Լևոն Մկրտչյանն ընդունել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկյացուցչի տեղակալին

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն ընդունել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (UNDP) մշտական ներկյացուցչի տեղակալ Դմիտրի Մարիյասին: Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ-ում ՄԱԿ-ի աջակցությամբ իրականացվող ծրագրերը, որոնք առնչվում են կրթության և գիտության ոլորտի հետ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ կրթության և գիտության նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից, ԿԳ նախարարը UNDP-ի ներկայացուցիչներին ներկայացրել է կրթության և գիտության ոլորտի պետական քաղաքականության հիմնական ուղղությունները, որոնք նախատեսված են Կրթության զարգացման պետական ծրագրով:

ԿԳ նախարարը, շեշտելով, որ կառուցվածքային բարեփոխումների հիմնական գործընթացն արդեն ավարտված է, նշել է, որ առաջիկայում կարևորվում է կրթության բովանդակության և կառավարման համակարգի բարելավումը: ԿԳ նախարարը համոզմունք է հայտնել, որ կրթության համակարգի առաքելությունը ոչ միայն գիտելիքների փոխանցումն է, այլ նաև արժեքների հաղորդումն ու ձևավորումը: Այս համատեքստում, հաշվի առնելով, որ տարածաշրջանն ունի ընդհանուր շուկա, Լևոն Մկրտչյանն առաջարկ է ներկայացրել հեռանկարային ծրագրերում քնարկել տարածաշրջանի բոլոր երկրներում կրթական միասնական չափանիշներով առաջնորդվելու հարցը՝ շեշտելով, որ ՄԱԿ-ն այս հարցում կարող է ցուցաբերել կարևոր աջակցություն:

Իր հերթին Դմիտրի Մարիյասը նշել է, որ կրթությունը կարևոր օղակ է՝ մնացած ոլորտների հետ համագործակցելու համար, և իրենց կողմից իրականացվող բոլոր ծրագրերն առնչվում են կրթության համակարգին: Նա նաև պատրաստակամություն է հայտնել շարունակել համագործակցությունը: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են մի շարք աշխատանքային հարցեր:

Տպել Տպել