Արցախցին նոր կառավարությունից ազնվություն է ակնկալում

Արցախի ժողովուրդը բոլոր ժամանակների կառավարություններից նույն ակնկալիքներն ունի՝ առաջընթացի բոլոր ոլորտներում: Tert.am-ի հետ զրույցում ասաց Արցախի խորհրդարանի «Դաշնակցություն» խմբակցության պատգամավոր Արմեն Սարգսյանը: Նա նշեց, որ Արցախի կառավարության նոր կազմը, որը բաղկացած է նախորդ նախարարներից և նոր նշանակված երիտասարդներից, կտա իր արդյունքը, որովհետև փորձառությունը կհամատեղվի եռանդի հետ:

– Արցախի կառավարության նոր կազմը հայտնի է: Ի՞նչ սպասումներ ունի բնակչությունը, ի՞նչ է ակնկալում նոր կառավարությունից:

– Արցախցիները կառավարությունից բոլոր ժամանակներում էլ մեկ բան են սպասում՝ ազնվություն, տնտեսական նոր աստիճանի զարգացում: Միշտ էլ ակնկալիքները դրանք են եղել, հիմա էլ՝ ժողովուրդը առաջընթացի է սպասում բոլոր ոլորտներում:

– Հավանաբար, արցախցին նաև սոցիալական վիճակի բարելավումների էլ է սպասում:

– Ինչո՞ւ միայն սոցիալական: Մարդիկ բոլոր ոլորտներում էլ առաջընթաց են ակնկալում: Կառավարություն է ձևավորվել, նոր կազմ է, միայն սոցիալական ոլորտի նախարար չէ, որ նշանակվել է: Արցախն ակնկալում է, որ մեկ աստիճան ավել բարձրանալ, ավելի բարձր մակարդակում լինել, հզորացնել երկիրը, հզորացնել տնտեսությունը, այլ ելք չկա:

– Իսկ նոր նշանակված կառավարությունը համապատասխանո՞ւմ է ժողովրդի սպասումներին, կարո՞ղ է արդարացնել ակնկալիքները:

– Նոր կառավարության կազմը պայմանականորեն կարելի է բաժանել երկու մասի: Առաջինը նախկին նախարարներն են, ովքեր վերանշանակվել են իրենց պաշտոններում, հարուստ փորձ ունեն, երկրորդը՝ նոր նշանակված նախարարներն են, ովքեր հիմնականում երիտասարդներ են: Գնահատելի է, որ աստիճանաբար սերնդափոխություն է կատարվում կառավարման ոլորտում և դա շատ ուրախալի է, որ նոր գաղափարներն ու փորձառությունն աշխատելու են հանուն մեկ նպատակի: Շատ լավ է, որ հանգիստ, խաղաղ սերնդափոխություն է կատարվում: Ժամանակի պահանջները տարբեր են, մարտահրավերները, ռեֆորմները, մոտեցումները տարբեր են ու փորձում ենք վստահ լինել, որ երիտասարդներն ավելի եռանդուն կաշխատեն: Ամենակարևորն այն է, որ փորձառությունն ու երիտասարդությունն իրար լրացնելով կաշխատեն:

– Որպես պատգամավոր՝ տնտեսական զարգացում ապահովելուն միտված ի՞նչ ոլորտ կառանձնացնենք, որի նկատմամբ նոր կառավարությունը պետք է առավել ուշադիր լինի:

