Վնասի չափը դեռ չի ճշտվել

Երեկ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյան, լրագրողների հարցերին ի պատասխան, անդրադարձավ Հայաստանի առանց այն էլ սուղ անտառածածկ տարածքներին պատուհասած եւ դեռ տեղ-տեղ շարունակվող հրդեհներին։

-Կառավարությունն ամփոփե՞լ է այրված տարածքների բուսածածկույթին եւ կենդանական աշխարհին հասցված վնասի չափերը։

-Գնահատականը դեռ ամբողջական չէ։ Արտավանի եւ Խոսրովի անտառների մասով սպասում ենք մեր ամերիկացի գործընկերների մասնագիտական փորձաքննությանը. իրենք նաեւ աջակցում են մեզ՝ տիեզերական պատկերներով առավել հստակ ձեւավորելու վնասված հատվածները։

Այնպես չէ, թե անտառներն ամբողջությամբ այրվել են՝ այրված տարածքներում ունենք կղզյակներ, որոնք փրկվել են կամ մասնակի են այրվել։ Այդ հատվածների վերականգնման հավանականությունը բարձր է, բայց վերջնական գնահատականը՝ ըստ այրման աստիճանի եւ վերականգնման հնարավորության, կլինի առաջիկայում։ Դրա համար, որպես կանոն, մեկ տարի է պետք՝ մինչեւ հաջորդ շրջափուլ, երբ կունենանք բուսականության աճի, կենդանիների եւ բուսածածկ տարածքների մոնիտորինգի արդյունքները։

-Հնարավո՞ր է, որ նորից դիմեք Ռուսաստանի օժանդակությանը շարունակվող հրդեհները մարելու համար։

-Բարեբախտաբար այս պահին այրվող տարածքներ չկան։ Ռուսաստանի օժանդակության կարիքը նույնպես չկա՝ գոնե այսօրվա դրությամբ. մեր ուժերը շատ թե քիչ բավարար են խնդիրները լուծելու համար։
Առհասարակ այս հրդեհները, որոնք առանձնահատուկ էին իրենց ծավալներով՝ պայմանավորված առաջին հերթին եղանակային պայմաններով, նոր մարտահրավերներ են ստեղծում մեզ համար, նաեւ՝ նոր պարտավորություններ, մանավանդ նկատի ունենալով բնակլիմայական փոփոխությունների պատճառով վերջին շրջանում նկատվող ջերմաստիճանային կտրուկ փոփոխությունները։

-Վերլուծե՞լ եք հրդեհների պատճառները՝ դրանք պայմանավորված էին ավելի շատ եղանակային պայմաններո՞վ, թե՞ մարդկային գործոնով։

-Խոսրովի անտառի պարագայում, ինչպես գիտեք, քրեական գործ է հարուցված. քննությունը կպարզի՝ հրդեհները տեխնածի՞ն էին, մարդածի՞ն, թե՞ բնակլիմայական երեւույթների հետեւանք։

Ինչ վերաբերում է հատուկ պահպանվող անտառածածկ տարածքներին, ընդհանրապես լանդշաֆտի վիճակին, մենք խնդիր ունենք՝ ավելի խորը դիտարկելու եւ քննարկելու գոյություն ունեցող խնդիրները, որովհետեւ եթե այլ պայմաններում հրդեհները հեշտությամբ մարվում են, այս դեպքում, եղանակային պայմաններով եւ լանդշաֆտի առանձնահետկություններով պայմանավորված, սկսում են քողարկված կամ սողացող կրակի վերածվել։

Առաջին հայացքից կարող է թվալ, թե հրդեհն ամբողջությամբ մարվել է, բայց նույն Խոսրովի արգելոցի հատվածում տորֆային շերտը այնքան հաստ է, որ կրակը տարածվում է արմատային համակարգի, տորֆի միջոցով։ Հետեւանքը լինում է այն, որ, օրինակ, եթերայուղերով հարուստ գիհի ծառատեսակը շատ արագ կլանում է ջերմությունը եւ արագորեն վերածվում հրդեհի։ Այսինքն՝ կան որոշակի առանձնահատկություններ, որ այս ընթացքում պետք է շատ խորը ուսումնասիրենք, վերլուծենք եւ համապատասխան փոփոխություններ առաջարկենք։

-Ի՞նչ քայլեր եք մտադիր ձեռնարկել իրավիճակը շտկելու ուղղությամբ՝ այրված անտառների վերականգնման ի՞նչ ծրագրեր ունի կառավարությունը։

-Սեպտեմբերի 7-ի երեկոյան գալիս են ամերիկացի մեր գործընկերները՝ անտառային ծառայության մասնագետները, որոնք մեր աշխատանքային խմբերի հետ համատեղ մասնակցելու են Խոսրովի անտառի վերականգնողական միջոցառումների նախագծմանը։

