Սանկտ-Պետերբուրգի հայ համայնքը նշեց ԼՂՀ Անկախության 26-րդ տարեդարձը

Ս.թ. սեպտեմբերի 3-ին Սանկտ-Պետերբուրգի հայ համայնքը ՀՀ գլխավոր հյուպատոսության աջակցությամբ նշեց ԼՂՀ Անկախության 26-րդ տարեդարձը:
Առավոտյան Սանկտ-Պետերբուրգի Սբ. Կատարինե եկեղեցում Հյուսիս-Արևմտյան տարածաշրջանում Հայ Առաքելական եկեղեցու հոգևոր հովիվ տեր Պողոս աբեղա Վարդանյանի հանդիսապետությամբ կատարվեց հանրապետական մաղթանք՝ նվիրված ԼՂՀ Անկախության 26-րդ տարեդարձին: Որից հետո Սանկտ-Պետերբուրգում հայ համայնքի «Վերնատուն» մշակութայի կենտրոնում կայացավ ԼՂՀ Անկախության 26-րդ տարեդարձին նվիրված ցերեկույթ:

Միջոցառման սկզբում ելույթով հանդես եկավ Սանկտ-Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանը, ով շնորհավորեց ներկաներին ԼՂՀ 26-ամյա անկախության տոնի առթիվ և նշեց, որ արցախցիների տոնը ոչ միայն արցախահայության տոնն է այլ համայն հայության տոնը, որովհետև այս անկախության 26 տարվա նվաճումը ձեռք է բերվել համայն հայության միասնականության շնորհիվ: Հրայր Կարապետյանն իր ելույթում անդրադարձավ արցախյան ազատամարտի հանգրվաններին, ինչպես նաև ներկայացրեց հիմնահարցի լուծման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության դիրքորոշումներն ու մոտեցումները:

Ելույթներով հանդես եկան նաև Հայ Առաքելական եկեղեցու հոգևոր հովիվ տեր Պողոս աբեղա Վարդանյանը, «Լաստոչկա» ԱՊՀ երկրներից փախստական երեխաների և տեղահանված երեխաների միջազգային կենտրոնի տնօրեն Ադելինա Մնացականովան, գիտական և մշակութային հայտնի գործիչներ, հայ համայնքի ներկայացուցիչներ, հոգևորականներ:
Միջոցառման վերջում տեղի ունեցավ ԼՂՀ Անկախության 26-րդ տարեդարձին նվիրված ֆիլմի ցուցադրում:

Տպել Տպել