Լոս Անջելեսի Հրդեհների Ժամանակ Բըրբենքի Հայ Կենտրոնը Առաջարկուել է Որպէս Կեցավայր

Լոս Անջելեսում Սեպտեմբերի 1ին բռնկուած հրդեհները համարուեցին քաղաքի պատմութեան մէջ ամենամեծը. Վըրդուգօ լեռնաշրջանի Լա Թունա Քենյիըն տարածքով հրդեհները տարածուեցին նաեւ դէպի Գլենդել եւ Բըրբենք, կլանելով շուրջ 7000 ակր տարածք, տեղեկացնում են Լոս Անջելեսի Հրշէջ բաժանմունքից: Նահանգում յայտարարուեց արտակարագ իրավիճակ, եւ աւելի քան հազար հրշէջ ու մեծաքանակ տեխնիկական միջոցներ ներգրաւուեցին հրդեհները հանգցնելու համար: Սեպտեմբերի 5ի տուեալներով՝ մի քանի մարդ ստացել է թեթեւ մարմնական վնասուածք, այդ թւում՝ այրուածքներ, ջրազրկում, այրուել է չորս տուն:

Հրդեհները պատճառ դարձան նաեւ հարիւրաւոր մարդկանց տարհանումների: Բրբենքի Հայ կենտրոնը հրատապ ձեւով արձագանգեց իրավիճակին՝ քաղաքի եւ յարակից շրջանի բնակիչներին առաջարկելով ապաստանել 75 Իսթ Սանտա Անիտա հասցէում գործող կենտրոնի տարածքում:

«Տարհանելու մասին որոշումը լսելուն պէս, մենք՝ Հայ կենտրոնում գործող Հայ մշակութային հիմնարկութիւնը, Հայ Դատի յանձնախումբն ու Բըրբենքի Երիտասարդական կենտրոնը, կապուեցինք Բըրբենքի քաղաքապետարանի, հրշէջ եւ ոստիկանական ծառայութիւնների հետ՝ առաջարկելով մեր կենտրոնն օգտագործել որպէս ապաստարան: Միաժամանակ, «Ֆէյսբուք» սոցիալական ցանցում եւ լրատուամիջոցներում յայտարարութիւն տեղադրեցինք այս մասին: Կենտրոնում թէեւ քնելու յարմարութիւններ չկան, սակայն ունենք օդորակիչներով սենեակներ, եւ առաջարկում էինք սուրճ եւ սնունդ: Մեր կենտրոնը Բըրբենքի սրտում է, եւ միշտ պատրաստ ենք հնարաւոր միջոցներով օգտակար լինելու բնակիչներին, մեր համայնքին», նշում է ՀՅԴ «Աղբալեան» կոմիտէութեան ներկայացուցիչ Վիգէն Պապիկեանը: Բըրբենքի Հայ կենտրոնում Սեպտեմբերի 2ին ու 3ին գործել է շուրջօրեայ հեռախօսահամար, եւ նշուած օրերի ընթացքում դռները բաց են եղել տարհանուած բնակիչների համար:

Կալիֆորնիայի եւ Լոս Անջելեսի համապատասխան մարմինների արդիւնաւէտ գործողութիւնների շնորհիւ հրդեհները յաջողուեց մարել, եւ Հայ կենտրոնին դիմողներ թէեւ չեղան, սակայն Բըրբենքի քաղաքապետարանը ե-րախտագիտութիւն է յայտնել Հայ կենտրոնում գործող կազմակերպութիւններին՝ քաղաքի կեանքում ներգրաւուածութեան եւ արտակարգ իրավիճակի ժամանակ արագ արձագանգելու, աջակցելու առաջարկի համար

ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ

asbarez.com

07/09/2017

Տպել Տպել