Զուտ որպես արգելոց, օրենքը սահմանափակում է մարդկային միջամտությունը՝ որեւէ բուսածածկ տարածք արհեստական ձեւով վերականգնելու իմաստով, բայց կա նաեւ հնարավորություն՝ մի կողմից, գիտական հատվածի ներքո որոշակի փոքր տարածքներում վերականգնողական աշխատանքներ իրականացնելու, մյուս կողմից՝ օրենսդրական մեխանիզմները թույլ են տալիս արգելավայրային գոտիներ սահմանելով՝ վերականգնողական միջոցառումներ իրականացնել այդ տարածքներում։

-Ինչքա՞ն ժամանակ կպահանջվի դրա համար։

-Հաճախ մարդիկ, չլինելով տեղում, մտածում են, թե Խոսրովի արգելոցի գիհուտները շատ խիտ են՝ իրար մեջ մտած, բայց այդպես չէ՝ հատկապես գիհուտները համարվում են նոսր անտառային տարածքներ։ Մյուս կողմից՝ նույն Խոսրովի արգելոցում ազդակիր հատվածը, ըստ ամերիկացի մասնագետների, չի գերազանցում 2000 հեկտարը՝ մեր մոնիտորինգի տվյալներով, 1716 հեկտար է զբաղեցնում։

Հիմա փոխադարձ ճշտումներ պետք է կատարվեն՝ հաշվի առնելով, որ, ամերիկյան կողմի կազմած պատկերի համաձայն, կան բազմաթիվ կղզյակներ, որոնք չեն վնասվել կամ մասնակի են վնասվել։ Այս աշխատանքները պետք է իրականացվեն, որպեսզի ունենանք լիարժեք պատկերը։

Ինչ վերաբերում է վերականգնման ժամկետներին, արդեն ասացի՝ առնվազն մեկ շրջափուլ է անհրաժեշտ, որ կարողանանք գնահատել վնասի չափը եւ վերականգնման հնարավորությունները։ Իսկ առհասարակ գիհին դժվար աճող, կենսաբազմազանության առումով արժեքավոր ծառատեսակ է, եւ երկար տարիներ են պետք դրանց վերականգնման համար։ Այդ տեսակետից, վերականգնման հստակ ժամկետներ նշելը բավական դժվար է։

-Վերականգնողական միջոցառումների ֆինանսավորումը բյուջեի հաշվի՞ն է լինելու, թե՞ հույս ունեք նաեւ դրսից միջոցներ ներգրավել։

-Մենք դիմել ենք դոնոր կազմակերպություններին եւ հույս ունենք, որ դրամաշնորհներ կլինեն։ Մեր նպատակն է դրամաշնորհային այդ ծրագրերը ներառել նաեւ գանձապետական համակարգում, որպեսզի այդ ծրագրերի թափանցիկությունը, ֆինանսական ռեսուրսների ծախսերը եւ դրանց արդյունավետությունը տեսանելի լինեն բոլորի համար։
Բայց այստեղ ունենք շատ կարեւոր մի խնդիր՝ վերականգնումից զատ կամ մինչեւ վերականգնումը հակահրդեհային միջոցառումներ իրականացնելու, առհասարակ բնական աղետների դեմ նոր, ժամանակակից պայքարի միջոցների անհրաժեշտություն ունենք։

-Կարո՞ղ եք ասել՝ վերջին անգամ ե՞րբ է Հայաստանում ֆորսմաժորային իրավիճակ ստեղծվել, ընդհանրապես այս մասշտաբի հրդեհներ եղե՞լ են, թե՞ ոչ։

-«Խոսրովի անտառ» պետական արգելոցում այս ընդգրկման հրդեհներ չեն եղել։ Բնակլիմայական պայմաններով պայմանավորված՝ մեծածավալ ճնշում կենսառեսուրսների վրա եղել է 2001 եւ 2012թթ. հատկապես ջրային ռեսուրսների մասով, իսկ զուտ հրդեհների առումով իրավիճակն իսկապես աննախադեպ է. ցավոք, գրեթե չեն մնացել անտառային տարածքներ, որ հրդեհներից չեն տուժել։

Այս ընթացքում ունեցել ենք 3-4 դեպք «Զանգեզուր» կենսոլորտային կենտրոնում, այդ թվում՝ թշնամու գործողությունների հետեւանքով բռնկված հրդեհ, որ մեր աշխատակիցների ակտիվ միջամտությամբ մարվել են՝ «Սեւան» ազգային պարկում, «Դիլիջան» ազգային պարկում, Բյուրականի անտառտնտեսությունում, նույն Արտավանի հատվածում, Տավուշի մարզում։ Այսինքն՝ այս տարի բավական լուրջ հարվածների տակ ենք եղել։

ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ

«Հայոց Աշխարհ» օրաթերթ
armworld.am

Տպել Տպել