերի համար դրական պատկեր է ստեղծվել՝ հաշվի առնելով նաեւ այն փաստը, որ հունիսին Ֆրանսիայում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքում 3 հայ պատգամավոր է ընտրվել: Ֆրանսիան այս տարի ընտրեց նոր նախագահ, ձեւավորեց նոր կառավարություն եւ այս համատեքստում, Փափազյանի կարծիքով, երկրի երկրորդ ամենամեծ քաղաքի ղեկավարի հայ լինելու փաստը կարեւոր դռներ կբացի Հայաստանի համար:

Նախկին նախագահի՝ Ֆրանսուա Օլանդի հայամետ քաղաքականությունը, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահի խոսքով, իրենց բավարարել է: Հիմա նույնն անկնկալում են Ֆրանսիայի նոր ղեկավարից՝ Էմանուել Մակրոնից:

Տպել Տպել