«Ալիք»ի խմբագրական. Շունչը կա՛յ, շնչաւորող է հարկաւոր…

Փաստ է, որ ժամանակին Մեծն Յովհաննէս Շիրազը խորհրդային «Երկաթէ վարագոյրին» արհամարհելով՝ հայրենի շնչի իր իմաստալից գնահատականն է տւել՝ 1983 թ. յուլիսի 27-ի Լիսբոնեան հերոսական սխրանքի մասին…: Դա, ինչ խօսք, նաեւ այն փաստի արձանագրումն է, որով բանաստեղծը պատգամել է Սփիւռք-Հայաստանի (դեռ այն ժամանակ հոգե-մտաւոր) միասնութեան փրկարար խորհուրդ-արժէքի հեռանկարայնութիւնը…

ԴԵՐԵՆԻԿ ՄԵԼԻՔԵԱՆ

Հեռանկարն այդ՝ այսօր ահա, իրողութիւն է ու իր արդիական ձեւակերպումն է ստացել «Հայաստան-Արցախ-Սփիւռք» եռամիասնութեան ռազմավարական-նպատակային բանաձեւումով:

Ասել է թէ՝ -փոխաբերական իմաստով- ինչպէս թումանեանական, իսահակեանական, այնպէս էլ՝ Չարենցեան, Սեւակեան ու տւեալ դէպքում Շիրազեան կենարար շունչը կա՛յ, բայցեւ հարկաւոր են անընդհատ դա ներշնչելու- կենսաւորելու կոչւած մերօրեայ շնչաւորողներ…, յատկապէս երբ վերջիններս օժտւած են 25-ամեայ պետական թէեւ ոչ լիարժէք կայացած մտածողութեամբ ու կարգուսարքով:

…. Յաջորդ տարի Լիսբոնեան իմացեալ մահով յաւերժացած հինգ հերոսների նահատակութեան 35-րդ ամեակն է, որն համընկնելու է հայոց պետականութեան փառապանծ անկախութեան 100-րդ տարեդարձին:
Նորովի շունչ ու խորհուրդ է հարկաւոր հաղորդել Լիսբոնեան իգիթներին, որոնք արհամարհեցին մահը՝ յանուն նոյն պետականութեան վերականգնման Սուրբ գաղափարի…

Իսկ այդ գաղափարի առարկայացման ու ներշնչման աղբիւրը դա՝ յաւերժահոս երախտայուշ եռաբլուրում վեր խոյացող Լիսբոնի հինգի յուշապարիսպն է կարող լինել՝ մակագրւած նոյն Շիրազեան պատգամով…

«ԱԼԻՔ» ՕՐԱԹԵՐԹԻ ԳԼԽԱՒՈՐ ԽՄԲԱԳԻՐ
ԴԵՐԵՆԻԿ ՄԵԼԻՔԵԱՆ

ԼԻԶԲՈՆԻ ՈՂՋԱԿԵԶՆԵՐԻՆ

Հիշե՛ք, հայեր, բալիկներուդ՝
Դեռ ծիլ ընկած գալիքներուդ,
Որ քեզ ամառ պիտի տային,
Բայց կես ճամփին ընկան կիսատ՝
Դեռ չտեսած հողն Արարատ:
Հիշեք, հայե՛ր, ընկողներին,
Որ չհասած մեր հողերին,
Ընկան հինգն էլ ի սեր հայոց՝
Մեր հինգ միլիոն զոհված որդոց,
Որ գեր-ձորում ընկած են դեռ՝
Հայ վրեժի հույսով անմեռ:

Եկ գովք անենք հայ քաջերին
Խենթ սրտին էլ ընդդեմ դարի,
Հիշե՛ք հայեր, ինչպես Տիզբոն,
Երեկ Տիզբոն, այսօր Լիզբոն,
Եկ, դիմացիր, ազգ իմ զգօն
Հինգ հայդուկին այս երգեհոն,
Եկ, որ Վարդանն Ավարայրի
Անեծք դառնա թուրքին վայրի:

Հիշեք, հայե՛ր, որ վայր ընկան
Անվերադարձ մահով, սակայն,
Սարգիս, Սեդրակ, Արա Սիմոն,
Ինքը՝ Վաչեն՝ հանց երգեհոն,
Մեզ կկանչեն ու գան պիտ
Ի սեր, գերված Արարատի
Ի սէր հայոց մայր հողերուն՝
Ընդդեմ հողաց թուրք գողերուն:

Որ Հայաստանն իմ խլեցին,
Մեզ վրեժը լոկ թողեցին.
Երեկ Տիզբոն,
Այսօր Լիզբոն,
Հայն է զոհվում հորիզոնից մինչ հորիզոն:

Չենք մոռանում Եղեռնը մեծ,
Որ հայ արյան ծովը խմեց,
Քարը թողեց վերապրողին,
Թուրքն է ապրում, այն էր՝ հողին,
Խամրեց արևն ողջ հայության:
Հիշե՛նք, հայեր Եղեռն համայն,
Որ մեր ազգի ծուծը խմեց,
Աշխարհասաստ Եղեռնը մեծ:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՇԻՐԱԶ

Տպել Տպել