Խաղաղության պակասից շատ ենք տուժել

Այսօր աշխարհի մի շարք երկրներում նշվում է «Աշխարհի մեծ դասը»` նվիրված ՄԱԿ-ի «Կայուն զարգացում 2030» օրակարգում ներառված նպատակներին: Օրվա առթիվ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանն այցելել էր Երևանի Հերացու անվան դպրոց, ուր այցելել էին նաև Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանն ու ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչներ:

ԿԳ նախարարը նշեց, որ տեխնոլոգիական առաջընթացն այնպիսի հնարավորություն է տվել, որ աշխարհի որևէ մի անկյունում տեղի ունեցող որևէ իրադարձություն անմիջապես անդրադառնում է մեր կյանքի, կենցաղի ու մտածողության վրա: Ըստ այդմ էլ, ըստ Մկրտչյանի, մենք մեզ զգում ենք մեկ ամբողջական միավորի լիարժեք անդամ:

«Մենք մեկ միավորի լիարժեք անդամ ենք արդեն ավելի քան 25 տարի, քանի որ մեր երկիրը կարողացավ այս տարիների ընթացքում ձևավորել իր անկախությունը: Դուք` աշակերտներդ, անկախության հերթական սերունդն եք: Դուք ծնվել եք անկախ Հայաստանում, մտնելու եք քաղաքացիական պարտավորությունների մեջ անկախ Հայաստանում: Սա նշանակում է` մենք պետք է հասկանանք` ինչի՞ տեր ենք այսօր և ինչո՞վ ենք ներկայանալու աշխարհին: Սրա բանաձևը դեռևս 5-րդ դարում տվել է մեր պատմահայր Խորենացին` ասելով` թեև մենք փոքր ազգ ենք, բայց մեր երկրում էլ, մեր ժողովրդի հետ էլ կատարվում են իրադարձություններ, որոնք արժանի են հիշատակման: Այսինքն` աշխարհում ժողովուրդները հիշվում և հիշատակվում են իրենց անցյալով, ներկայով և ապագային ուղղված նպատակադրումներով»,- ասաց նախարարը:

Մենք, ԿԳ նախարարի բնորոշմամբ, այն ժողովուրդներից ենք, որոնք միշտ կարողացել են իրենց ձեռագիրն ունենալ աշխարհի մեծ գրադարակում, և մեր` ավելի քան 7000 տարվա պատմությամբ իրավունք ունենք այս աշխարհում ունենալու մեր տեսակին համարժեք, միայն մեզ հատուկ մեր փոքրիկ գրադարակը: Այն, ըստ Մկրտչյանի, պետք է էությամբ համամարդկային լինի, ինչպիսին միշտ եղել է, իսկ բովանդակությամբ պետք է մերը լինի. այսպես է նաև աշխարհը հարստանում:

«ՄԱԿ-ը մինչև 2030թ. աշխարհի զարգացման համար տվել է 17 առաջնահերթություն, որոնց իրագործմամբ մարդկությունն ավելի բարձր որակի կհասնի: Այդ առաջադրանքները, իհարկե, մի մասով կլուծվեն մինչև 2030-ը, բայց, ընդհանրապես, մարդկությունն` իբրև ամբողջություն, իր համար միշտ առաջադրանքներ է ստեղծում: Ամենակարևոր առաջադրանքը մենք ստացել ենք աստվածային ձևով` դրանք պատվիրաններն են: Յուրաքանչյուր քաղաքակրթություն ձևավորում է իր սկզբունքները, որոնց կյանքի կոչելու ընթացքում էլ աստիճանաբար կյանքը բարելավվում է: Յուրաքանչյուր սերունդ պարտավոր է իր նախորդ սերնդից որոշ արժեքներ ստանալ և, պահպանելով դրանք, հաջորդ սերնդին ավելի շատ ինչ-որ բան փոխանցել: Եթե մենք կարողանանք փոխանցել ձեզ, բացի անկախությունից, ազատագրված Արցախից, նաև ճանաչված Արցախ ու բարեկեցիկ Հայաստան, դուք էլ ձեր հերթին ձեր հաջորդ սերնդին պետք է ավելին փոխանցեք»,- ասաց ԿԳ նախարարը:

Նա նշեց նաև, որ տարածաշրջանում մեկ ուրիշ ֆունկցիա էլ ունենք` մեր ժողովուրդը շատ է տեսել անարդարություն ու խաղաղության պակասից շատ է տուժել, ուրեմն, ըստ նախարարի, խաղաղության և արդարության հասնելու ամենաուղիղ ճանապարհը մեր ուժեղացումն է: «Պետք է կարողանանք ամեն ինչ անել, որ Հայաստանը շարունակի մնալ կրթության և գիտության երկիր: Բացի այդ` պետք է կարողանանք մեր հասարակարգը պահել ու քարի վրա քար ավելացնել»,- նշեց Մկրտչյանը:

Տպել Տպել