100-ից ավելի նորագիրներ համալրեցին Դաշնակցության շարքերը

Սեպտեմբերի 2-Ին Արցախի հանրապետության անկախության 26 ամյակը ՀՅԴ-ն տոնեց Եռաբլուրում:

Նախ հոգեհանգստյան արարողությամբ ևս մեկ անգամ հիշատակվեցին պանթեոնում ամփոփված հայորդիները, որոնց կյանքի գնով այսօր ունենք անկախ ու ազատագրված հայրենիք:

Հայկական երկու հանրապետւթյունների օրհներգերից հետո բացման խոսքով հանդես եկավ ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի տնօրեն Կիրո Մանոյանը:
«Անհրաժեշտություն էր 1991 թվականի սեպտեմբերի 2-ի որոշումը, որովհետև մի կողմից բավարարում էր Արցախի ժողովրդի՝ Ադրբեջանից անկախ ապրելու ձգտումը, մյուս կողմից այդ նպատակի իրականացումը դնում էր օրվա քաղաքական իրավիճակի փաստերի վրա, մյուս կողմից այդ կամքի դրսևորումն իրականացնում էր Սովետական միության օրվան, օրենքների տառին ու ոգուն համապատասխան»,- իր խոսքում ասաց Մանոյանը, ապա նշեց, որ այս օրը տոնական լինելով հանդերձ՝ պատմական քայլ էր:

Մանոյանի խոսքով՝ սեպտեմբերի 2-ի որոշումը մարտավարական տակտիկական քայլ էր: «Ինչպես Արցախում պիտի ասեին՝ Արցախի հանրապետության անկախության միջազգային ճանաչումը ՀՀ-ի հետ վերամիավորման ամենակարճ ճանապարհն է: Այս ճանապարհին անհրաժեշտ ենք համարում Հայաստանի և Արցախի հանրապետությունների միջև ռազմաքաղաքական համագործակցության պայմանագրի ստորագրումը: Պայմանագիր, որ պատրաստվել է 2016-ի ապրիլյան քառօրյա կռիվներից հետո»,- շեշետեց նա:

ՀՅԴ-ականն ընդգծեց, որ Արցախի սահմանները ճշտելիս պետք է առաջնորդվել պատմական իրավունքի և Արցախի ու Հայաստանի անվտանգության իրական աշխարհագրական տարածքային երաշխիքների սկզբունքով: «Բանակցային գործընթացում պետք է առաջնորդվել Արցախի ժողովրդի 1991 թվականի անկախության և 2006 ու 2017թթ ԼՂՀ Սահմանադրության ընդունման և փոփոխությունների համաժողովրդական հանրաքվեներով արդեն իսկ կայացած կամարտահայտությամբ»,- նկատեց նա, ապա ևս մեկ անգամ նշեց, որ ՀՅԴ-ն շարունակում է ԼՂՀ ճանաչման խնդրի հետապնդումը:

Խոսելով զիջումների մասին, Մանոյանը ևս մեկ անգամ հայտնեց ՀՅԴ դիրքորոշումը:

«ՀՅԴ-ն դեմ է միակողմանի զիջումներին, փոխադարձ զիջումները կարող են լինել միայն համարժեք, միաժամանակյա և փաթեթային լուծման շրջանակներում, ՀՅԴ-ն պաշտպանում է ՀՀ-ի կողմից Արցախի անկախության ճանաչման ակտի անհրաժեշտությունը՝ բանակցային գործընթացի ձախողման կամ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի դեպքում»,- ասաց նա:

Այսօր նաև 100-ից ավելի նորագիրներ համալրեցին ՀՅԴ շարքերը: ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը, ով նորագիրների կնքահայրն էր, նշեց՝ երբ դառնում ես դաշնակցական՝ կենսագրության մեջ նոր էջ ես բացում:

Նորագիրները երդվեցին իրենց պատվով և հայրենիքով միշտ հավատարիմ մնալ ՀՅԴ ծրագրին, կանոնագրին, որոշումներին, և իրենց բոլոր ուժերով, հարկ եղած դեպքում նաև կյանքի գնով ծառայել Հայաստանի և հայության ազատագրության դատին: Նրանք մեկ առ մեկ մոտեցան ՀՅԴ դրոշին, կանոնագրին, զինանշանին, զենքին և երդվեցին:

Այնուհետև ազգային, հեղափոխական երգերի ներքո շարունակեցին տոնել Արցախի անկախության 26 ամյակը:

Մանրամասները՝ տեսանյութում։

yerkir.am

Տպել Տպել