– Դժվար է այդ հարցին միանշանակ պատասխանել: Ղարաբաղը գտնվում է պատերազմական վիճակում, Ղարաբաղի համար թիվ մեկը հարցն, իհարկե, պաշտպանությունն է, ժողովրդի անվտանգությունն ապահովելն է: Իհարկե, պաշտպանությունը օգուտ չի կարող ունենալ, եթե տնտեսական լուրջ բարեփոխումներ չլինեն: Բոլոր հարցերը շաղկապված են իրար: Հոգևոր-մշակութային արժեքներն էլ կարևոր են, դրանք են ձևավորում երիտասարդների ոգին, ընկալումները, ովքեր կռվում են մարտի դաշտում, ովքեր ապահովում են մեր պաշտպանությունը: Այնպես որ բոլոր հարցերն էլ կարևոր են, իրար հետ են կապված ու իրարից են կախված, եթե մեկը մյուսին գերագնահատենք, կսխալվենք: Մենք պատերազմը հաղթեցինք հոգևորով: Դրա համար ես կուզեի, որ կառավարությունը համաչափ աշխատեր բոլոր ոլորտների ուղղությամբ, չկենտրոնանար մեկ ուղղության վրա ու մոռացության մատներ մյուսները: 2-րդ համաշխարհային պատերազմի ժամանակ անգլիացի ղեկավարներից մեկն ասում է՝ բա ո՞ւր է մշակույթի բյուջեն, ասում են՝ ինչ մշակույթ, պատերազմ է, ինքն էլ պատասխանում է՝ բա ինչի՞ համար ենք կռվում: Ղարաբաղում փոքր-ինչ այլ է, եթե քննադատում ենք՝ քննադատում ենք հանուն հաջողության, ոչ թե խոսելու համար, եթե քննադատում ենք՝ քննադատում ենք բովանդակային: Մենք փորձում ենք պահել միասնականությունը:

– Եթե հետ հայացք նետենք այն բոլոր փոփոխություններին, որոնք տեղի ունեցան Արցախում՝ խոսքս Սահմանադրության փոփոխությունից բխող փոփոխությունների մասին է, ի՞նչ եզրակացության եկաք՝ տեղի ունեցողը նպաստո՞ւմ է Արցախի զարգացմանը: Հարցս տալիս եմ այն համատեքստում, որ շատերը կարծում են, որ տեղի ունեցող իրադարձությունները ոչ այլ ինչ են, քան իշխանության վերարտադրություն:

– Արցախում մտածելակերպը տարբերվում է: Դուք գիտեք, որ հանրաքվեի ժամանակ ՀՅԴ-ն դեմ էր նախագահական կառավարման այն համակարգին, որը ներկայացվել էր ժողովրդի դատին: ՀՅԴ-ն կողմ էր կառավարման խորհրդարանական համակարգին, որպեսզի Հայաստանն ու Արցախը նույն մոդելն ունենան, նույն դաշտում լինեն: Բայց ընտրվել է այլ տարբերակ, ժողովուրդն «այո» է ասել նախագահական կառավարմանը: Դրանից հետո մեզ մնում էր՝ կա՛մ պատերազմող երկրում քայքայիչ գործողություններ անել, շարունակել պնդել, որ խորհրդարանական կառավարման համակարգն ավելի լավ էր, քան՝ նախագահականը, կա՛մ շարունակել ենթարկվել ժողովրդի որոշմանը՝ մնալով մեր տեսակետին: Մենք պատմություն ենք կերտում, կերտում ենք մեր ամենօրյա կյանքով, և չի կարելի անզգույշ լինել: Ես կարծում եմ, որ իշխանությունների վերարտադրությունը չի կարելի կապել անձի հետ: Եթե ղեկավարները փոխվեն, նրանք բերեն նշանակեն իրենց մարդկանց, չի՞ նշանակում, որ վերարտադրվում է: Իշխանությունների վերարտադրությունը շատ ավելի խորն է, քան պարզապես անձի խնդիրը: Անկախ նրանից՝ ովքեր են իշխանության, պետք է այնպիսի մեխանիզմներ լինեն, որ առանձին անձեր չկարողանան համակարգ փոխել: Այդ անձերը պետք է մեխանիզմներին ենթարկվեն: Դրա համար մենք ասում էինք, որ պետք է խորհրդարանական կառավարման համակարգ: Բայց հանուն ժողովրդի պետք է առաջ շարժվել, ամեն ինչ պետք է անենք, որ ժողովուրդը շահի:

– Ղարաբաղի ներկայիս քաղաքական դասավորումները արցախցու շահի՞ց են բխում:

– Ղարաբաղում ժողովուրդն ու իշխանությունը իրար հակադրված չեն: Իհարկե, քաղաքացիների շահերից է բխում: Ղարաբաղում հակադրություն չկա, պարզապես որոշ մարդիկ մտածում են, որ զարգացմանը կարելի է հասնել մեկ ճանապարհով, մյուսները մտածում են՝ մեկ այլ ճանապարհով:

Տիգրանուհի Մարտիրոսյան

tert.am

Տպել Տպել