ժողովուրդը գիտակցեց` պետականությունն է զարգացման երաշխիքը

Եթե Արցախը միջազգայնորեն ճանաչվի, մեզ համար ավելի մեծ հեռանկարներ կբացվեն, որովհետև մենք հնարավորություն կունենանք համարժեք քայլել ճանաչված պետությունների հետ: Tert.am-ի հետ զրույցում ասաց Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի փոխնախագահ Վահրամ Բալայանը՝ խոսելով սեպտեմբերի 2-ին Արցախում տոնվող անկախության 26-ամյակի մասին: Արցախի խորհրդարանի նախագահի տեղակալն անդրադարձավ ձեռքբերումներին ու բացթողումներին: Վերջինս նշեց, որ խաղաղությունն ամրապնդելուց ու կարգավիճակը վերջնականապես ճշգրտելուց հետո Արցախում ներդրումները կմեծանան, չնայած այսօր էլ դրանք կան:

– Արցախը երեկ տոնում էր Անկախության 26 տարին: Ի՞նչ ձեռքբերումներ ու հաջողություններ է կարողացել գրանցել Ղարաբաղն այս ընթացքում:

– Այն ազգը, որն ունի պետականություն, կարողանում է զարգանալ: Արցախն էլ բացառություն չէ: Երբ մենք պետականություն ենք ունեցել, երկիրն ավելի բարվոք վիճակում է եղել: Աստծո կողմից տրված ազատ ապրելու իրավունքը իրացնելու համար 26 տարի առաջ՝ սեպտեմբերի 2-ին վերգտանք մեր պետականությունը և այս 26 տարիների ընթացքում, հաղթահարելով բազմաթիվ դժվարություններ, գրանցեցինք նույնքան հաջողություններ:

Ամենակարևոր ձեռքբերումը, կարծում եմ, այն էր, որ ժողովուրդը գիտակցեց՝ պետականությունն է զարգացման երաշխիքը: Պատահական չէ, որ 2016թ.-ի ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ հանրությունը մեկ մարդու պես ոտքի կանգնեց, որ պաշտպանի իր երկրի սահմանները, պետականությունը, ինքնիշխանությունը, ինքնությունը:

Կարևոր ձեռքբերում է նաև բանակաշինությունը: Այս ոլորտում մենք մեծ նվաճումներ ունենք: Արցախում ապրող ամեն ընտանիք կապված է բանակի հետ, ուստի ամեն մեկը ձգտում է հզորացնել այն, որովհետև գիտակցում են, որ անվտանգության գլխավոր երաշխավորը բանակն է: Այն ազգը, որը չի կերակրում իր բանակին, կերակրում է մեկ այլ ազգի բանակի: Սրանք պատահական խոսքեր չեն և վստահ եմ, որ արցախցիները գիտակցում են դա:

Իրավապահ մարմինները՝ ոստիկանությունը, դատախազությունը, դատարանները, ևս կայացել են: Կաշառքը, հովանավորչությունը և նման այլ երևույթներն անցյալում են՝ որպես անցյալի վատ հիշողություն, ու մեր հասարակությունն ապրում է արևմտյան արժեքներով:

Սոցիալ-տնտեսական կյանքում էլ հաջողություններ են գրանցվել: 90-ականների տնտեսության անկումից հետո հաջողություններ ենք արձանագրել: Ղարաբաղը տարեկան 9-11 տոկոս տնտեսական աճ է ապահովվում՝ ի հեճուկս շրջափակման, աշխարհում տիրող տնտեսական ճգնաժամերի: Խնդիրները մեզ չեն խանգարում, մենք սոցիալական բազում ծրագրեր ենք իրականացնում՝ կապված բնակարանաշինության, բազմազավակ, սոցիալապես անապահով ընտանիքների և այլ շերտերի հետ:

Վերջին տարիների հաջողություն ունենք բազմաճյուղ տնտեսության կառուցման հարցում: Եթե Արցախը տարիներ առաջ էներգիա ներկրող երկիր էր, ապա հիմա դարձել է էներգիա արտահանող երկիր, որովհետև կառուցվել են փոքր ու մեծ հիդրոէլեկտրակայաններ:

Չնայած միջազգային իրավունքի տեսանկյունից մեր երկիրը ճանաչված չէ, մենք որոշակի քայլեր ենք ձեռնարկում աշխարհը ճանաչելի դարձնելու համար, և պատահական չէ, որ ԱՄՆ-ի, Ավստրալիայի որոշ նահանգներ ճանաչում են ԼՂ անկախությունը: Եվ կարծում եմ, որ սարերի հետևում չէ այն, որ աշխարհը վերջնականապես ճանաչի Ղարաբաղի անկախությունը:

Կարծում եմ, որ մոտ ժամանակներում մեզ առավել մեծ հաջողություններ են սպասվում:

– Ինչի՞ համար է ափսոսում Արցախը: Ի՞նչ բացթողումներ գրանցվեցին:

– Ափսոսում ենք, որ 90-ականներին ժամանակ կորցրեցինք, ճիշտ չվերաբերվեցինք իրողություններին: Ինչպես Հայաստանում, այնպես էլ Արցախում, ցաքուցրիվ եղավ խորհրդային տնտեսությունը, նյութատեխնիկական ամբողջ բազան՝ անասնապահական ֆերմաները, տրակտորները, ոչնչացվեցին:

– Արտաքին քաղաքական մարտահրավերին դիմակայելու հարցը վերաիմաստավորելու կամ նոր մոտեցումներ որդեգրելու կարիք կա՞:

– Մեր խնդիրը պաշտպանական դիրքերն ավել ու ավելի ամրապնդելն է: Օրեցօր մեր դիրքերը դարձել ու դառնում են ավելի ամուր: Հատկապես ապրիլյան պատերազմից հետո ամեն ինչ արվում է, որ զինվորներն անվտանգ ծառայեն, դիրքերը լինեն անսասան:

– Կա՞ անկախությունը կորցնելու վտանգ:

– Ոչ, որովհետև ժողովուրդը գիտակցում է անկախության քաղցրությունը: Շատ բան մեզանից է կախված: Եթե մենք պրովոկացիաներին ու ճնշումների տեղի տանք, մեզ վտանգ կսպառնա, բայց եթե Սփյուռքը, Արցախն ու Հայաստանը միասին լինեն, որևէ վտանգ էլ մեզ չի սպառնա: Բնականաբար, եթե Արցախը միջազգայնորեն ճանաչվի, մեզ համար ավելի մեծ հեռանկարներ կբացվեն, որովհետև մենք հնարավորություն կունենանք համարժեք քայլել ճանաչված պետությունների հետ: Ամուր խաղաղությունն ու կարգավիճակը վերջնականապես ճշգրտելուց հետո ներդրումները կմեծանան, բայց այսօր էլ դրանք կան: Երեկվա միջոցառումներին օրինակ Արցախ էին ժամանել ներդրողներ, ովքեր ցանկություն են հայտնել ներդրումներ իրականացնել: Շատ հաճախ, չլինելով Արցախում, ներդրողները մտածում են, թե դա աղքատության մեջ գտնվող մի երկիր է, զինվորներով ու տանկերով լցված մայրաքաղաքով, բայց գալիս, տեսնում են, որ մենք ապրում ենք քաղաքակիրթ բոլոր պետությունների պես:

tert.am

Տպել Տպել