Առևտրային ոլորտը երկու երկրների միջև կվերաճի ռազմավարական մակարդակի

Իրանահայ պատգամավոր Կարեն Խանլարյանի խոսքով՝ օրեր առաջ Իրանի խորհրդարանում ընդունված Նորդուզ-Մեղրի սահմանային դարպասի համատեղ օգտագործման մասին օրինագծի ընդունումը շահավետ էր երկուստեք․ Հայաստանի Հանրապետությունը հնարավորություն է ստանում տնտեսական գործունեություն ծավալել 70-80 միլիոնանոց շուկայում, իսկ Իրանն այդ համաձայնության միջոցով կարողանում է համագործակցել ոչ միայն Հայաստանի, այլ նաև Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների հետ:

Իրանահայ պատգամավորը Tert.am-ի հետ զրույցում պատմեց, որ օրինագիծը մեծ թվով պատգամավորների քվեարկության արդյունքում ընդունվեց Իրանի խորհրդարանականի կողմից, ընդամենը երկու պատգամավոր է դեմ քվեարկել, որը կազմել է ընդամենը 1 տոկոսը, 70 տոկոսը կողմ է քվեարկել, մնացած մասն էլ չի մասնակցել քվեարկությանը, ինչը Կարեն Խանլարյանը օրինաչափ համարեց:

«Առևտրային, տնտեսական համագործակցության համար բավականին արժեքավոր համաձայնագիր է, որի շուրջ համաձայնությունը ձեռք էր բերվել դեռևս նախագահներ Սերժ Սարգսյանի և Հասան Ռոուհանիի հանդիպման ընթացքում: Իրանի խորհրդարանում արդեն օրինագիծը հաստատվեց»,- ասաց նա:

Իրանահայ պատգամավորը նշեց, որ օրինագիծը բավականին հեշտացնելու է մաքսային գործընթացները երկու երկրների միջև: «Ենթադրելի է, որ բավականին կիջեցվի մաքսատուրքերի չափը: Կարծում եմ՝ առևտրային ոլորտը երկու երկրների միջև կվերաճի ռազմավարական մակարդակի»,- ասաց նա:

Կարեն Խանլարյանի խոսքով՝ Իրանի կառավարության կողմից բավական դրական արձագանքներ և մասնագիտական լավ կարծիքներ են հնչել վերոնշյալ համաձայնագրի հետ կապված, բոլոր հարցերից կողմերը տեղեկացված են և պատրաստ են լուծելու՝ սկսած մաքսատնային խնդիրներից մինչև ապրանքների տեսականու ընտրությունից և ընդլայնումից:

«Հետաքրքրություն գոյություն ունի Իրանում հայաստանյան շուկայի տարբեր արտադրանքների նկատմամբ: Ինձ համար հետաքրքիր է այն փաստը, որ Իրանը ցանկանում է համագործակցել հայկական նորագույն տեխնոլոգիաների ոլորտի ընկերությունների հետ»,- ասաց նա:

Հայաստանի հետ Իրանի փոխհարաբերությունների ռազմավարական մակարդակը՝ անկախ տարածաշրջանում քաղաքական իրադրական վիճակից, անփոփոխ է և չի հաշվարկվում դրանով, որովհետև այդ հարաբերությունները շատ ավելի խորքային են:

«Նորդուզ-Մեղրի սահմանային դարպասի համատեղ օգտագործումը ոչ միայն էներգետիկ բարեհաջող օգտագործման համար հող է պատրաստում, այլ նաև հնարավորություն է ստեղծում ազատ տնտեսական գոտիներ ստեղծելու: Իրանում կա մեծ ազատ տնտեսական գոտի, նախատեսվում է արդեն Մեղրիում նման բան հիմնել: Ենթադրվում է, որ հնարավորություն է ստեղծվելու նաև հիդրոքաղաքականության համար, այսինքն՝ Արաքսը կարող է օգտագործվել հիդրոկայաններ հիմնելու համար»,- ասաց նա:

Իրանական Մեջլիսում հայանպաստ գործունեություն ծավալելը, Կարեն Խանլարյանի խոսքով, բավականին հեշտ է: «Իրանի քաղաքական միտքը բավականին հզոր անցյալով և բավականին իդեալիստական մոտեցումներով է, բավականին մեծ հնարավորություններ է ստեղծում արդյունավետ համագործակցության համար: Մեջլիսում այդ մթնոլորտն առկա է, պատգամավորները բավականին հետաքրքրված են Հայաստանի հետ համագործակցելու հարցում,- ասաց նա՝ նկատելով, որ Հայաստանն էլ իր կողմից կատարում է իրենից պահանջվողը համագործակցությունը բարձր մակարդակի վրա պահելու ուղղությամբ,- Հայաստանում կա այդ բարձր ռազմավարական համագործակցության գիտակցությունը և կամքը, և, հուսով եմ, այդ համագործակցությունը երկար ժամանակ կշարունակվի»:

tert.am

Տպել Տպել