Տեղի է ունեցել Օյունջյան «Աղավնի» արհեստի կենտրոնի ու հյուրատան բացման հանդիսավոր արարողությունը

«Աղավնի» արհեստի կենտրոնը Հովհաննես Օյունջյանի հերթական բարեգործության արդյունքն է: Կենտրոնի բացման հանդիսավոր արարողությանը մասնակցում էին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, ՀՀ Տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը, Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, հյուրեր:

Ողջունելով ներկաներին Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը նշեց. «Ամբողջ մարզի և իմ անունից խոնարհվում եմ Ձեր առաջ, սիրելի դոկտոր Օյունջյան, Ձեր մեծ գործի համար, Ձեր հոգու բարձրության համար, որ նվիրումով, անշահախնդիր ծառայում եք մեր ժողովրդին, մատաղ սերունդներին, ստեղծում եք հնարավորություններ, որ երեխաները ուսում ստանան, արվեստների ու արհեստների հմուտ մասնագետներ դառնան, կերտեն իրենց ապագան, մնան մեր հայրենիքում, ծաղկեցնեն այն, չլքեն ու օտար ափեր չգնան, դա է ամենակարևորը»:

Նյույորքաբնակ հայ բժիշկը 1988-ից հետո հիմնեց «Օյունջյան» բարեգործական հիմնադրամը, որը անցած 20 տարիների ընթացքում Գյումրիում շուրջ 7 մլն դոլարի ներդրում է կատարել, 2000թվականին, հիմնանորոգումից հետո, բացվել է «Օյունջյան» թիվ 21 դպրոցը, 2014-ին` «Վարդուհի» արվեստի դպրոցը, իսկ «Աղավնի» արհեստի կենտրոնի ու հարակից հյուրատան կառուցման աշխատանքներն իրականացվել են երկու տարիների ընթացքում: Նշենք, որ միջոցառման ժամանակ տեղի ունեցավ նաև Հովհաննես Օյունջյանի կիսանդրու բացման արարողությունը, ներկայացվեց նաև բարերարի նորաստեղծ դիմանկարը:

Շիրակի մարզպետարան

Տպել Տպել