Սոս գյուղում տեղի ունեցավ դաշնակցական ազատամարտիկ Հայկ Հակոբյանի անունը կրող դպրոցի բացման արարողությունը

Սեպտեմբերի 9-ին տեղի է ունեցել Մարտունու շրջանի Սոս համայնքի Հայկ Հակոբյանի անունը կրող դպրոցի նոր շենքի և մարզադահլիճի բացման արարողությունը: Նոր շենքի կառուցումը ֆինանսավորվել է Հայաստան համահայկական հիմնադրամի և ԱՀ կառավարության կողմից:

Հայկ Հակոբյանի անունը կրող դպրոցի նոր շենքի պաշտոնական բացման արարողությանը ներկա էին Արցախի նախագահ Բակո Սահակյանը, Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, վարչապետ Արայիկ Հարությունյանը և այլ պետական անձինք, ինչպես նաև Մարտունու շրջանից մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավոր, ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը: Միջոցառմանը ներկա էին նաև Հայաստան համահայկական հիմնադրամի տնօրեն Արա Վարդանյանը, Հայաստան համահայկական հիմնադրամի ԱՄՆ Արևմտյան շրջանի տեղական հանձնախմբի տնօրեն Սարգիս Քոթանջյանը, աշխարի տարբեր վայրերից Արցախ ժամանած բարերարներ և այլ հրավիրյալներ:

Ողջույնի խոսքով հանդես եկավ Սոս համայնքի ղեկավար Հունան Գրիգորյանը: Համայնքի ղեկավարի խոսքերով դպրոցի նախկին շենքը անշուք ու վթարային վիճակում է և այլևս պիտանի չէ շահագործման: Գյուղի համար առաջնային խնդիր էր դարձել դպրոցի նոր տիպային և հարմարավետ շենքի կառուցումը:

Ելույթով հանդես եկավ Հայաստան համահայկական հիմնադրամի տնօրեն Արա Վարդանյանը: Ներկայացնելով մինչ այդ Սոս համայնքում և ընդհանրապես Արցախում իրականացվող աշխատանքները, նա հույս հայտնեց, որ կատարված աշխատանքները կնպաստեն բնակչության թվի աճին հատկապես գյուղական համայնքներում:

Ելույթ ունեցավ նաև Հայաստան համահայկական հիմնադրամի ԱՄՆ Արևմտյան շրջանի տեղական հանձնախմբի տնօրեն Սարգիս Քոթանջյանը. – Դրպոցի բացումը նոր շունչ հաղորդեց գյուղին: Այսօր ունենք Մոտ 60 բարերարներ ԱՄՆ բոլոր ծայրերից: Նրանց շնորհիվ է, որ իրականացվել է Սոս համայնքի դպրոցի կառուցումը:

Շնորհակալական խոսքերով հանդես եկան Մարտունու շրջվարչակազմի ղեկավար Կարո Թովմասյանը և դրպոցի տնօրեն Մանուշակ Վանյանը:

Սոս համայնքի անունից Հայաստան համահայկական հիմնադրամի ԱՄՆ Արևմտյան շրջանի տեղական հանձնախմբի տնօրեն Սարգիս Քոթանջյանին շնորհվեց Սոս համայնքի պատվավոր քաղաքացու կոչումը:

Դպրոցի պաշտոնական բացման արարողությունից հետո միջոցառմանը մասնակցած դաշնակցական պատգամավորներ Դավիթ Իշխանյանը և Ալյոշա Գաբրիելյանը, ինչպես նաև մի խումբ ընկերներ իրենց հարգանքի տուրքը մատուցեցին դաշնակցական ընկեր Հայկ Հակոբյանի շիրմին:

aparaj.am

Տպել Տպել