Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակության պաշտոնական այցը Սանկտ-Պետերբուրգ

Ս.թ. սեպտեմբերի 6-9ը կայացել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակության պաշտոնական այցը Սանկտ-Պետերբուրգ: Պատվիրակության կազմում էին քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը, Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Հովհաննես Վարդանյանը և քաղաքապետարանի այլ պատասխանատու աշխատակիցներ:

Սեպտեմբերի 6-ին Սմոլնիում տեղի է ունեցել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանդիպումը Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոյի հետ:

Հադիպմանը մասնակցել է նաև Սանկտ-Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանը:

Ողջունելով Երևանի քաղաքապետին` Սանկտ Պետերբուրգի նահանգապետը նշել է, որ Երևանը ՌԴ հյուսիսային մայրաքաղաքի համար կայուն և վստահելի գործընկեր է: Նա վստահեցրել է որ Երևանի օրերը Սանկտ Պետերբուրգում կանցնեն հավուր պատշաճի և մեկ անգամ ևս հնարավորություն կընձեռեն պետերբուրգցիներին ավելի լիարժեք ծանոթանալու հայկական մշակույթին:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը նկատել է, որ Սանկտ Պետերբուրգում Երևանի օրերի անցկացումը մեկ անգամ ևս փաստում է երկու քաղաքների միջև ձևավորված հարաբերությունների բարձր մակարդակի մասին:

Կողմերն կարևորել են այցի շրջանակում կլոր-սեղան քննարկումների կազմակերպումը` նկատելով, որ դրանք հրաշալի հարթակ են քաղաքային տնտեսության տարբեր ոլորտների ուղղությամբ իրականացվող համագործակցության ծրագրերի ընթացքը քննարկելու և առաջիկա անելիքները նախանշելու համար:

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոյի պաշտոնական հանդիպումից հետո Սմոլնիում կայացել է համագործակցության հուշագրերի ստորագրման արարողություն:

Երկուստեք կապերի ամրապնդման, ոլորտային համագործակցության և մի շարք ուղղություններով փորձի փոխանակման հուշագիր է ստորագրվել Երևանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցի և Սանկտ Պետերբուրգի Նիկոլայ Ռիմսկի-Կորսակովի անվան երաժշտական ուսումնարանի միջև: Համանման հուշագրեր են ստորագրվել նաև Երևանի Ավետիք Իսահակյանի անվան գրադարանի և Սանկտ Պետերբուրգի Վլադիմիր Մայակովսկու անվան կենտրոնական և Միխայիլ Լերմոնտովի անվան գրադարանների, ինչպես նաև Երևանի համար 181 և Սանկտ Պետերբուրգի համար 489 դպրոցների միջև:

Համագործակցության հուշագրեր են ստորագրվել նաև Երևանի «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի և Սանկտ Պետերբուրգի հ. 1 և h. 19 քաղաքային մանկական հիվանդանոցների, ինչպես նաև Երևանի «Գրիգոր Նարեկացի» ԲԿ-ի և Սանկտ Պետերբուրգի հ. 17 ծննդատան միջև:

Հուշագրերի ստորագրումից հետո կողմերը համոզմունք են հայտնել, որ այս հուշագրերը լրացուցիչ խթան կդառնան համագործակցության ընդլայնման և երկուստեք կապերի ամրապնդման համար, ինչն իր հերթին կծառայի ի բարօրություն Երևանի և Սանկտ Պետերբուրգի բնակիչների:

Հանդիպման վերջում Երևանի և Սանկտ Պետերբուրգի միջև սերտ համագործակցության և փոխադարձ կապերի ամրապնդման գործում ներդրած նշանակալի ավանդի համար Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոյին պարգևատրել է «Արգիշտի առաջին» հուշամեդալով:

Այնուհետև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Սանկտ Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանի ուղեկցությամբ, պաշտոնական պատվիրակության անդամների հետ միասին հարգանքի տուրք է մատուցել հայ ազգային դասական երաժշտական դպրոցի հիմնադիր, մեծ երգահան Կոմիտասի հիշատակին:

Սեպտեմբերի 7-ին Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը և Սանկտ Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանը ներկա են գտնվել Ռուսաստանի ազգային գրադարանում «Աշխարհը էջերում» խորագրով ցուցահանդեսի հանդիսավոր բացման արարողությանը: Ռուսաստանի ազգային գրադարանի ձեռագրերի բաժնում բացված ցուցահանդեսին ներկայացվել են հայերեն լեզվով ձեռագիր գրքեր և փաստաթղթեր, որոնք գրադարանում են պահվում 1805 թվականից:

Այնուհետև Սանկտ Պետերբուրգում անցկացվող Երևանի օրերի շրջանակում Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը և Սանկտ Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանը ներկա են գտնվել Սանկտ-Պետերբուրգի Շտիգլիցի անվան գեղարվեստաարդյունաբերական ակադեմիայում «Իմ Երևան» խորագրով ցուցահանդեսի հանդիսավոր բացման արարողությանը:

Կեսօրին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Սանկտ-Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանի ուղեկցությամբ այցելել է Սանկտ Պետերբուրգի Հայ առաքելական Սբ. Կատարինե եկեղեցի և համդիպում ունեցել տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Սեպտեմբերի 8-ին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Սանկտ-Պետերբուրգի նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոն, Սանկտ-Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանը երևանյան պատվիրակության անդամների հետ միասին ներկա են գտնվել Սանկտ-Պետերբուրգի «Կապելլա» համերգասրահում կազմակերպված գալա-համերգին: Սանկտ Պետերբուրգում Երևանի օրերի շրջանակում կազմակերպված համերգի ընթացքում հայ և ռուս հանդիսատեսին իրենց ելույթներով ողջունել են հայտնի ջազմեն Վահագն Հայրապետյանի ջազ կվինտետը, դուդուկահար Նորայր Քարտաշյանը և «Հովեր» երգչախումբը:

Տպել Տպել