ԵՏՄ-ին անդամակցելով՝ Հայաստանը լուծեց անվտանգ զարգացում ապահովելու հարցը

Հայաստանը, համենայն դեպս, լուծեց անվտանգ զարգացում ապահովելու հարցը։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ ՀՅԴ խորհրդարանական խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ անդրադառնալով Մաքսային Միությանն անդամակցելու (2015 թվականից՝ Եվրասիական տնտեսական միություն) մասին հայտարարությունից 4 տարի անց Հայաստանի ձեռքբերումներին ու բացթողումներին։

Նրա խոսքով՝ դա համալիր խնդիր է եւ միայն ԵՏՄ շրջանակում տնտեսական հարցերի հետ կապված չէ։ «Դա կապված է աշխարհաքաղաքական հարցերի հետ եւ բնական է, որ խնդիրը լուծելու համար մեզ համապատասխան միջավայր է անհրաժեշտ։ Այժմ ես շատ ուրախ եմ, որ «կամ-կամ» փուլը հաղթահարված է, եւ այսօր մենք Եվրամիության հետ եւս պատրաստվում ենք համապարփակ համաձայնագիր ստորագրել։ Հայաստանին պետականություն կառուցելու լրջագույն հարցերը լուծելու հնարավորություն է ընձեռվում՝ Եվրամիության հետ նորմալ հարաբերություններ պահպանելով եւ դրանք այլ դաշտում համադրելով»,-նշեց Ռուստամյանը։ Պատգամավորը դա շատ լավ ձեռքբերում է համարում։

Նրա կարծիքով՝ հենց դրա վրա է պետք երկրի քաղաքականությունը կառուցել․ պետք է ուսումնասիրել նոր հնարավորությունները, իսկ դրանք իրականում գոյություն ունեն, եւ հաշվի առնելով այդ դաշտերի տրամադրած հնարավորությունը՝ դրանք օգտագործել զարգացման ծրագրերում։ «Այդ մասով, մենք իսկապես բացթողումներ ունենք։ Մենք պետք է ամեն ինչ լրջորեն վերլուծենք, ԵՏՄ-ում պոտենցիալը գնահատենք, այն Եվրամիության ընձեռած հնարավորություննների հետ համադրենք եւ տեսնենք, թե ինչպես կարող ենք բազամապատկել մեր ռեսուրսները»,-ամփոփեց Ռուստամյանը։

Հիշեցնենք․ 2013 թվականի սեպտեմբերի 3-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններից հետո, այն ժամանակ Մաքսային Միություն մուտք գործելու եւ եվրասիական ինտեգրմանը նպաստելու Հայաստանի մտադրության մասին հայտարարեց։ 2015 թվականի հունվարի 2-ին Հայաստանը դարձավ Եվրասիական տնտեսական միության լիիրավ անդամ։

news.am

Տպել Տպել