ՀՅԴ–ն դեմ կքվեարկի ԵԱՏՄ–ից դուրս գալու «Ելք»–ի առաջարկությանը

Հայ Յեղափոխական Դաշնակցությունը դեմ է քվեարկելու «Ելք» խմբակցության կողմից Ազգային ժողովին ներկայացրած Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալու մասին նախագծին:

Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ, ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:

«Խաղ ու պար չի՝ էսօր մտնել վաղը դուրս գալ… Հայաստանը լուրջ քայլ է կատարել, ԵԱՏՄ-ն ապահովել է մեզ համար կայուն, խաղաղ զարգանալու հնարավորություն ու միջավայր: Մենք ուրիշ այլընտրանք՝ մեր անվտանգության հետ կապված հարցերն ապահովելու համար, դժբախտաբար, չունենք»,- ասաց Ա. Ռուստամյանը:

Ըստ պատգամավորի՝ Հայաստանը հաջողել է «և՛-և՛» քաղաքականության մեջ՝ լինելով ԵԱՏՄ անդամ հնարավորություն ունի Եվրամիության հետ համապարփակ համագործակցության:

«Անգամ Եվրամիությունն է հասկացել, որ այդպիսի պահանջներ դնելը հանգեցրել է շատ լուրջ պրոբլեմների, անգամ Եվրամիության հեղինակության խնդիրն է առաջացրել: Մենք տեսանք, թե իրենց քաղաքականությունը Ուկրաինայում ու և այլ տեղերում ինչի հանգեցրեց: Հիմա, երբ Եվրամիությունը վերանայել է իր մոտեցումը, մենք պետք է դրանից օգտվենք: Այն, ինչ չենք կարողանում լուծել Եվրամիության հետ կապված, պետք է լուծենք ԵԱՏՄ-ում, իսկ այն, ինչ չենք կարողանում լուծել ԵԱՏՄ-ում, պիտի լուծենք՝ ԵՄ-ում»,- ասաց ՀՅԴ-ական պատգամավորը:

Հարցին՝ ի՞նչն է Հայաստանն այս տարիների ընթացքում կարողացել լուծել ԵԱՏՄ-ում, Արմեն Ռուստամյանը պատասխանեց, որ ինքն այս ոլորտում մասնագետ չէ, հարկավոր է հաշվետվություն ներկայացնել, քննարկել այն տող առ տող:

Դիտարկմանը, թե «Ելք»-ն իր ներկայացրած նախագծում թվարկել է ձախողումները, Արմեն Ռուստամյանն ասաց, որ դա իրեն բավարար չէ, թեպետ ընդունում է՝ կան հարցեր, որոնք Հայաստանը լիարժեք օգտագործել չի կարողացել:

«Հարցը պետք է նորից դիտարկվի, հասկանանք, թե Եվրամիության կողմից տրամադրված նոր հնարավորությունն ինչ դռներ է մեզ համար բացում, լիարժեք օգտագործենք ի շահ մեր պետության»,- նշեց նա:

Հարցին՝ ԵԱՏՄ-ն ի՞նչ է տվել Հայաստանին անվտանգության ապահովման ոլորտում, Արմեն Ռուստամյանը պատասխանեց. «Պարզ չէ՞, որ մեր անվտանգության դիրքերն ամրապնդվել են: Մենք պատերազմ ենք հաղթել, որը բոլորովին վերջերս պարտադրվել էր մեզ Ադրբեջանի կողմից: Փաստը մնում է փաստ չէ՞, թե մենք ինչ ռեսուրսով ենք կարողացել հաղթել այդ պատերազմը: Դա ակնհայտ փաստ է չէ՞»:

Ճշտող հարցին՝ նկատի ունեք, որ ռուսական աջակցությա՞մբ ենք հաղթել ապրիլյան պատերազմը, ապա Արմեն Ռուստամյանը պատասխանեց. «Բա ինչո՞վ են կռվել մեր զինվորները: Դուք պարզապես տեղյակ չեք հարցից: Դուք երևի տեղյակ չեք, թե ինչ է նշանակում պաշտպանություն ասվածը: Պաշտպանությունն ամբողջական համալիր է, ոչ միայն մարդիկ են կարևոր, այլև՝ դա զենք զինամթերք ունենալու խնդիր է: Ռեսուրս պետք է ունենաս: Սրա մասին է խոսքը»:

tert.am

Տպել Տպել