ԱՄՆ Սենատի Հատկացումների հանձնաժողովն ընդունել է Էրդողանի թիկնապահներին զենքի վաճառքն արգելել նախատեսող օրինագիծը

ԱՄՆ Սենատի Հատկացումների հանձնաժողովն ընդունել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի թիկնազորի անդամներին ԱՄՆ տարածքում զենքի վաճառքն արգելել նախատեսող օրինագիծը, այս մասին հայտնում է diken.com.tr կայքը:

Հիշեցնենք, որ Էրդողանի՝ Վաշինգտոն այցի ժամանակ Թուրքիայի դեսպանատան դիմաց տեղի ունեցած ծեծկռտուքի գործով ԱՄՆ-ում մեղադրանք է առաջադրվել 19 անձի, որոնցից 15-ը Թուրքիայի նախագահի թիկնապահներն են: Մեղադրյալներին գործադրած բռնության համար սպառնում է առավելագույնը 15 տարվա ազատազրկում: Նրանցից մի քանիսը լրացուցիչ մեղադրվում է մահաբեր զենքով հարձակման համար:

Կայքը նաև հայտնում է, որ Վաշինգտոնում արդեն կայացել է մեղադրյալներից երկուսի առաջին դատական նիստը, որի ընթացքում մեղադրյալներ Սինան Նարինը և Էյուփ Յըլդըրըմը դատարանի դահլիճ են բերվել բանտային համազգեստով, շղթայված ոտքերով ու ձեռնաշղթաներով:

Դատական նիստի ընթացքում որոշվել է շարունակել կալանքի տակ պահել նրանց, հայտնի է, որ հաջորդ դատական նիստը կկայանա հոկտեմբերի 10-ին:

Նշենք, որ մայիսի 16-ին Միացյալ Նահանգներում Թուրքիայի դեսպանի նստավայրի մոտակայքում Էրդողանի ԱՄՆ այցի դեմ բողոքող խաղաղ ցուցարարների խումբը հարձակման էր ենթարկվել էրդողանամետ խմբերի կողմից։ The Washington Post-ի հաղորդմամբ՝ տեղի ունեցած բախումների հետևանքով ինը մարդ էր վիրավորվել, նրանք տեղափոխվել էին հիվանդանոց:

Սպիտակ տանն Էրդողանի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպման ընթացքում անցկացված ցույցը կազմակերպել էին մի շարք կազմակերպություններ, որոնց թվում են եղել նաև Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը և Ամերիկյան հելենական խորհուրդը: Ցույցին մասնակցել են մի շարք այլ խմբեր, որոնց թվում են եղել հայկական, հունական, քրդական և ասորական համայնքների ներկայացուցիչներ: Ինչպես Facebook-ի իր էջում գրել էր Հայ դատի ամերիկյան հանձնախումբը, քուրդ, եզդի և հայ ցուցարարների վրա հարձակված Էրդողանի աջակիցները պարզապես ցուցարարներ չէին, այլ հատուկ պատրաստություն անցած անձինք, որոնք եղել են Ռեջեփ Թայիփ Էրդողանի անվտանգության ծառայությունից:

tert.am

Տպել Տպել